Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու դամբարանաբլուրներ պահպանվել են մինչև մեր օրերը։ Հնագետները դրանք պեղում են և գտնում զանազան, երբեմն՝ ապշեցուցիչ գեղեցկությամբ իրեր։

Ոչ մի դեպքում չի կարելի պեղումներ կատարել գիտնականների բացակայությամբ, չէ որ անգիտության կամ անզգուշության հետևանքով պեղողը կարող է չնկատել կամ փշրել հնությունից փխրուն դարձած առարկաները, կամ իրար խառնել այն շերտերը, որտեղ գտնվում են դրանք։

Հնագետները մատներով շոշափում, տնտղում են հողի յուրաքանչյուր պտղունցը՝ ջանալով չվրիպել ամենափոքր խեցեկտորը կամ ուլունքը: Հատուկ դանակով ու վրձնով նրանք խնամքով հողից մաքրում են փխրուն, հաճախ կիսաքայքայված առարկաները։

Հնագիտական պեղումները ժամանակակից պատմաբաններին օգնում են իմանալու, թե ինչպես են ապրել մեր նախնիները։

Օրինակ, բազմաթիվ պեղումներ կատարելով Սովետական Միության վիթխարի տարածքում, սովետական հնագետ-գիտնականները հետազոտել են մեր մեծ հայրենիքի պատմությունը՝ սկսած նախնադարյան ժամանակներից: Նրանց հայտնագործություններն ու գտածոները կրկին ապացուցեցին, օրինակ, որ մինչև մոնղոլ-թաթարների արշավանքը Ռուսիան եղել է Եվրոպայի առաջավոր երկրներից մեկը։

Բազմաթիվ հնավայրեր կան նաև Հայաստանի տարածքում, որոնց պեղումներն սկսվել են դեռևս 19-րդ դարի 70—80-ական թվականներին: Այժմ արդեն պեղված են և շարունակվում են պեղվել քարի դարի և մետաղների դարերի, ինչպես նաև միջնադարյան բազմաթիվ դամբարանադաշտեր, հնագույն բնակավայրեր, բերդեր և հնագիտական այլ հուշարձաններ։ Առանձնապես արժեքավոր են Լճաշենի, Շենգավիթի, Մեծամորի, Էրեբունիի, Կարմիր բլուրի, Արմավիրի, Դվինի, Անիի, Ամբերդի և էլի շատ ու շատ հնավայրերի պեղումները: Դրանցից յուրաքանչյուրը պատկերացում է տալիս որոշակի ժամանակաշրջանում մեր ժողովրդի պատմության, տնտեսության, հասարակական կյանքի, մշակույթի և այլ բնագավառների մասին։

Հնագիտական պեղումների շնորհիվ ապացուցված է, որ Հայկական լեռնաշխարհը մարդու բնակության հնագույն կենտրոններից և մարդկային քաղաքակրթության օրրաններից մեկն է։