Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց և այնպես, շատ դեղերի պատրաստման համար առաջվա պես անհրաժեշտ են բուժիչ խոտեր ու բույսեր։ Դրանք հավաքում են ամռանը, մարգագետիններում, դաշտերում ու անտառներում։ Եվ այդ գործում ավագների հուսալի օգնականներն են երեխաները։

Հնագիտական պեղումներ

Դարերի ընթացքում մարդու կացարանի շուրջը գոյանում են հողի շերտեր, որոնցում պահպանվում են անցյալի հետքեր, ամեն տեսակ աղբ, հագուստի, սննդի մնացորդներ (օրինակ, կենդանիների ոսկորներ), ամանների կտորտանք, կորսված դրամներ, կոճակներ և այլն։ Դա հողի «մշակութային շերտն» է:

Ողջ հողագնդի վրա հնագետ-գիտնականները կատարում են պեղումներ։ Հողի մեջ հաճախ գտնում են ոչ միայն հինավուրց առանձին իրեր, այլև անցյալում հարուստ և աշխույժ քաղաքների ավերակներ, որոնց բնակիչները ինչ-որ ժամանակ լքել են դրանք կամ զոհ գնացել հրդեհների, պատերազմների, տարերային աղետների, սարսափելի հիվանդությունների։

Հնում, երբ մարդը մահանում էր, նրա գերեզմանում դնում էին զենքեր, ուտելիք, բազմապիսի զարդեր, ամաններ։ Պատահում էր, գերեզմանի վրա հողե բարձր թումբ էին սարքում, և այն դառնում էր դամբարանաբլուր։ Այդպիսի բազմաթիվ գերեզմանատներ