Իսկ հետո, երբ լասերով դարսված հացահատիկը լրիվ հասունանում է, առջևի մասում արդեն ոչ թե հնձիչ, այլ հատուկ հավաքիչ ունեցող կոմբայնը հավաքում է լասերն ու կալսում: Բերքահավաքի այս եղանակն անվանում են անջատ եղանակ:
Հնչյուններ և տառեր
Հայերենը նոր սովորող մի մարդ թելադրություն էր գրել: Մի նախադասություն գրված էր այսպես «Յէս յէվ Յէրվանդը յէրքում էյինք»: Երբ նրան դիտողություն արեցին, որ բոլոր բառերը սխալ է գրել՝ օգտագործելով ավելորդ տառեր, «գ» տառի փոխարեն էլ «ք» է գրել, շատ զարմացավ՝ ինչո՞ւ է սխալ, ինչպես լսել, այնպես էլ գրել է, քանի հնչյուն է լսել, այնքան էլ տառ է գրել: Ճիշտ է, տառը հնչյունի գրավոր նշանն է, բացատրեցին նրան, բայց միշտ չէ, որ միևնույն հնչյունը գրվում է նույն տառով և միշտ չէ, որ տվյալ քանակի հնչյուններին համապատասխանում են նույն քանակի տառեր:
Հնչյունը լեզվի ձայնային ամենափոքր միավորն է, որ արտասանում ենք և լսում: Նախնադարյան մարդիկ հաղորդակցվում էին միայն խոսելով և լսելով՝ բանավոր: Հետագայում անհրաժեշտ դարձավ գրավոր հաղորդակցումը, և մարդիկ ստեղծեցին նախ բառերի, ապա՝ վանկերի, հետո էլ հնչյունների գրային նշանները՝ տառերը: Հայ գրերը ստեղծելիս Մեսրոպ Մաշտոցը, քիչ բացառությամբ, յուրաքանչյուր հնչյուն արտահայտեց մեկ տառով: Հետագայում մի շարք բառերի արտասանության և ավանդական գրության միջև առաջացան տարբերություններ: Դա վերաբերում է մեծ մասամբ բաղաձայններին: Օրինակ, այժմ գրում ենք վարդ, օձ, նուրբ, երգ, արտասանում՝ վարթ, օց, նուրփ, երք: Քիչ դեպքերում այդպիսի փոփոխության ենթարկվում են նաև ձայնավորները: Օրինակ, հին հայերենում «օ» հնչյունն արտահայտել են «աւ» («ւ»-ն առանձին արտասանվել է «վ») տառակապակցությամբ. հոր բառը գրել են հաւր, մոր՝ մաւր և այլն: Ժամանակակից հայերենում կան տառեր, որոնք արտահայտում են երկու կամ երեք հնչյուն: Օրինակ, «ո» տառը երբեմն արտասանվում է վօ (որդի-վօրդի, որթ-վօրթ), ե-ն՝ յէ (երեխա-յէրեխա, երկու-յէրկու), և-ը՝ յէվ («և» շաղկապը) կամ էվ (Սևան-Սէվան, բարև-բարէվ):
Պատահում է նաև, որ հնչյունը լսվում է, բայց գրության մեջ որևէ տառով չի արտահայտվում: Այսպես, արտասանում ենք հըրել, քըրքըրել, ըսկիզբ, աստըղ, հիյանալ, ժողովածույի, բայց գրում՝ հրել, քրքրել, սկիզբ, աստղ, հիանալ, ժողովածուի:
Այս երևույթները հանդիպում են նաև ուրիշ լեզուներում: Ռուսերենում արտասանում ենք յա, բայց գրում մեկ տառ՝ я, գերմաներեն sch տառակապակցությունն արտահայտում է մեկ հնչյուն՝ շ: Այնպես որ, պետք է լավ իմանալ, թե տվյալ լեզվում որ հնչյունները երբ են գրվում մեկ տառով, երբ է հնչյունը լսվում, բայց չի գրվում, երբ է հնչյունի համապատասխան տառի փոխարեն այլ տառ գրվում, որպեսզի գրավոր խոսքում խուսափենք սխալներից:
Հոգի
Անցյալում կարծում էին, թե մարդը, մարմնից անկախ, ունի նաև հոգի՝ անմարմին, ստվերի նման մի բան: Եվ այդ հոգին, իբր, մարդու մահից հետո թռչում հեռանում է նրա մարմնից:
Գիտությունը հերքեց հոգու մասին եղած հեքիաթաբանությունները, բայց խոսակցության մեջ մենք այսօր էլ օգտագործում ենք հոգի բառը, միայն թե բոլորովին այլ իմաստով:
Հոգի ասելով մենք այժմ հասկանում ենք մարդու միտքը, զգացմունքները, ունակությունները: Եթե մարդը չար է, նախանձոտ, ագահ, մենք ասում ենք, որ նրա հոգին նողկալի է, զազրելի: Խելոք, բայց վառ հույզերից զուրկ, տաղտկալի ու չոր մարդուն անվանում ենք անհոգի: Իսկ խելացի, բարի, սիրո և բարեկամության ընդունակ մարդու մասին ասում ենք. «Նա