Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգի մարդ է» կամ՝ «Նա գեղեցիկ հոգի ունի»:

Հավերժ կենդանի հոգու մասին հեքիաթը ծնվել է անմահության մասին մարդու երազանքից: Բայց մի՞թե մարդկային ձեռքերի, մտքի, տաղանդի կերտվածքները, որոնց մեջ, ինչպես հաճախ ասում են, «հոգի է դրված», անմահության ճամփան չեն բռնել: Մարդկությունը հիմա էլ սքանչանում է այն ամենով, ինչ ստեղծել են վաղուց անցած սերունդները, կերտել հին ժամանակների ճարտարապետները, երկնել անցյալի մեծ բանաստեղծները:


Հոլ

Գետնին պտտվում է ձեր սիրած խաղալիքներից մեկը՝ հոլը: Փորձեք մատի թեթև հարվածով տապալել այն: Չստացվեց, չէ՞: Դա էլ հենց հոլի գլխավոր հատկությունն է. քանի դեռ այն պտտվում է, պահպանում է պտույտն սկսելու պահին իր առանցքի ունեցած դիրքը: Եթե այդ առանցքի մի ծայրն ուղղեք ճիշտ դեպի հյուսիս, ապա կունենաք պատրաստի կողմնացույց: Այն սարքերը, որտեղ օգտագործվում են հոլի հատկությունները, կառավարում են նավեր, ինքնաթիռներ և, նույնիսկ, հրթիռներ: Հոլի հատկություններն ուսումնասիրում են հարյուրավոր կոնստրուկտորական բյուրոներ, գիտական ինստիտուտներ:

Նայեցեք նկարին: Այնտեղ պատկերված սարքը կոչվում է գիրոսկոպ (հունարեն «գիրոս»՝ շրջան և «սկոպեո»՝ դիտել բառերից): Գիրոսկոպը նավերում ու ինքնաթիռներում տեղադրվող բազմաթիվ սարքերի գիրոկողմնացույցի, ավտոշտուրմանի, ավտողեկի և ավտոօդաչուի «սիրտն է»: Գիրոսկոպը հրթիռին օգնում է թռչելու ճիշտ տրված ուղղությամբ, առանց գիրոսկոպի արբանյակը Տիեզերք դուրս չի բերվի:

Ինչպե՞ս է աշխատում ավտոօդաչուի գիրոսկոպը: Ենթադրենք, ինքնաթիռը հանկարծ շեղվում է իր ուղղությունից: Բայց արի ու տես, որ հոլը «չի ուզում» թեքվել և ազդանշան է տալիս՝ միացնում է ղեկի մեխանիզմի շարժիչը: Սա սկսում է աշխատել, շրջում է ինքնաթիռի ղեկը, և ինքնաթիռը վերադառնում է իր ճիշտ ուղղությանը:

Հոլի սկզբունքով աշխատող սարքերն օգնում են պայքարելու ծովային նավերի ճոճումների դեմ: Ալիքը ձգտում է թեքել նավը, բայց արագ պտտվող ծանր հոլը պահում է նավի հավասարակշռությունը: Դրա շնորհիվ ուղևորներին չի սպառնում ծովային հիվանդությունը, նավի շարժիչներն էլ ավելի լավ են աշխատում ու ավելի երկար ծառայում:


Հոկեյ

Տափօղակով հոկեյ խաղացողներն իրենց մարզական հանդերձանքով հիշեցնում են միջնադարյան զրահակիր ասպետների: Նրանք հագնում են ուսապանակներ ու արմնկապանակներ, վահանակ-ծնկակալներ և պինդ միջադիրներով կիսավարտիքներ, իսկ այս ամենի վրայից՝ սվիտեր: Ձեռքերին կաշվե ձեռնոցներ են, գլխին՝ սաղավարտ: Այլ կերպ չի կարելի, որովհետև այս ամենասրընթաց խաղում անխուսափելի են թափով բախումները, վայր ընկնելը և սառցապատ խաղադաշտի կողերին խփվելը:

Դարպասապահը, այս ամենից զատ, ոտքերին ամրացնում է հաստ վահանակներ, իսկ դեմքը ծածկում մետաղալարե դիմակալով կամ պլաստմասսայե դիմակով: Չէ որ նա հաճախ ստիպված է լինում ետ մղելու ժամում ավելի քան 100 կմ արագությամբ սլացող տափօղակը:

Ոմանց թվում է, թե հոկեյում ամեն ինչ թույլատրվում է: Ամենևին էլ ոչ: Օրինակ, իրանով կարելի է հրել տափօղակին տիրող մրցակցին, բայց չի կարելի նրան սեղմել խաղադաշտի կողին կամ հրել ձեռքերով: Արգելվում է հարձակվող մարզիկի ճանապարհը փակել մականով, ծնկով, չմուշկով: Եվ, իհարկե, անթույլատրելի է ոտք գցելը, խաղի կանոնների այդպիսի խախտումների