Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովետական Հայաստան: Սովետահայ ճարտարապետները միշտ մեծ սիրով ու հոգատարությամբ են վերաբերվում հայկական միջնադարյան ճարտարապետության ավանդույթներին, դրանք կիրառում իրենց նախագծերում: Ահա Հայկական ՍԱՀ գիտությունների ակադեմիայի գլխավոր մասնաշենքը Երևանում: Այն կառուցվել է 1950-ական թվականներին ճարտարապետ Ս. Սաֆարյանի նախագծով: Տուֆակերտ ճակատի առջևում ձգվող աստիճանները հանդիսավորությամբ հրավիրում են դեպի սյունազարդ շքամուտքը: Ներսում դարձյալ ընդարձակ աստիճաններ կան, որոնք տանում են դեպի նիստերի՝ լուսավոր դահլիճը զարդարված գիտության մշակների դիմաքանդակներով: Շենքի տանիքին երևում է ապակեպատ գմբեթը, որտեղից էլ բնական լույսը թափանցում է դահլիճ: Դահլիճը լուսավորելու այս միջոցը ճարտարապետը վերցրել է հայկական ավանդական տան երդիկի գաղափարից: Կառույցի զուսպ ու չափավոր հարդարանքը, մոնումենտալ համաչափությունները և ամբողջության մեջ հանդիսավոր ու խորհրդավոր կերպարն անմիջապես հուշում են, որ այս շենքում պետք է տեղավորված լինի գիտության, արվեստի բարձրագույն հաստատություն, բայց ոչ երբեք բնակարան, զվարճանքի վայր կամ հանրախանութ:


Մյուս կառույցը, որ կարծես երկնքից իջած մի զարմանահրաշ, թևատարած թռչուն լինի զվարթ ու հաստատակամ բազմած Երևանի Ծիծեռնակաբերդ բլրին, մարզական մրցությունների, մեծ բազմության համար տրվող համերգների դահլիճային համալիր է: Հնում այսչափ մեծ և ծածկված դահլիճներ չեն եղել: Այդ հնարավորությունն ընձեռվեց միայն 20-րդ դարում՝ շնորհիվ երկաթբետոնե, մետաղե և հիմնակմախքային կառուցվածքների կիրառման: Դեպի համալիր տանող աստիճանները մի ամբողջական, շատրվանազարդ զբոսարան են: Իր դիրքով, չափերով, զարդաձևերով համալիրը շատ հանդիսավոր է, սակայն այդ հանդիսավորությունը ոչ թե զուսպ է ու խոհական, ինչպես ակադեմիայի մասնաշենքինն է, այլ տոնական է, պատշաճ իր նպատակին: Համալիրը կառուցվել է 1984 թ. ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Հ. Պողոսյանի և Ս. Խաչիկյանի նախագծով:


Ռադիոյով հաղորդելով օրվա եղանակի տեսությունը՝ հաղորդավարը վերջում, սովորաբար, նշում է «Մթնոլորտային ճնշումը՝ սնդիկի սյան 760 (կամ 759, կամ 754) միլիմետր»: Այժմ այս բառերը ոչ ոքի չեն զարմացնում, մինչդեռ 350 տարի առաջ մարդիկ չէին էլ կասկածում, որ գոյություն ունի մթնոլորտի ճնշում: Այդ պատաճառով էլ բոլորին ապշեցրեց 1654 թ Մագդեբուրգ քաղաքում գերմանացի ֆիզիկոս Օտտո ֆոն Գերիկեի կատարած փորձը: Իրար հպված պղնձե երկու կիսագնդերից նա դուրս մղեց օդը, և այդ կիսագնդերն այնպես ամուր սեղմվեցին միմյանց, որ ձիերի երկու լծասարք չկարողացան դրանք պոկել իրարից:


Կիսագնդերն իրար էր սեղմել օդի ճնշումը: Մեզ շրջապատող օդն այնքան թեթև չէ, որքան թվում է առաջին հայացքից: Այսպես, ոչ շատ մեծ սենյակում գտնվող օդի կշիռը 40—50 կգ է: Իր կշռի շնորհիվ էլ օդը ճնշում է գործադրում Երկրի մակերևույթի և նրա վրա եղած ամեն ինչի, այդ թվում՝ նաև մեզ վրա:


Մթնոլորտային ճնշումը չափող առաջին սարքը՝ բարոմետրը (ճնշումաչափ), ստեղծել է իտալացի ֆիզիկոս Տորիչելլին: Մոտ մեկ մետր երկարությամբ, մի ծայրը զոդված ապակե խողովակի մեջ նա սնդիկ լցրեց և խողովակի բաց ծայրն իջեցրեց սնդիկով լի բաժակի մեջ: Սնդիկի մի մասը դուրս հոսեց խողովակից, և նրա վերին մասը մնաց դատարկ, անօդ: Բաժակի մեջ գտնվող սնդիկի մակերևույթին ազդում է մթնոլորտային ճնշումը: Այն հաղորդվում է խողովակի ստորին, բաց ծայրին և թույլ չի տալիս, որ խողովակում մնացած սնդիկը դուրս հոսի: Եթե խողովակի վրա նշագծենք միլիմետրանոց բաժանքներ, ապա խողովակում մնացած սնդիկի սյան բարձրությամբ