Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Բայց ինչո՞ւ են նշվում ոսկե ձկնիկները, երբ խոսքը մանրածածանի մասին է», — կզարմանաք դուք։ Բանն այն է, որ առանց մանրածածանների չէին լինի նաև ոսկե ձկնիկները։

Մի ժամանակ Արևելքի երկրներում կացարանները զարդարելու համար ջրով լի սկահակների մեջ մանրածածաններ էին պահում։ Եվ ահա նկատեցին, որ բոլոր մանրածածանները միևնույն գույնի չեն նրանց մեջ հանդիպում էին և ոսկեգույն, և բրոնզագույն, և կարմրավուն, և արծաթագույն թեփուկներ ունեցող ձկներ։

Երկար և համբերատար ընտրության, բազմակի խաչասերման ճանապարհով մարդիկ ստացան անսովոր գույներ ու ձևեր ունեցող բազմաթիվ ձկներ։ Այդպես երևան եկան շղարշապոչը, աստղադիտակը, գիսավորը, առյուծագլուխը և շատ ուրիշ ձկներ։ Նման ձկնիկներ չկան ոչ ծովերում, ոչ էլ գետերում։ Նրանց ծննդավայրն ու մշտական բնակատեղին ջրավազանն է կամ աքվարիումը։ Իսկ այդ զարմանահրաշ ընտանիքի նախահայրը անպահանջկոտ մանրածածանն է։

Մանրանկարչություն

Մանրանկարչությունը գեղանկարչության բնագավառներից մեկն է Ինչպես հուշում է բառն ինքը, այն փոքր չափի նկարների՝ մանրանկարների, ստեղծման արվեստն է: Մինչև տպագրության գյուտը մանրանկարներով էին պատկերազարդվում (ծաղկվում) ձեռքով ընդօրինակվող-բազմացվող գրքերը՝ ձեռագիր մատյանները Ուրիշ լեզուներում մանրանկարչությունն ու մանրանկարները կոչվում են մինիտյուր, որն առաջացել է լատիներեն «մի- նիում» (հայերեն՝ «կինոբար») բառից Կինոբարը կարմիր ներկ է, որով էլ ամենասկզբում զարդանկարում էին ձեռագրերը, իսկ հետո օգտագործվեցին բազմազան գույնի ներկեր։

Մանրանկարչություն ունեցել են գիր և գրականություն ստեղծած ժողովուրդները։ Մարդկությանը հայտնի մանրանկարչական հնագույն նմուշները պահպանվել են մեր թվականությունից շատ առաջ Հին Եգիպտոսում գրված պապիրուսե գրքերում (պապիրուսի մասին դուք կարող եք կարդալ «Գիրք» զրույցում)՝ Հին հույները պատկերազարդել են գրքի ամբողջ շարադրանքը պապիրուսագալարների վրա արված մանրանկարները կինոկադրերի պես հաջորդել են միմյանց Հետագայում, երբ պապիրուսը փոխարինվեց մագաղաթով, գիրքն էլ ստացավ իր ժամանակակից տեսքը, մանրանկարվում էին արդեն առանձին էջերը։ Մեզ հասած հնագույն մագաղաթյա մանրանկար մատյանը, որն ստեղծվել է մոտավորապես 500 թ., պարունակում է Հոմերոսի «Իլիականը» Հնում մանրանկարչության նշանավոր կենտրոններ են եղել Ալեքսանդրիա, Հռոմ, Բյուզանդիոն, Պերգամոն, Անտիոք, Եփեսոս քաղաքները։ Միջնադարում մանրանկարչությունը զարգացել է Եվրոպայի երկրներում, Ռուսաստանում

Երբ 405 թ. Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց տառերը, և սկսեցին գրվել հայերեն ձեռագիր գրքերը, դպրության հետ միասին զարգացավ նաև հայկական մանրանկարչությունը: Տարբեր դարերից մեզ հասած շուրջ 25 հզ. հայերեն ձեռագրերի զգալի մասը զարդարված է մանրանկարներով: Զարդարվում էին, հիմնականում, կրոնական բովանդակություն ունեցող մատյանները, բայց մանրանկարիչները կամ ծաղկողներն ու նկարողները, ինչպես նրանք կոչվում էին այն ժամանակ, կարողացել են անգամ կրոնական թեմաների միջոցով արտահայտել իրենց հույզերն ու ապրումները, արտացոլել իրական կյանքի դրվագները։ Հատկապես գլխազարդերում (տեքստի սկզբում, վերնագրից առաջ զետեղվող զարդանկարներում), լուսանցազարդերում (լուսանցքներում արվող նկարներում), գեղեցիկ զարդարված գլխատառերում նրանք ներմուծում էին բուսական և կենդանական աշխարհի բազմապիսի պատկերներ ու տարրեր։ Հայկական մանրանկարներում կարելի է գտնել որսի, կենդանիների կռվի, թատերական ներկայացումների, քաղաքային ու գյուղական կյանքի այլևայլ տեսարաններ, ժամանակի նշանավոր գործիչների, ձեռագրերի պատվիրատուների դիմանկարներ Նման մանրանկարները մեծ նշանակություն ունեն միջնադարյան Հայաստանի կյանքի ու կենցաղի, տարազների, բարքերի, արհեստների, հայոց բնաշխարհի ուսումնասիրության համար։ Առանձին մանրանկարիչներ թողել են նաև իրենց ինքնանկարները։

Տարբեր դարաշրջաններում Հայաստանում գործել են մանրանկարչության բազմաթիվ կենտրոններ: Հայտնի են Անիի, Գլաձորի, Տաթևի, Նախիջևանի, Արցախի, Վասպուրականի և այլ կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրը, ազգային արվեստին բնորոշ ընդհանուր գծերից բացի, հատկանշվում է