Հունաստանում, հիմնական բնակիչներից՝ հույներից, բացի, ապրում են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում և հայեր։ Նրանք այստեղ զանգվածաբար բնակություն են սկսել հաստատել 5—6-րդ դարերում: Հունաստանում հայերի թիվը ստվարացավ 1895—1896 թվականներին Թուրքիայում կազմակերպված հայկական կոտորածներից և, հատկապես, 1915 թ. Մեծ եղեռնից հետո։ Այստեղ հաստատված հայերն զբաղվում էին գյուղատնտեսությամբ, արհեստներով, բանվորություն անում ծխախոտի և տեքստիլ ֆաբրիկաներում, կային առևտրականներ, մտավորականներ։ Հունահայ համայնքն ստեղծել էր իր դպրոցները, հրատարակում էր հայերեն պարբերականներ։ Հունահայ աշխատավորներն ակտիվորեն մասնակցել են հույն ժողովրդի սոցիալական և ազատագրական պայքարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հույն հայրենասերների հետ կողք կողքի ֆաշիստական օկուպանտների դեմ կռվում էին բազմաթիվ հայեր։ Նրանք կազմել էին, նույնիսկ «Ազատություն» անունը կրող առանձին հայկական պարտիզանական ջոկատ։
1946—1947 թվականներին հազարավոր հունահայ ընտանիքներ հայրենադարձվեցին Սովետական Հայաստան 1985 թ տվյալներով, Հունաստանում դեռևս բնակվում է 15 հզ հայ։ Հայկական համայնքն ունի իր դպրոցները, մշակութային կազմակերպությունները, լույս է ընծայում հայերեն թերթեր և մշտական կապի մեջ է մայր հայրենիքի՝ Սովետական Հայաստանի հետ։
Հունգարիա
(Հունգարական ժողովրդական հանրապետություն, ՀԺՀ)
Հունգարիան գտնվում է Ալպերի, Կարպատների և Դինարյան լեռների միջև։ Երկրի տարածքի մոտ կեսն զբաղեցնում է Միջինդանուբյան մեծ դաշտավայրը։ Հունգարիայի գլխավոր գետը՝ Դանուբը, անցնում է երկրի գրեթե մեջտեղով։ Մեծ ու գեղեցիկ Բալատոն լճի ափերին կառուցված են բազմաթիվ առողջարաններ, հյուրանոցներ, տուրիստական հանգրվաններ։
Հունգարիայի պատմությունը իր անկախության համար հունգար ժողովրդի մղած պայքարի պատմությունն է: Հունգարները կռվել են երկիրը նվաճած թուրքերի դեմ, կռվել են ավստրիացիների դեմ, երբ Ավստրիան, հաղթելով Թուրքիային, բռնի իրեն միացրեց Հունգարիան։
Առաջին համաշխարհային պատերազմում Ավստրիան պարտվեց, և 1918 թ. Հունգարիան դարձավ անկախ պետություն: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ հունգար աշխատավորներն իշխանությունն իրենց ձեռքը վերցրին, և 1919 թ մարտի 21-ին Հունգարիան հռչակվեց Սովետական Հանրապետություն։ Բայց այն երկար չգոյատևեց։ Երիտասարդ հանրապետության վրա հարձակվեցին իմպերիալիստները և ճնշեցին հունգարական հեղափոխությունը։ Երկիրն սկսեցին կառավարել խոշոր կալվածատերերը, որոնք դարձան ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցը, երբ նա պատերազմ սանձազերծեց Սովետական Միության դեմ։
1945 թ ապրիլին սովետական բանակը հունգար ժողովրդին ազատագրեց ֆաշիզմի լծից։ Երկիրն սկսեց ընթանալ զարգացման սոցիալիստական ուղիով։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է։ Դանուբը քաղաքը բաժանում է երկու մասի գետի լեռնոտ ափին գտնվում է Բուդան, իսկ հորիզոնից այն կողմ տարածվող ընդարձակ հարթավայրու՝ Պեշտը։
Մայրաքաղաքում ամենամեծը պառլամենտի շենքն է, որտեղ հավաքվում են ժողովրդի ներկայացուցիչները՝ քննարկելու պետական հարցեր։ Բուդապեշտից վեր խոյացող Գելլերտ լեռան վրա կա մի հուշարձան բարձր պատվանդանին կանգնած կինը վեր պարզած ձեռքերին պահում է արմավենու մի ճյուղ՝ խաղաղության խորհրդանիշը։ Իսկ ներքևում ծածանվող դրոշը ձեռքին սովետական զինվորի բրոնզե արձանն է։ Հուշարձանի վրա փորագրված է «Սովետական ազատարար մարտիկներին երախտապարտ հունգար ժողովրդից»։
Մինչև պատերազմը Հունգարիան համարվում էր Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկը։ Արդյունաբերական ձեռնարկություններ շատ քիչ կային: Արգավանդ հողերը պատկանում էին խոշոր կալվածատերերին։ Ավելի քան մեկ միլիոն գյուղացիներ առհասարակ հող չունեին։ Նրանք իբրև բատրակ աշխատում էին կալվածատերերի մոտ և կիսաքաղց կյանք էին վարում։ Հունգարիայի ազատագրումից հետո ժողովրդական կառավարությունը կալվածատերերից անմիջապես