Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զատիկ

Կարմիր մեջքին սև, ամենից հաճախ յոթ կետեր ունեցող այդ կլորիկ բզեզին, հավանաբար, բոլորդ գիտեք։ Բզեզի «զատիկ» անվանումը շատ հին է և կապված է, ըստ երևույթին, այն բանի հետ, որ նա երևան է գալիս զատիկ ժողովրդական տոնի օրերին։ Ժողովրդի մեջ այն հայտնի է նաև մարիամ բոլոջ, աստծու եզնակ, չալպղոճ և այլ անուններով։ Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ։ Այդ հեղուկը շատ անդուր համ ունի և խրտնեցնում ու վանում է բզեզի թշնամիներին։ Բայց քչերը գիտեն, որ առաջին հայացքից անվնաս թվացող զատիկը գիշատիչ է։ Կարծում եք, թե նա զո՞ւր է եռանդով վազվզում ճյուղերի ու տերևների վրայով։ Ամենևին։ Նա կեր է փնտրում։ Նրա կերը լվիճներն են՝ մատղաշ բույսերի հյութը ծծող մանր միջատները։ Հենց այդ լվիճներին էլ գտնում և խժռում է զատիկը։ Նա լավ ախորժակ ունի, օրվա մեջ կարոդ է ուտել մինչև 200 լվիճ։ Զատիկի թրթուրն ուտում է գրեթե երկու անգամ ավելի։

Զարյան Նաիրի Եղիազարի

Տխուր, արևախանձ ճանապարհներով քայլում էին տանջված հայ գաղթականները։ Արևմտյան Հայաստանի իրենց պապենական հողերից նրանց տեղահան էին արել, այրել տներն ու այգիները, սպանել տղամարդկանց։ Գաղթականների մեջ էր Խառակոնիս գյուղից մի պատանի՝ փոքրիկ քրոջ հետ։ Ճանապարհին պատանին կորցնում է քրոջը և վշտահար, մեն-մենակ հասնում Երևան, տեղավորվում որբանոցում։ Որբերի անվերջ ցուցակին ավելանում է նոր անուն՝ Հայաստան Եղիազարյան։ 1920 թ. նոյեմբերին Հայաստանում հաստատվում են սովետական կարգեր։ Գյուղացին դառնում է հողի տերը, բանվորը՝ գործարանի, իսկ բանաստեղծները ոգևորված գովերգում են հայրենի երկրի վերածնունդը։ Այդ բանաստեղծների մեջ էր նաև պատանի Հայաստանը, որն արդեն դարձել էր Նաիրի Զարյան։ Նրան խորապես հուզում էր գյուղի վերափոխումը։ Իր նշանավոր «Ռուշանի քարափը» պոեմում և «Հացավան» վեպում Զարյանը կենդանի պատկերներով և կերպարներով նկարագրում է նահապետական վարք ու բարքից, ջրաղացից ու արորից դեպի կոլեկտիվ ապրելակերպը, դեպի տրակտոր գնացող հայկական գյուղը, գյուղացու հոգեբանության մեջ կատարվող փոփոխությունները։ Նաիրի Զարյանը բնավորությամբ ուժեղ մարդ էր, խրոխտ, անընկճելի։ Այդ բնավորությունն առանձնապես երևաց Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Մարդու, ժողովուրդների ազատության վրա կախված ֆաշիստ մարդասպանների մահաբեր սուրը, սովետական հայրենիքին սպառնացող վտանգը բորբոքեցին բանաստեղծի սերն ու ատելությունը։ Պատերազմի հենց առաջին օրը նա գրեց.

Դու քաղցր ես, հող իմ հայրենի,
Չկա քեզնից անուշ անուն,
Բայց վտանգի ահեղ ժամին,
Երբ սպառնում է թշնամին,
Դու ավելի ես քաղցրանում։

Այդ տարիներին Զարյանը լինում է ռազմաճակատներում, այցելում զորամասեր, մարտիկների համար կարդում իր բոցաշունչ բանաստեղծությունները։ Նրա «Ձայն հայրենական» պոեմը հայրենասիրական զգացմունքների ու մտքերի խտացում է, սովետահայ պոեզիայում այդ թեմայով գըրված լավագույն գործերից մեկը։ Զարյանի ստեղծագործության գագաթը «Արա Գեղեցիկ» պատմա-դիցաբանական