Մխիթար Գոշ
1120-ական թվականներ - 1213
1188 թ. Հայոց աշխարհի Կայեն գավառում, որի տարածքը համապատասխանում էր Հայկական ՍՍՀ-ի ներկայիս Իջևանի շրջանի տարածքին, տեղի ունեցավ մեծ երկրաշարժ։ Շատ ավերածություններ եղան, ավերվեցին նաև Գետիկ գետի ափին ընկած գյուղն ու նրա մոտ գտնվող համանուն վանքը։ Շուտով, սակայն, Մխիթար Գոշ անունով մի մարդու եռանդուն ջանքերի շնորհիվ գետի ափին հիմնադրվեցին երկու նոր գյուղ և Նոր Գետիկ վանքը, որը հետագայում դարձավ միջնադարյան Հայաստանի կրթական ու մշակութային հայտնի կենտրոններից մեկը։ Ո՞վ էր այդ Մխիթար Գոշը։
Միջնադարյան հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներից է նա՝ նշանավոր գիտնական, օրենսդիր, մանկավարժ, առակագիր, հասարակական գործիչ։ Ուսում առնելով իր ծննդավայր Գանձակ (այժմ՝ Ադրբեջանական ՍՍՀ-ի Կիրովաբադ) քաղաքում՝ գիտելիքների մեջ ավելի խորանալու նպատակով նա մեկնում է Կիլիկյան Հայաստան, ուր այդ ժամանակ վերելք էին ապրում հայ մշակույթն ու գիտությունը։ Վերադառնալով հայրենիք՝ նա մի շարք վայրերում դպրոցներ է հիմնում, ապա հաստատվում Գետիկ, երկրաշարժից հետո՝ Նոր Գետիկ վանքում։
Շուտով նրա իմաստունության համբավն այնքան է տարածվում, որ նրան աշակերտելու են գալիս նույնիսկ հեռավոր վայրերից և այն էլ՝ արդեն ուսյալ մարդիկ։ Նա մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում։ Նրան անվանում էին «հռչակավոր», «աշխարհալույս», «իմաստուն և հեզ»: Ժողովուրդն այնպիսի ակնածանք էր տածում նրա հանդեպ, որ գիտնականի մահից հետո Նոր Գետիկ վանքն անվանեց Գոշավանք Հայ միջնադարյան ճարտարապետության այդ հրաշալի կոթողն այսօր էլ կանգուն է Իջևանի շրջանի Գոշ գյուղի մոտ, բնության գեղատեսիլ մի անկյունում։
Մանկավարժական և հասարակական-քաղաքական գործունեությանը զուգընթաց Մխիթար Գոշը նաև ստեղծագործում էր։ Նրա երկերի թվում առանձնանում են Դատաստանագիրքը, ավելի ճիշտ՝ «Գիրք դատաստանին» և առակների ժողովածուն։
Մխիթար Գոշի ժամանակներում իր պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար ստեղծվել էին այն վերականգնելու որոշ նախադրյալներ։ Ահա այս պայմաններում էր, որ մեծ հայրենասերը ձեռնարկում է Դատաստանագրքի ստեղծումը, որի նպատակը պետք է լիներ բարձրացնել հայ ժողովրդի ազգային-ազատագրական ոգին, երկրի ներսում ապահովել արդարադատություն ու խաղաղություն, դրանով իսկ բոլոր ուժերը միավորել անկախություն ձեռք բերելու և հայկական կենտրոնացված թագավորությունը վերականգնելու համար։
Դատաստանագիրքը, որը հեղինակի երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է, պարունակում է 254 հոդված։ Թեև այն կոչված էր պաշտպանելու տիրող դասակարգի շահերը, սակայն հանուն արդարության Մխիթար Գոշը հստակորեն սահմանազատում է թագավորի, իշխանների