Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ Թամանյանի ստեղծագործության այս դերի ու նշանակության համար է, որ նրան անվանում են ճարտարապետության մեծ վարպետ և հայ սովետական ճարտարապետության հիմնադիր։

Թանգարան

Դեռևս շատ ու շատ հարյուրամյակներ առաջ մարդիկ սկսել են հավաքել և պահպանել որևէ բանով իրենց համար թանկ ու հիշարժան իրեր և առարկաներ։

Հին Ռուսիայում զենքերի, գրքերի, զարդերի այդպիսի հավաքածուները պահպանվում էին տաճարներում ու մենաստաններում։ Հասարակ ժողովուրդը միայն լսածով գիտեր այդ գանձերի մասին, որովհետև դրանք գրեթե ոչ ոքի չէին ցուցադրում։ Միայն 1719 թ., Պետրոս Առաջինի օրոք, Պետերբուրգում բացվեց այսպես կոչված կունստկամերա՝ արտասովոր իրերի հավաքածու համընդհանուր դիտման համար։ Դա ռուսական առաջին թանգարանն էր։

Հայաստանում թանգարանների նմանվող հաստատություններ եղել են դեռևս մեր թվականությունից առաջ 9–6-րդ դարերում։ Արվեստի կոթողներ էին ժողովված քաղաք-ամրոցներ Տուշպայում, Մուսասիրում, Էրեբունիում (Արինբերդ), Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) կառուցված տաճարներում։

Հետագայում յուրատեսակ թանգարան-ավանդատներ դարձան հին հայկական հեթանոսական տաճարներն ու արքայական պալատները։ Միջնադարյան Հայաստանում արդեն կային իսկական թանգարաններ, որոնք, հայ պատմիչներից մեկի վկայությամբ, երեք տիպի էին՝ արքունի, իշխանական տների և եկեղեցական։ Մեծ վանքերը՝ Սանահինը, Հաղպատը, Հավուց թառը, ունեին հատուկ գանձատներ, որոնք նույնպես թանգարաններ էին։ 19-20-րդ դարերում բացվեցին նորանոր հայկական թանգարաններ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող հայաշատ վայրերում։ Ներկայումս Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում գործում է ավելի քան 42 պետական թանգարան։ Դրանցից են, օրինակ, Հայաստանի հեղափոխության թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի պետական պատկերասրահը, որոնք գտնվում են Երևանում, Հայաստանի ազգագրության թանգարանը Սարդարապատում և այլն։ Այդ թանգարաններում դուք կարող եք տեսնել մեր ժողովրդի պատմությանը, մշակույթին, հեղափոխական անցյալին վերաբերող և շատ ուրիշ հետաքրքիր ցուցանմուշներ, արվեստի ստեղծագործություններ, իսկ նրանցից մի