Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց փտում առաջ բերող բակտերիաները նպաստում են այդ մնացորդների փտմանը։ Այսպես հող են վերադառնում այն բոլոր նյութերը, որոնցից կազմված էին մեռած բույսերն ու կենդանիների մարմինները: Նրանք իրենց հերթին նյութ են դառնում հաջորդ սերունդների զարգացման համար։

Կարդացեք հետևյալ գիրքը

Мар Е. П. Человек и невидимки М., «Дет. лит», 1969

Մանուկյան Ազատ Մինասի

1878-1958

Հավանաբար, եթե ձեզ հարցնեն, թե ով է գրել «Սագիկ-մագիկ», «Փիսիկ-փիսիկ», «Ոսկե ձվիկի հեքիաթը» կամ, ասենք, «Բա-դիկ-բադիկ» երգերը, անմիջապես կպատասխանեք` Ազատ Մանուկյանը: Չէ՞ որ այդ երգերը դուք սովորել ու սիրել եք դեռ այն ժամանակ, երբ դպրոց չէիք գնում։

Մանկական բազմաթիվ գողտրիկ երգերի հեղինակ կոմպոզիտոր և մանկավարժ Ազատ Մանուկյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկայի գավառի Մեծ Ագարակ գյուղում: Նախնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո նա կարճ ժամանակով սովորում է Բաթոլմի հայկական դպրոցում, ապա ընդունվում Թիֆլիսի (Թբիլիսիի) Ներսիսյան դպրոցը: Այստեղ երաժշտություն էր դասավանդում նշանավոր կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: Ազատը 4 տարի երգում է նրա ղեկավարած երգչախմբում: Երաժշտությունը դառնում է պատանու գլխավոր հրապուրանքը, և նա սկսում է երգել այլ երգչախմբերում ու, տակավին անփորձ, ինքն էլ է երգչախմբեր ստեղծում, հանդես գալիս համերգներով: Նախավերջին դասարանից նա թողնում է դպրոցը և ամբողջովին նվիրվում երաժշտությանը։ Սակայն դեռ անհրաժեշտ էր լրացնել մասնագիտական գիտելիքները, խորանալ խմբավարական արվեստի մեջ։ Եվ երբ հայտնի կոմպոզիտոր, երաժշտական գործիչ։ Քրիստափոր Կարա-Մուրզան հաստատվում է Թիֆլիսում, Ա. Մանուկյանը նախ սկսում է երգել նրա երգչախմբում, ապա հաճախում նրա կազմակերպած խմբավարական դասընթացները։ Այնուհետև կյանքի ճանապարհները նրան տանում են Վլադիկավկազ (այժմ Օրջոնիկիձե) քաղաքը։ Այստեղ ևս նա երգչախումբ է կազմակերպում, համերգներով հանդես գալիս Հյուսիսային Կովկասի հայաշատ քաղաքներում։

1903 թ. նա ռուսական երաժշտական արվեստի կենտրոնում էր։ Պետերբուրգում (այժմ Լենինգրադ), ուր հաճախում էր պալատական երգչախմբի անվճար դասընթացները։ Երկու տարի անց Մանուկյանը վերադառնում է Թիֆլիս և երաժշտություն դասավանդում տարբեր դպրոցներում, միաժամանակ իր ղեկավարած քառաձայն երգչախմբով պարբերաբար մեկնում համերգային շրջագայությունների։ Մանկավարժական և խմբավարական գործունեությանը զուգընթաց նա նաև ստեղծագործում էր 1908 թ. լույս է տեսնում Հովհ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Խնկո Սպոր և հայ այլ հեղինակների տեքստերով գրված նրա մանկական երգերի առաջին ժողովածուն՝ «Փնջիկ» խորագրով (ընդհանուր առմամբ լույս է տեսել 10 այդպիսի ժողովածու)։

1934 թ. արդեն լայն ճանաչում գտած կոմպոզիտորը մշտական բնակություն է հաստատում Երևանում և երկար տարիներ որպես երաժշտության դասատու և խմբավար աշխատում դպրոցներում: Միաժամանակ Հայաստանի ռադիոյին կից նա ստեղծում է մանկական երգչախումբ։ Շուտով ռադիոյով հնչում է Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» մանկական օպերան, որը մեծ հաջողություն է ունենում։ Այնուհետև մեկը մյուսի ետևից ասպարեզ