Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիվանդությունների ախտորոշման ու բուժման վերաբերյալ:

Հերացին տենդային հիվանդությունները բաժանել է երեք խմբի «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ» անող: Հետաքրքիր է նրա տեսությունը հատկապես «բորբոսային» տենդի մասին: Բժշկապետը գտնում էր, որ այդ տենդը վարակիչ է, իսկ նրա պատճառը մարդու արյան և մյուս հեղուկների մեջ գոյացող «բորբոսն» է, որը, կուտակվելով որևէ օրգանում, առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը: Մասնագետները հաստատում են, որ մինչև մանրէների հայտնագործումը ոչ մի բժիշկ չի օգտագործել մարդու օրգանիզմում տեղի ունեցող վարակական պրոցեսն այդքան դիպուկ արտահայտող հասկացություն («բորբոս»), ինչպես այդ արել է հայ գիտնականը:

Մխիթար Հերացին առաջադեմ մտածող էր: Նա ժխտում էր հոգու անմահության միջնադարում տիրապետող գաղափարը և գտնում էր, որ մարմինն ու հոգին (շունչը) միասին են մեռնում: Դա իր ժամանակի համար համարձակ կարծիք էր: Նա հիվանդներին բուժում էր ոչ թե կախարդությամբ ու թովչությամբ, ինչպես տարածված էր այն ժամանակ, այլ փորձնական ճանապարհով գտնում էր հիվանդությունների բուն պատճառները և ըստ այդմ էլ բուժում դրանք՝ օգտագործելով, հիմնականում, բուսական դեղամիջոցներ: Իր գրքում նա հիշատակում է շուրջ 200 դեղաբույսեր, ինչպես նաև հանքային ու կենդանական ծագում ունեցող մի շարք դեղանյութեր, նշում դրանց բուժիչ հատկությունները: Հմուտ բժիշկը հիվանդին բուժելիս կիրառում էր նաև երաժշտություն, բարոյական աջակցություն հորդորանքի, խրախուսանքի, քաջալերման ձևով, որոնք, նրա կարծիքով, բարձրացնում են հիվանդի տրամադրությունը և նպաստում ապաքինմանը:

Մեծ բժշկապետի «Ջերմանց մխիթարությունը» երկար դարեր լավագույն ձեռնարկ-դասագիրք է եղել հայ բժիշկների և բժշկություն սովորողների համար: Հեղինակի խոստովանությամբ, նա իր գիրքն այդպես էր անվանել, որպեսզի այն «մխիթարի բժշկին ուսմամբ, իսկ հիվանդին առողջությամբ»: Հատկանշական է, որ այն գրվել է ժողովրդին հասկանալի միջին հայերենով, պարզ ու պատկերավոր լեզվով: Հերացու ստեղծած շատ տերմիններ դեռ այսօր էլ գործածվում են հայ բժշկագիտության մեջ:

Լայն հետաքրքրասիրությունների տեր գիտնականն զբաղվել է նաև աստղաբաշխությամբ, քիմիայով և ուրիշ բնական գիտություններով, գրել դրանց վերաբերյալ աշխատություններ, որոնցից, ցավոք, միայն պատառիկներ են պահպանվել:

Ժամանակն անզոր եղավ խամրելու մեծ բժշկապետի ու գիտնականի վաստակը: 19-րդ դարում նրա «Ջերմանց մխիթարությունը» հրատարակվեց, ապա թարգմանվեց մի շարք լեզուներով և հայտնի դարձավ եվրոպական գիտությանը: Այդ բարձրարժեք աշխատությունը ոչ միայն չի կորցրել իր նշանակությունը, այլև դարձել է լուրջ ուսումնասիրության առարկա՝ շարունակելով զարմանք ու հիացմունք պատճառել մասնագետներին:

Մխիթար Հրացու անունով փողոցներ կան Երևանում ու Կիրովականում:


Մկաններ

Մեր բոլոր շարժումները կատարում են մարմնի հատուկ օրգանները՝ մկանները: Մարդու մարմնում դրանց թիվը հասնում է մոտ 500-ի, որոնցից ամեն մեկն իր խնդիրն ունի