10 958-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են, 2049-ը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, 2547-ը՝ օտարալեզու արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հաբեշերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլ լեզուներով մատյաններ, 823-ը՝ այլևայլ նյութեր: Գրքային հարուստ հավաքածուներ ունի նաև Մատենադարանի հայագիտական գրադարանը, որը պարբերաբար համալրվում է նորագույն հրատարակություններով: Իր այս հարստությունների շնորհիվ Մատենադարանն այսօր դարձել է համաշխարհային նշանակություն ունեցող գիտական ու մշակութային կարևոր կենտրոն, որը դեպի իրեն է ձգում բազմազան բնագավառների մասնագետների: Ամեն տարի մեր երկրի տարբեր ծայրերից ու արտասահմանյան երկրներից Հայաստան են գալիս շատ հետազոտողներ' իրենց ուսումնասիրությունների համար նյութեր քաղելու Մատենադարանի աղբյուրներից:
Մատենադարանը նաև տեսարժան թանգարան է, որտեղ լինում են մեր աշխատավորներն ու դպրոցականները, ինչպես նաև Հայաստան այցելող հյուրերը: Պատահական չէ, որ սովետական մեծանուն պատմաբան, ակադեմիկոս Ե.Տառլեն, տարիներ առաջ լինելով Մատենադարանում, գրել է. «Որքան ուրախալի է, որ ժամանակակից հայ սերունդը այսպիսի սիրով ու հոգատարությամբ է վերաբերվում իր անցյալին»:
Մատենադարանը մեր ազգային հպարտություններից է, հայ ժողովրդի ստեղծագործ մտքի և ազնիվ տքնանքի խոսուն վկան:
Մարդու միտք և զգացմունքներ
Մարդիկ ճանապարհ են բացել դեպի Տիեզերք, սովորել են կտրել անցնել օվկիանոսներ, ճեղքել ատոմը, պարզել են մոռացված լեզուների գաղտնիքները, որովհետև նրանք մտածում են.
Ինչպե՞ս է ծնվում մարդկային միտքը, և առհասարակ ի՞նչ է այն: Դիմենք մի պարզ օրինակի. Երեխան քար է նետում ջուրը, այն սուզվում է, նետում է երկրորդը՝ արդյունքը նույնն է. հիմա երեխան նախապես գիտե, որ երրորդ քարը նույնպես կսուզվի: Նրա մեջ ծնվում է այն միտքը, որ բոլոր քարերը ջրում սուզվում են: Այդ եզրակացությանը նա հանգեց իր տեսածի հիման վրա և ջուրը նետած երկու քարերի հատկությունը վերագրեց մյուս բոլոր քարերին: Սեփական փորձի հիման վրա եզրակացության հանգելու, արդեն ունեցած գիտելիքներից նոր գիտելիքներ բխեցնելու մարդու ունակությունն էլ հենց մտածելու կարողությունն է:
Մտածելու ունակությունը մարդուն հնարավորություն է տալիս «տեսնել» այն, ինչ չի տեսնում աչքը, հասկանալ բնության երևույթների պատճառները, ըմբռնել իրադարձությունների միջև եղած ներքին կապը: Մտածելու կարողությունն է հենց, որ մարդուն դարձրել է երկրագնդի ամենազոր էակը:
Նորածին երեխան ցանկացած կենդանու ձագից տարբերվում է նրանով, որ օժտված է մտածել սովորելու հնարավորությամբ: Այդպես են կառուցված նրա կենտրոնական նյարդային համակարգը և վերջինիս գլխավոր բաժինը՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևը: Երբեմն այդ բաժինն այդպես էլ անվանում են' «մտածողության օրգան»: Որպեսզի բնության տված հնարավորությունը վերածվի մտածելու կարողության, բազմաթիվ պայմաններ են անհրաժեշտ, բայց դրանցից ամենահիմնականն այն է, որ երեխան պետք է գտնվի մարդկանց միջավայրում: Եթե երեխան լիովին մեկուսացվի մարդկանցից, նա երբեք չի սովորի ո՛չ մտածել, ո՛չ խոսել:
Միտքը ծնվում է այն ժամանակ, երբ մարդու առջև ծառանում է որևէ, թեկուզև ամենապարզ խնդիրը: Մտածելու կարողությունը զարգանում է և՛ մանկական խաղերում, և՛ ուսման մեջ, և՛ աշխատանքում: Ընդ որում շատ բան կախված է հենց իրենից՝ մարդուց, նրա հաստատակամությունից ու ակտիվությունից: Կարևոր է, որ բարդ խնդիրներ վճռելիս նա չծուլանա մտածել, չվախենա ջանք գործադրել: Ինչ էլ որ անելիս լինի մարդը կյանքում, նա մշտապես ապրում է տարբեր զգացումներ՝ ուրախություն, վիշտ, սեր, զայրույթ, վիրավորանք: Մի էջը չի բավականացնի թվարկելու մարդկային զգացմունքներն արտահայտող բոլոր բառերը: Եվ այդ բառերի բազմաթվությունը վկայում է, թե որքան հարուստ ու բազմազան են մեր ապրումները:
Զգացմունքներով է արտահայտվում մեր վերաբերմունքը մարդկանց, իրադարձությունների, այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: Զգացմունքներն