Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիրապետում էր քանդակի ու զարդաքանդակի արվեստին։ Նա սիրում էր նաև երաժշտություն, հաճախ իր թավ բարիտոնով արիաներ էր երգում օպերաներից, նվագում կոռնետ ու դաշնամուր, սիրահարված էր թատրոնին։

Թամանյանը ստեղծեց Սովետական Հայաստանի անդրանիկ պետական թատրոնի՝ ժողովրդական տան (հետագայում՝ օպերայի և բալետի պետական թատրոնի) շենքի նախագիծը, որի իրականացման աշխատանքներն առանձնահատուկ տեղ են գրավում նրա կյանքում։ Նա շատ էր շրջում և ուսումնասիրում հայ ճարտարապետական հուշարձանները, յուրացնում ազգային ճարտարապետության լեզուն, նրա կոմպոզիցիոն սկզբունքներն ու միջոցները։

Թամանյանի նախագծով կառուցված այդ շենքի (որտեղ տեղավորված է նաև Ա. Խաչատրյանի անվան համերգասրահը) վեհաշուք տեսքը, գրանիտե խոշոր բլոկների կայծկլտուն ջերմությունը, ճարտարապետական ձևերի խոշորացված չափերն ու համամասնությունները, ծավալների հզոր դինամիկան, ներքին տարածությունների հստակ կառուցվածքը միշտ էլ հիացմունք ու զարմանք են հարուցում։ Եվ պատահական չէ, որ հենց այս նախագիծը Փարիզում, 1937 թ. համաշխարհային ցուցահանդեսում, արժանացավ Մեծ ոսկե մեդալի։

Ալեքսանդր Թամանյանի ստեղծած կառույցների մեջ կա մեկը, որն առանձնապես թանկ է մեզ համար։ Դա Կառավարական տունն է, կառույց, ուր նորովի օգտագործվել են հայ ճարտարապետության ավանդույթները։ Այն գույնի, ծավալների, ռիթմի, քարի պլաստիկության անկրկնելի ներդաշնակություն է ու չի հագեցնում աչքը։ Այն շենք-քանդակ է, որը դարձել է մեր քաղաքի խորհրդանիշը։

Կառավարական տան համար Ալեքսանդր Թամանյանին ետմահու, 1942 թ., շնորհվեց ՍՍՀՄ պետական մրցանակ։

Թամանյանի ստեղծագործություններն ունեն գեղարվեստական մեծ հմայք, շատ արտահայտիչ ձևեր, ներդաշնակ ու գեղեցիկ համաչափություններ և ընդհանրապես օժտված են ճարտարապետության դասական գործերին հատուկ արժանիքներով։

Այդ հոյակապ կերտվածքները նոր խոսք եղան հայ ճարտարապետության մեջ և մեծ ազդեցություն ունեցան Թամանյանի ժամանակի ու հետագա հայ ճարտարապետության ձևավորման վրա։