Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիտնականի փառքն ու համբավը այդ շրջանում սկսեցին արագորեն տարածվել։ Շրջակա գյուղերի բնակիչները, որ նրան մասնագիտական կոչումով էին ճանաչում, կարծում էին, թե ճարտարապետը հատուկ անուն է։ Ինչպես Ավ. Իսահակյանն է հիշում, եղել են դեպքեր, որ գյուղերում նորածինների անունը ճարտարապետ են դրել՝ ի նշան Թորամանյանի նկատմամբ տածած հարգանքի։ Թորամանյանի գործունեության համար արտակարգ բարենպաստ պայմաններ ստեղծվեցին Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, երբ ողջ խորությամբ դրսևորվեց անխոնջ գիտնականի հետազոտական տաղանդը։ Նա հիմնավորապես ցույց տվեց հայկական ինքնուրույն ճարտարապետության գոյությունը։ Նրա աշխատությունների շնորհիվ ռուս և արևմտաեվրոպական շատ գիտնականներ վերանայեցին իրենց սխալ տեսակետները հայկական ճարտարապետության վերաբերյալ։ Այն, ինչ արեց Կոմիտասը երաժշտության բնագավառում՝ հայ ազգային երգերը հավաքելու, մշակելու և աշխարհին ներկայացնելու ուղղությամբ, նույնն արեց Թորամանյանը ճարտարապետության բնագավառում հուշարձանները հայտնաբերելու, ուսումնասիրելու, դրանց միջազգային ճանաչում բերելու առումով։ Նա իրավամբ համարվում է հայ ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրը։ Թորամանյանը ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությանը և արժեքավորմանը զուգահեռ մեծ գործ կատարեց նաև դրանց պահպանման, վերականգնման և ժողովրդականացման ուղղությամբ։ Նրա ստեղծագործական սերտ կապը և բարեկամությունը Ալեքսանդր Թամանյանի հետ ունեցան փոխադարձ բարերար նշանակություն. Ժամանակակիցները վկայում են Թորամանյանի բացառիկ համեստության ու պարզության մասին։ Նա իր արտաքինով և առօրյա կենցաղով քիչ էր տարբերվում այն գեղջուկներից, որոնք օգնում էին նրան պեղումների ու չափագրությունների ժամանակ։ Գիտնականի բնավորության այդ գծերը առանձնակի շեշտված են Մարտիրոս Սարյանի կերտած հիանալի դիմանկարում։ Թորամանյանի աշխատությունների հիմնական մասը՝ երկու ստվարածավալ հատորներով, լույս տեսավ գիտնականի մահից հետո՝ «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» խորագրով։ Ճայ ճարտարապետության ուսումնասիրության բնագավառում աչքի ընկած գործիչներին խրախուսելու նպատակով 1949 թ. սահմանվել է Թորոս Թորամանյանի անվան մրցանակ. Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։ «Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, ապա Թորոս ճարտարապետը այդ քարացածը վերածել է կենդանի երգի։ Նա մեր հոյակապ ավերակների և հուշարձանների նույնքան հոյակապ երգիչն է»,–նրա մասին ասել է Ավ. Իսահակյանը։ Ռոսլին 1262 թ. գարնանային մի օր Սիս մայրաքաղաքից Հռոմկլա ամրոց հասավ արքունի սուրհանդակը և, հարցուփորձելով, գտավ մեծահամբավ մանրանկարիչ Թորոս Ռոսլին

Թորոս Ռոսլինի

Միջերկրական ծովի ափին գտնվող Հայկական Կիլիկիայում շատ մանրանկարիչներ են եղել, բայց նրանց մեջ ամենանշանավորը Թորոս Ռոսլինն էր։ Նա գրքեր էր ընդօրինակում և դրանք պատկերազարդում ամենանրբին արվեստով։ Մագաղաթի վրա նրա գեղազարդած խորաններն ու լուսանցազարդերը՝ միահյուսված զանազան տեսարաններով, ապշեցնում ու հիացնում էին դիտողին։ Նրա մասին ասում էին, թե յուրաքանչյուր էջի վրա մի տաճար է մանրակերտում։