փնջեր։ Այս բուրմունքները նույնպիսի բավականություն կարող են պատճառել, ինչպես արվեստի հիասքանչ գործերը: Դրա հետ մեկտեղ նրանք նաև ներգործում են տրամադրության վրա, բարձրացնում աշխատունակությունը։
Գիտնականները դեռևս ճշգրիտ չեն պարզել, ինչ է հոտը, ինչպես ենք մենք այն զգում։ Ոմանք գտնում են, որ հոտառությունը նման է համի զգացողությանը։ Դա նշանակում է, որ մենք հոտն զգում ենք այն ժամանակ, երբ նյութի մանրագույն մասնիկներն ընկնում են քթի խոռոչի լորձաթաղանթի վրա։ Ուրիշները ենթադրում են, որ հոտը կախված է նյութի մասնիկների ձևից։ Մարդու քթի խոռոչում, նյարդային վերջավորությունների վրա, կան տարբեր ձևի փոսիկներ։ Երբ կոնաձև մասնիկներն ընկնում են կոնաձև փոսիկների մեջ, մենք մի տեսակի հոտ ենք զգում, երբ ձվաձև մասնիկներն են ընկնում ձվաձև փոսիկների մեջ մեկ այլ, և այդպես շարունակ։
Գիտնականների մի մասն էլ գտնում է, որ հոտը ռադիոալիքների նմանվող ինչ-որ ալիքներ են։ Այնուամենայնիվ, այն հարցում, թե ինչ է հոտը, շատ բան դեռ անորոշ է մնում։
Հորդանան
-տես Մերձավոր Արևելք
Հռիփսիմեի տաճար
Հայ ժողովրդի պատմական անցյալի նրա ստեղծած հոգևոր ու նյութական արժեքների մասին մենք տեղեկություններ ենք քաղում ոչ միայն ժամանակի արհավիրքներից փրկված մագաղաթե մատյաններից, այլև հայրենի լեռնաշխարհով մեկ սփռված բազմաթիվ ու բազմապիսի քարակերտ կոթողներից' պատմաճարտարապետական հուշարձաններից։ Դրանք եկեղեցիներ են ու կարավանատներ, ամրոցներ ու պալատներ, դամբարաններ ու կամուրջներ։ Այդ կառույցները, որ տարբեր ժամանակներում կերտել են մեծաշնորհ ու քրտնաջան հայ վարպետները, մարմնավորում են մեր ժողովրդի գեղարվեստական ճաշակն ու մտածելակերպը, ճարտարագիտական տաղանդը։
Ամբողջական կանգուն հուշարձաններ քիչ են պահպանվել։ Դրանցից է հայկական ճարտարապետական հանճարի գլուխգործոցներից մեկը' Հռիփսիմեի տաճարը, որը կառուցվել է 7-րդ դարում 17-րդ դարում տաճարը նորոգել են, ապա արևմտյան ճակատին կից կառուցել այժմյան զանգակատունը, ավելի ուշ պարսպապատել են, լրացրել օժանդակ շինություններով։
Երևանից էջմիածին տանող ճանապարհին, էջմիածին դեռ չհասած, արդեն նշմարվում է ամրակուռ, կարծես մեկ ամբողջական քարից կերտված կառույցը իր յուրատիպ հորինվածքով։ Հետզհետե մոտենալով տաճարին և տեսադաշտից մտովի հեռացնելով հետագա դարերի բոլոր շինությունները, կարելի է պատկերացնել, թե ինչպիսին են եղել տաճարի դիրքն ու նրա շրջապատի համայնապատկերը հնում։ Այդ հոյաշեն, վեհ ու ոգեշունչ, զուսպ կերպարով կառույցը մեն-մենակ կանգնած է եղել պատմական Վաղարշապատի (այժմ Էջմիածին) պարիսպներից դուրս ընկած բլրակի վրա, որտեղից տեսանելի էին քաղաքի պարիսպները, այգեզարդ Արարատյան դաշտը, վեհաշուք Զվարթնոցի ուրվապատկերը, Մասիսներն ու Արագածը։ Հայոց բնաշխարհն ինքը, որ ասես ճարտարապետական մի կերտվածը է, ճարտարագործ հայ վարպետներին միշտ թելադրել է