յոթանասունն են, որոնցից հատկապես ահարկու են Կամչատկայում գտնվող Ավաչինսկայա սոպկա և Կլյուչևսկայա սոպկա հրաբուխները։
Հրաբուխները երկար տարիներ «քնած են մնում», նրանց ճեղքերից դուրս եկող թեթև ծուխն ու գոլորշին են միայն մարդկանց հիշեցնում, որ հրաբուխը կարող է «արթնանալ»։ Բայց ահա աստիճանաբար սաստկանում են ստորգետնյա դղրդոցն ու ցնցումները։ Կանխազգալով աղետը՝ փախուստի են դիմում գազաններն ու թռչունները։ Խառնարանից լեռան գագաթին գտնվող ձագարաձև իջվածքից, բարձրանում է սև ծխի ու մոխրի սյունը և պատում հրաբուխը։ Լսվում է թնդյուն։ Շուրջը մթնում է։ Երևում է միայն, թե ինչպես են վեր նետվում շիկացած քարերը՝ հրաբխային ռումբերը։ Վրա է հասնում ամենասարսափելի պահը խառնարանից դուրս է հորդում հրահեղուկը՝ հալված ապարները։ Հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին։ Ապա սառչելով գետինը պատում է քարե կեղևով։ Հրահեղուկը հոսում տարածվում է տասնյակ կիլոմետրեր։ Հրաբուխն աստիճանաբար հանդարտվում է ու «քուն մտնում»։ Բայց ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին է թափվում քամուց քշված մոխիրը։
Ինչո՞ւ են ժայթքում հրաբուխները։
Ռադիոակտիվ նյութեր պարունակող ապարները երկրի ընդերքում շատ ուժեղ տաքանում են և փոխակերպվում հրահեղուկ զանգվածի մագմայի, որը հագեցած է գազերով։ Գազերն այնքան ուժեղ են ճնշում, իսկ մագման էլ այնքան տաք է, որ նրա վերևում գտնվող ապարների հաստվածքում գոյանում են ճեղքեր։ Ահա այդ ճեղքերով էլ մագման դուրս է հորդում Երկրի մակերևույթ։
Հրաբուխների մասին է պատմում հետևյալ գիրքը՝
Дижур Б. А. От подножия до вершины М. «Дет лит», 1967․
Հրետանի
Հրետանային առաջին կրակոցը Եվրոպայում որոտացել է ավելի քան 6 դար առաջ, երբ արաբ հրետանավորներն սկսեցին կրակել իսպանական Սարագոսա քաղաքի վրա։ Արաբներն իրենք հրանոթային հրաձգության գաղտնիքներն իմացել էին չինացիներից ու հնդիկներից։
Այն ժամանակվա հրանոթը շատ պարզունակ էր փայտե հենարանով երկաթե մի խողովակ։ Կրակում էին քարե կամ մետաղե ռմբագնդերով ոչ հեռու և ոչ դիպուկ։ Բայց զորավարներն արդեն հասկանում էին, որ հրետանին մեծ ապագա ունի։
Տարբեր երկրներում սկսեցին կատարելագործել նոր զենքը։ Այսպես, ֆրանսիացիները հրանոթի փողն ամրացրին երկու անվի վրա։ Մարտի ժամանակ ֆրանսիական հրետանին կարողանում էր արագորեն մի դիրքից մյուսն անցնել, և ֆրանսիացիները հաղթում էին թշնամուն, որն իր հրանոթները տեղից տեղ էր քարշ տալիս սայլերով։ Հրետանային գործում բազմաթիվ այլ բանակներից առաջ անցավ ռուսական բանակը Վարպետներ Դանիլովն ու Մարտինովը պատրաստեցին մի հրանոթ, որը մնացած բոլորից ավելի հեռու և դիպուկ էր կրակում։ Այն անվանեցին միաեղջյուր հեքիաթային գազանի անունով։ Բոլոր բանակները, այդ թվում նաև ֆրանսիականը, նույնպես սկսեցին միաեղջյուրներ պատրաստել, միայն թե անվանեցին այլ կերպ՝ երկայն հաուբից։ Զինվորականներն այս բառը հիմա էլ օգտագործում են։
Թնդանոթի արկը թռչում է թեթևակի կորության, հաուբիցինը մեծ կորության աղեղով, իսկ հրասանդի արկը շեշտակի, գրեթե ուղղահայաց վեր է սլանում։ Իսկ ի՞նչ իմաստ ունի այս ամենը։ Ահա, թե ինչ իմաստ։ Երբ դուք ուզում եք գնդակով հարվածել ձեր փախչող խաղընկերոջը, ասես, կրակում եք թնդանոթից։ Բայց ահա ձեր ընկերը թաքնվեց ցանկապատի ետևում ու կանգնել է տախտակներին հենված։ Դուք գնդակը նրան կդիպցնեք, եթե այն շեշտակի վեր նետեք այնպես, որ ցանկապատն անցնելուն պես վայր ընկնի։ Դա նման է հրասանդի հրաձգությանը։ Մարտի ժամանակ հարթ տեղանքում գտնվող հեռավոր նպատակակետերի վրա կրակում են թնդանոթներից, իսկ բլուրների, քարե շինությունների ետևում թաքնված նպատակակետերի վրա հրասանդներից ու հաուբիցներից։
Հրասանդի նման են կրակում նաև ականանետները ականը նույնպես կտրուկ վեր է սլանում ու կտրուկ էլ վայր ընկնում։
Հրետանին բանակի գլխավոր ռազմական ուժերից է։ Հրետանային զենք է տեղադրված տանկերում, նավերում, ինքնաթիռներում։ Զենիթային հրետանին հարվածում է ինքնաթիռներին, առափնյա հրետանին՝ նավերին, հակատանկային հրետանին տանկերին ու զրահամեքենաներին։