Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եվրոպական նկարիչների գործերը տեսած մարդիկ անգամ իրենց դիմանկարները նրան էին պատվիրում: Տարբեր նկարիչների ստեղծած դիմանկարների մեջ անփորձ աչքն անգամ առանձնացնում է նրա կերտած դիմանկարները, որոնք հատկանշվում են իրենց անմիջականությամբ ու բանաստեղծական վեհությամբ: Օրբելյանների, Մելիքովների, Անանյանի, Նադիրյանի, Ներսես կաթողիկոսի զուսպ, ինքնամփոփ դիմանկարները զարմացնում են իրենց կատարողական պարզությամբ ու բնորդի ներաշխարհի խոր ընկալմամբ: Ընդամենը երեք-չորս գույնի օգտագործումով նա ստեղծել է գունառատ դիմանկարներ: Հակոբ Հովնաթանյանն աննախադեպ բարձրության հասցրեց իր նախնիների արվեստը:

Մեծ նկարչի աճյունը հանգչում է Թեհրանի հայկական եկեղեցու բակում: Հանճարեղ վրձնով կերտված նրա ստեղծագործություններն անմահ են, քանի որ անմահ է գեղեցիկը, ճշմարիտը:

Հովտաշուշան

Մեծ ծառերի ստվերում, խիտ խոտերի մեջ թաքնվել է մի ծաղիկ: Նրա երկու օվալաձև, սրածայր տերևների միջև բարձրանում է երկար ու բարալիկ ցողունվրան մի քանի փոքրիկ, սպիտակ զանգակներ: Դա հովտաշուշանն է, որի ծաղիկներն ու տերևներն անմիջապես ճանաչվում են: Բայց, երևի, նույնիսկ նա, ով սիրում է այս ծաղիկը և հաճախ ինքն էլ քաղում է, չգիտե, որ հովտաշուշանը նաև իսկական, խոշոր ու կարմիր պտուղներ է ունենում: Պտուղները լավ նկատվում են, բայց մարդիկ դրանք չեն տեսնում, որովհետև հովտաշուշանով հետաքրքրվում են միայն գարնանը՝ նրա ծաղկելու ժամանակ: Իսկ պտուղը, որը շատ նման է հատապտղի, հայտնվում է ամռան վերջին: Սակայն այդ հատապտուղն ուտել չի կարելի, որովհետև այն, ինչպես և ծաղիկը, թունավոր է:

Հովտաշուշանը գեղեցիկ, բուրումնավետ ծաղիկ չէ միայն: Նրանից նաև դեղանյութ են պատրաստում սրտային հիվանդների համար:

Հովտաշուշանն առատորեն աճում է լուսավոր անտառներում, թփուտներում: Նրա մի տեսակը՝ մայիսյան հովտաշուշանը, մշակում են իբրև դեկորատիվ բույս զբոսայգիներն ու պուրակները զարդարելու համար:

Հոտ

Հոտը, բուրմունքը մեզ շրջապատում են ամենուր: Բուրում է ծաղիկը, դեպի ափ վազող ալիքը, եղևնու կոնը, հացի կտորը, հոտ է արձակում փտող կոճղը, ցանցի մեջ թպրտացող ձուկը: Հոտը գրեթե այն ամենի անբաժանելի նախանշանն է, ինչ շրջապատում է մարդուն: Անհոտ կերակուրը անհամ կթվար:

Վաղուց ի վեր մարդը բազմաթիվ հոտերից առանձնացրել է տհաճներն ու բուրավետները: Մի մասից զզվում էր, մյուսները նրան հաճույք էին պատճառում, և նա աշխատում էր դրանք պահպանել իր կացարանում: Հին ժողովուրդներից շատերն ունեին մարմինը հոտավետ խեժերով, բուրումնավետ խոտերով շփելու սովորույթ: Աստվածներին անուշահոտություններ էին զոհաբերում, խունկ էին ծխում, հուսալով, թե փոխարենը նրանք հաջողություն կպարգևեն խաղաղ գործերին ու ռազմական արշավանքներին: Այն ժամանակներում հոտը համարվում էր անտեսանելի և հզոր ոգիների ծնունդ:

Անցան հազարամյակներ, և մարդը հայտնաբերեց հոտի աղբյուրները՝ հոտավետ նյութերը: Իսկ հետո սովորեց ինքն ստեղծել դրանցից առավել բուրումնավետներն ու օգտակարները: Միաժամանակ, ի հայտ եկան հոտավետ նյութերի շատ նոր «մասնագիտություններ»: Արդեն 7 հզ տարի հայտնի կամֆորան դարձավ սրտային հիվանդներին բուժող դեղանյութ, ինչպես նաև նորագույն նյութերի՝ պլաստմասսաների, բաղադրիչ մասերից մեկը: Պտուղները խնկով ծխահարելիս արագանում է նրանց հասունացումը:

Այժմ կիրառություն են գտել նույնիսկ տհաճ հոտերը: Աֆրիկայում, օրինակ, դաշտերը գետաձիերի ներխուժումից պաշտպանում են առյուծի հոտ արձակող հեղուկով: Զզվելի հոտ ունեցող մերկապտան նյութն ավելացնում են խոհանոցի գազօջախում այրվող գազին, որի հոտը զգալի չէ: Գազի նվազագույն արտահոսքի մասին հաղորդում է սուր հոտ արձակող մերկապտանը:

Իսկ լաբորատորիաներում ստեղծվում են նորանոր բուրմունքներ: Դրանք ստեղծում են կոմպոզիտորները, բայց, անշուշտ, ոչ նրանք, որ երաժշտություն են գրում: Հասարակ շատ բուրմունքներից նրանք կազմում են բարդ համակցություններ՝ կոմպոզիցիաներ, բուրմունքների իսկական