կկարողանանք որոշել մթնոլորտային ճնշումը: Տորիչելլիի ժամանակներից էլ սկսած մթնոլորտային ճնշումը չափում են սնդիկի սյան միլիմետրերով:
Ճնշում է գործադրում ոչ միայն օդը: Երբ դուք նկարում եք, մատիտի ծայրը ճնշում է թղթին: Տունը, ուր ապրում եք, ճնշում է գետնին: Վառոդի այրման ժամանակ առաջացած գազերի ճնշումը հրանոթի փողից դուրս է շպրտում արկը: Երկրի ընդերքում եղած ճնշումը ստիպում է նավթին՝ դուրս շատրվանել նավթահորից: Մենք լսում ենք ձայները, որովհետև ձայնային ալիքները ճնշում են գործադրում մեր ականջների թմբկաթաղանթներին: Ծովի խորքերում ջրի ճնշումը շատ մեծ է, և որքան մեծ է խորությունը՝ այնքան մեծ է ճնշումը: Ուստի սուզանավի իրանը պետք է շատ ամուր լինի, այլապես մեծ խորություններում ջրի ճնշումը կճզմի այն:
Սեղանին դրված գիրքը ճնշում է գործադրում սեղանին: Եթե իրար վրա մի քանի գիրք դնենք, ապա դրանց ճնշումը սեղանին կմեծանա: Որքան ծանր է առարկան՝ այնքան ավելի մեծ է նրա ճնշումը հենարանին: Բայց ճնշումը կախված է նաև հենման մակերեսից: Դահուկորդները ձյան մեջ չեն խրվում, որովհետև դահուկների մակերեսն ավելի մեծ է, քան կոշիկների ներբան- ների մակերեսը: Նշանակում է՝ որքան մեծ է հենման մակերեսը, այնքան փոքր է ճնշումը:
Գիտնական-ֆիզիկոսները կարողանում են հատուկ խցերում վիթխարի ճնշումներ ստեղծել: Այդ խցերում «ծնվում են» անսովոր հատկություններ ունեցող նյութեր: Այսպես՝ «փափուկ» գրաֆիտը հնարավոր է փոխարկել ամենակարծր նյութի՝ ալմաստի:
Արհեստական ալմաստները լայնորեն կիրառվում են արդյունաբերության մեջ: Օրինակ՝ կարծր համաձուլվածքներից պատրաստված դետալներ մշակելու ժամանակ:
Ճպուռ
Ո՞րն է ամենաշատակեր կենդանին: Իսկույն ուզում ես ասել՝ առյուծը կամ գայլը: Մեկնումեկն էլ մի քիչ կմտածի և կասի՝ թռչունները, քանի որ որոշ թռչուններ օրվա մեջ այնքան միջատ են ուտում, որքան իրենց քաշն է: Բայց, հավանաբար, ոչ մեկի մտքով չի անցնի, որ աշխարհում ամենաշատակեր էակը ճպուռն է: Ճպուռ շերեփագին, օրինակ՝ երկու ժամում կարող է ուտել 40 ճանճ, մոծակ կամ մժեղ: Իսկ եթե առյուծի չափ մեծ լիներ, երևի, միանգամից մի ամբողջ կով կուտեր: Այդպիսի մի որկրամոլի համար սնունդ հայթայթելը հեշտ բան չէ: Ու թեև ամեն տեղ էլ ճանճ կա, կշտանալու համար ճպուռ-շերեփագին ամբողջ օրը որս է անում: Այժմ կարելի է պատկերացնել, թե որքան շատ վնասատու միջատներ է ոչնչացնում ճպուռը, երբ թռչում է անտառային կածանների, բացատների, անտառաեզրերի վրայով:
Ճուռակ
Եթե դաշտի, անտառի կամ գետի վրա երկար ժամանակ պտույտներ գործող մեծ, գիշատիչ թռչուն տեսնեք, մի շտապեք ասել, թե դա ճուռակ է: Ամենքին ի տես երկար ժամանակ սավառնել կարող են միայն ուրուրը, ջրարծիվը, լալկան բազեն (կանյուկը), բայց ոչ երբեք ճուռակը: Եթե խոտի դեզի ծայրին գիշատիչ թռչուն նկատեք, դարձյալ չսխալվեք ամենից: