Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1915 թ. էր, ամենադժնդակ տարին հայ ժողովրդի կյանքում: Արևմտյան Հայաստանում թուրք բարբարոսների ձեռքով կոտորվում էր հայ բնակչությունը հազարավոր մարդիկ բռնել էին գաղթի ճամփան: Երկու կին ծանր բեռ ունեին և դժվարությամբ էին քայլում լեռնոտ ճանապարհներով: Նրանք մի հսկա գիրք էին տանում: Դա 13-րդ դարի սկզբին գրված հայտնի «Մշո ճառընտիրն» էր՝ հայերեն ամենամեծ ձեռագիր գիրքը: Կանայք այդ գիրքը վերցրել էին Մուշ քաղաքի մոտ գտնվող Առաքելոց վանքից, որ փրկեն ոչնչացումից: Շուրջ 30 կգ կշռող գիրքը նրանք ստիպված բաժանեցին երկու մասի: Մի մասը թաքցրին, մյուսը տարան իրենց հետ հետո այդ մասերը տարբեր տեղեր ընկան, բայց ի վերջո հանգրվանեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հիմա ամեն մարդ Մատենադարանի ցուցասրահում կարող է տեսնել այդ գիրք-հսկան՝ կազմված 601 մեծ թերթերից:


Բայց դա թղթե գիրք չէ, այլ մագաղաթե: Առաջ, երբ թուղթը դեռ հայտնի չէր, գրում էին մագաղաթի վրա: Մագաղաթն սկսել են գործածել մեզանից ավելի քան 2100 տարի առաջ, Փոքր Ասիայի Պերգամոն քաղաքում: Այդ պատճառով էլ ուրիշ լեզուներով մագաղաթը կոչվում է պերգամենտ:


Մագաղաթը պատրաստում էին մատղաշ անասունների, արջառի, երինջի, գառան, ուլի մորթուց՝ հատուկ ձևով մշակելով ու հղկելով այն: Հայերեն բազմաթիվ ձեռագրերում պահպանվել են մագաղաթի պատրաստման դեղատոմսեր «Մշո ճառընտիրի» համար, որն սկզբում ունեցել է 660 թերթ, պետք է եղել 660 արջառի և երինջի մորթի: Հայերեն ամենափոքր, լուցկու տուփից էլ փոքր, ձեռագիր գրքի թերթերը պատրաստված են նորածին ուլի մորթուց:


Մեր հին հեղինակները՝ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին, Գրիգոր Նարեկացին և մյուսները, իրենց ստեղծագործությունները գրել են մագաղաթի վրա: Գրիչներ կոչվող հատուկ մարդիկ այդ ստեղծագործություններն արտագրում բազմացնում էին մագաղաթե ուրիշ թերթերի վրա (չէ որ այն ժամանակ տպարան ու տպագրություն չկային). նկարիչներն էլ, որ ծաղկող էին կոչվում՝ պատկերազարդում էին դրանք: Հետո մագաղաթե թերթերը միացնում էին, կազմում ու գիրք դարձնում:


Այդ ամենը կատարվում էր բազմաթիվ վանքերում գործող գրչության կենտրոններում, որտեղ էլ պատրաստում էին մագաղաթը: Հայերեն հազարավոր ձեռագիր գրքեր գրվել են մագաղաթի վրա: Դրանց մեծ մասն այժմ պահվում է Մատենադարանում:


Երբ մարդիկ գրելու համար սկսեցին գործածել թուղթը՝ մագաղաթն աստիճանաբար գործածությունից դուրս եկավ: Այժմ մագաղաթի վրա ոչ ոք չի գրում: Գրում և տպագրում են թղթի վրա, քանի որ այն շատ ավելի հարմար է ու էժան:


Մագելան Ֆեռնան

1522 թ. սեպտեմբերին իսպանական Սանլուկար դե Բառամեդա նավահանգիստ մտավ կիսախարխուլ մի նավ: Ափ դուրս եկան պատառոտված զգեստներով, հյուծված ու տանջահար մարդիկ, ծնկի իջան և համբուրեցին հայրենի հողը: Վերադարձել էր «Վիկտորիա» նավը, միակը Ֆեռնան Մագելանի նավատորմիղից, որն այս նավահանգստից հեռացել էր մոտ երեք տարի առաջ: Շուրջերկրյա նավարկություն կատարած առաջին նավն էր դա և 18