Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայկական լեռնաշխարհը քաղաքակրթության հնագույն օրրաններից է: Մարդկության արշալույսից սկսած այստեղ կյանքը շարունակվել է անընդմեջ, մեր լեռնաշխարհը տեսել է մարդկային հասարակության զարգացման բոլոր փուլերը: Հայկական առաջին պետությունը, որ հնագույնն է ՍՍՀՄ-ի տարածքում, Արարատյան թագավորությունն էր կամ Ուրարտուն: Այն իր առավելագույն հզորությանը հասավ մեր թվականությունից առաջ 8-րդ դարում (այդ մասին դուք կկարդաք «Հին աշխարհի երկրներ» զրույցում): Հայաստանը կրկին հզորացավ մեր թվականությունից առաջ 1-ին դարում, Տիգրան Մեծ թագավորի օրոք (95-55 թվականներ): Սակայն հարևան պարսիկների և հռոմեացիների միջև ծավալված մրցակցության, Հայաստանի նկատմամբ նրանց նվաճողական քաղաքականության հետևանքը եղավ երկրի մասնատումը 387 թ և հայկական պետականության վերացումը 428 թ:

Ծայր առան ազգային ինքնուրույնության պահպանման ու պետականության վերականգնման համար մղված ազատագրական պայքարի երկարաձիգ դարերը (հայ ժողովրդի մղած այդ պայքարի մասին դուք կարող եք կարդալ «Հայ ազգային ազատագրական շարժումներ» զրույցում): 885 թ Հայաստանը կրկին անկախացավ, վերստեղծեց իր պետությունը, բայց 1045 թ այն վերացավ Բյուզանդիայի նենգ քաղաքականության հետևանքով: Դրան հետևեցին սելջուկյան թուրքերի ավերիչ արշավանքները: Հայ ժողովրդի ստվար հատվածներ ստիպված հեռանում էին հայրենիքից: Սակայն այնքան զորեղ էր անկախ ու ստեղծագործ կյանքով ապրելու ժողովրդի ձգտումը, որ Միջերկրական ծովի հյուսիս֊արևելյան եզերքին ստեղծեց իր նոր պետությունը՝ Կիլիկյան Հայաստանը: Այն գոյատևեց շուրջ երեք դար 1080-ից մինչև 1375 թ:

16—17-րդ դարերում Իրանի և Թուրքիայի միջև ծավալված պատերազմների հետևանքով Հայաստանը բաժանվեց նրանց միջև: Հայ ժողովրդի հայրենասեր զավակները, սակայն, ուղիներ էին փնտրում ազատագրելու հայրենիքը: Եվ նրանք իրենց հայացքը դարձրին դեպի Ռուսաստանը