Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերադառնալով Վաղարշապատ՝ Մաշտոցն իր մտքերը հայտնեց Սահակ Պարթև կաթողիկոսին և ստացավ նրա, ապա նաև ստեղծել է Վռամշապուհ թագավորի հավանությունը։ Այո, պետք էր ստեղծել հայոց դպրություն, իսկ դրա համար անհրաժեշտ էին հայկական տառեր։

Մաշտոցն իր օգնականների հետ ուղևորվեց ասորական Ամիդ և Եդեսիա քաղաքները։ Այստեղ նա խորհրդակցեց գիտնականների հետ, ուսումնասիրեց այլ լեզուների այբուբեններ, զատորոշեց հայերենի բոլոր հնչյունները՝ ձայնավորները, բաղա¬ ձայնները, և տեսավ, որ հայերենի բոլոր բառերը կազմված են ընդամենը 36 հնչյունից։ Ապա նա ձեռնամուխ եղավ հայերեն տառերի ստեղծմանը։ Նրա աշակերտ և կենսագիր Կորյունն իր «Վարք Մաշտոցի» գրքում գրում է «Եվ այսպես նա շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար.. Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ-հայերեն լեզվի նշանագրեր»։ Այնուհետև Մաշտոցը դասակարգեց այդ տառերը, որոշեց նրանց տեղը հայոց այբուբենում։ Դա տեղի ունեցավ 405 թ։ Անհունորեն դժվար այդ գործը Մաշտոցը կատարեց անթերի։ Նա ամեն մի հնչյունի համար ստեղծեց մեկ տառ, յուրաքանչյուր տառի տվեց անուն (այբ, բեն, գիմ...), թվային արժեք (Ա = 1, ժ = 10, ճ = 100, Ռ = 1 000), սահմանեց գրության ուղղությունը՝ հորիզոնական, ձախից աջ Մաշտոցյան այբուբենի առավելություններից մեկն էլ այն է, որ 36 տառերից և ոչ մեկը չունի լրացուցիչ հավելանշան (կետ, գիծ, շեշտ և այլն)։

Տառերն ստեղծելուց հետո նա գնաց հունական Սամոսատ քաղաքը և այստեղ հունարենից հայերեն թարգմանեց Աստվածաշնչի գլուխներից մեկը՝ Սողոմոն Իմաստունի Առակների գիրքը, որը եղավ հայ երեխաների առաջին ընթերցարան-դասագիրքը։ Տառերը Հայաստան բերելուց հետո Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները ձեռնամուխ եղան Աստվածաշնչի և ուրիշ գրքերի թարգմանությանը։ Ծնունդ առավ հայոց թարգմանական գրականությունը (այդ մասին դուք ավելի մանրամասն կարող եք կարդալ «Թարգմանչաց տոն» զրույցում)։ Վաղարշապատում Մաշտոցը հիմնեց հայկական առաջին դպրոցը և ինքն էլ առաջին դասերը տվեց հետո սկսեց շրջել ամբողջ Հայաստանում։ Ամեն տեղ հայկական դպրոցներ էր հիմնում և իր աշակերտներից ուսուցիչ կարգում Մաշտոցի ստեղծած տառերը և հիմնադրած հայկական դպրոցները հաճախ կոչվում են մաշտոցյան։

Մաշտոցն ու նրա աշակերտները նաև ստեղծագործում էին՝ գրում բանաստեղծություններ, պատմական գրքեր։ Այդպես սկիզբ առավ հայ գրականությունը։

Մեսրոպ Մաշտոցը վախճանվեց մոտ ութսուն տարեկան հասակում, Վաղարշապատում։ Նրա աճյունը հողին հանձնվեց Օշական գյուղում, ժողովուրդը սրբացրեց նրա անունը, իսկ աճյունն ամփոփող տաճարը դարձրեց ուխտատեղի։

1962 թ Սովետական Հայաստանում և սփյուռքում մեծ շուքով նշվեց Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը։ Նրա անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, կազմակերպություններ, դպրոցներ, փողոցներ։ Մաշտոցի կերպարը միշտ ոգեշնչման աղբյուր է եղել հայ բանաստեղծների, գրողների, նկարիչների համար, որոնք նրան ձոնել ու ձոնում են բազմաթիվ ստեղծագործություններ։