Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և մշակութային հիմնարկներն ապահովում են որակյալ մասնագետներով:

Սովետական կարգերի շնորհիվ հայ մանուկների համար ստեղծվեցին երջանիկ մանկության բոլոր պայմանները: Հանրապետությունը պատված է մսուր-մանկապարտեզների և դպրոցների խիտ ցանցով: Պիոներների բազմաթիվ պալատներում ու տներում, Երևանում գտնվող Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում և զանազան շրջաններում բացված նրա մասնաճյուղերում երեխաները զարգացնում են իրենց ընդունակություններն ու ձիրքերը: Մանկական, այդ թվում Խնկո Ապոր անվան կենտրոնական, գրադարանները նրանց առջև բացում են գրքերի հրաշագեղ աշխարհը: Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդն ստեղծել է մշակութային անանց արժեքներ Հայաստանի բոլոր անկյուններում պահպանվել են ճարտարապետական հոյակապ կոթողներ, տաճարներ, եկեղեցիներ, ամրոցներ (կամ նրանց ավերակները), խաչքարեր, որոնք վկայությունն են հայ ժողովրդի ստեղծագործ հանճարի: Հայաստանն, ասես, թանգարան է բաց երկնքի տակ, որը հրապուրում է բազմահազար զբոսաշրջիկների:

Հայ ժողովրդի կյանքի մեծագույն իրադարձություններից էր հայոց գրերի ստեղծումը 405 թ Մեսրոպ Մաշտոց կողմից: Դրա շնորհիվ ժողովուրդը հզոր զենք ստացավ մաքառումներով լի դարերի ընթացքում պահպանելու իր ազգային դեմքը, մշակույթը և հասնելու այսօրվա լուսավոր կյանքին: Պատմահայր Մովսես Խորենացի, պատմիչներ Եղիշե, Ղազար Փարպեցի, փիլիսոփաներ Եզնիկ Կողբա- ցի, Գավիթ Անհաղթ, Գրիգոր Մագիստրոս, գիտնականներ Անանիա Շիրակացի, Մխիթար Հերացի, բանաստեղծներ Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Նահապետ Քուչակ, Սայաթ-Նովա, մարանկարիչներ Թորոս Ռոսլին ու Սարգիս Պիծակ, ճարտարապետներ Մանուել, Տրդատ ու Մոմիկ ահա ոչ լրիվ ցանկը միջնադարյան հայ ականավոր դեմքերի: Նոր ժամանակներում ասպարեզ իջան գրողներ ու բանաստեղծներ Խ. Աբովյանը, Մ. Նալբանդյանը, Րաֆֆին ու Շիրվանզադեն, Պ. Դուրյանը, Դ. Վարուժանը, Հովհ. Թումանյանը, Վ. Տերյանը, Ա. Իսահակյանը, Ե. Չարենցը, Հովհ. Շիրազը, Պ. Սևակը, կոմպոզիտորներ Տ. Չուխաճյանը, Մ. Եկմալյանը, մեծ Կոմիտասը, Ա. Խաչատրյանը, նկարիչներ Հովհ. Այվազովսկին, Վ. Սուրենյանցը, Մ. Սարյանը, հայ բեմի մեծատաղանդ վարպետներ Պ. Ադամյանը, Սիրանույշը, Վ. Փափագյանը, Լ. Ներսիսյանը, ճարտարապետներ Թ. Թորամանյանը, Ա.Թամանյանը, որոնք մի նոր աստիճանի բարձրացրին հայ գրականությունն ու արվեստը: Սովետական գիտության և մշակույթի զարգացման մեջ մեծ ավանդ են մուծում սովետահայ գիտնականները, գրողները, նկարիչներն ու կոմպոզիտորները:

Հայ մշակույթի զարգացմանը մեծապես սատարել է հայկական տպագրությունը, որն սկզբնավորվել է դեռևս 16-րդ դարում: Այժմ մեր հանրապետությունում լույս են տեսնում հազարավոր տպաքանակով բազմանուն գրքեր, թերթեր ու հանդեսներ, այդ թվում նաև մանկական: Հրատարակվում է հայկական սովետական հանրագիտարանը, ինչպես նաև այս գիրքը, որ հիմա դուք կարդում եք:

Հայ ժողովրդի համար թանկ են իր սոցիալիստական նվաճումները: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա քաջարի զավակները Սովետական Միության բոլոր ժողովուրդների հետ կողք կողքի հերոսաբար մարտնչեցին հիտլերյան զավթիչների դեմ: Այդ գոտեմարտում իրենց զորավարական տաղանդով փայլեցին հայ մարշալներ