Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարում Կիլիկիայի հայկական պետության և Հունգարիայի թագավորները կնքել են բարեկամության դաշինք։ Դրանից դեռ շատ առաջ, 10—11-րդ դարերում, հայերն սկսել են բնակություն հաստատել Հունգարիայում։ Աստիճանաբար հայերի թիվն ստվարացել է, նրանք հիմնել են հայաբնակ քաղաքներ, ստացել մի շարք արտոնություններ։ Զբաղվել են, հիմնականում, արհեստներով ու առևտրով, քիչ թիվ չեն կազմել նաև մտավորականները, պետական պաշտոնյաները։ Հայկական համայնքն ունեցել է իր եկեղեցիները, դպրոցները, գրադարաններ, թատրոն։ Հունգարահայերն ակտիվորեն մասնակցել են այս կամ այն նվաճողի դեմ հունգար ժողովրդի մղած ազատագրական պայքարին, տվել անվանի զորավարներ: Հունգարիայում այժմ ապրում է հայկական ծագումով 7—8 հզ. մարդ։

Սերտ կապեր են հաստատվել Սովետական Հայաստանի և Հունգարիայի միջև: 19 տարի է արդեն, ինչ գործում է սովետահունգարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունքը։ Եղբայրացել են մեր հանրապետության և Հունգարիայի Դյոր-Շոպրոնի մարզի աշխատավորները։ Տեղի են ունենում հայ-հունգարական բազմաթիվ հանդիպումներ, արվեստի գործիչների փոխադարձ հյուրախաղեր, ցուցահանդեսների փոխանակումներ։ Համագործակցում են հայ ու հունգար գիտնականները: Հայերեն և հունգարերեն է թարգմանվում երկու եղբայր ժողովուրդների գրականությունը։