Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չարենց Եղիշե Աբգարի

1915 թ խոր աշունն էր: Ձյուն էր դրել սարերի կատարներին: Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով: Լեռան կատարին, ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ:

Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական: Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը: Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (իսկական ազգանունը Սողոմոնյան): Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914—1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ:

Պատերազմի դաշտերում, դառն իրականությանը բախվելով, փշրվեցին հայ ժողովրդի ազատագրության հույսերը: Բայց ժողովրդի փրկության ուղիների որոնումը շարունակվում էր: Այդ որոնումներն էլ պատանի բանաստեղծին հասցրին Մոսկվա, ուր նա ականատես եղավ ցարական ինքնակալությունը տապալող ժողովրդական զանգվածների հեղափոխական ելույթներին, ապա Ցարիցինի (այժմ՝ Վոլգոգրադ) տակ և Հյուսիսային Կովկասում կռվեց հաղթանակած ժողովրդի իրավունքների ու պաշտպանության համար: Այս տպավորություններից ծնվեց «Ամբոխները խելագարված» հերոսական ասք պոեմը ուր փառաբանվում են ազատագրական պայքարի ելած ժողովրդի հեղափոխական կամքը, դյուցազնական ոգին ու նպատակների վեհությունը:

1919 թ արդեն կոմունիստ Չարենցը Հայաստանում էր: Նա ցնծությամբ դիմավորեց սովետական կարգերի հաստատումը և դարձավ նոր կյանքի ու իրականության ամենաակտիվ կերտողներից մեկը: Արդեն մեծ հռչակ ունեցող բանաստեղծն անցավ գրական-կազմակերպչական խնդիրների լուծման և դարձավ սովետահայ գրականությունն սկզբնավորողներից մեկը: Նրա «Երկիր Նայիրի» վեպը սովետահայ արձակի հիմնաքարն է: Այդ վեպի նյութն ընդգրկում է առաջին համաշխարհային պատերազմի սկզբից մինչև 1919 թ թուրքական զավթիչների կողմից Կարս քաղաքի գրավումն ընկած ժամանակաշրջանը: Այստեղ Չարենցը ներկայացրել է հայ ժողովրդի ողբերգական վիճակն այդ շրջանում:

Չարենցի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Վ. Ի. Լենինին նվիրված գործերը: Հեղափոխության մեծ առաջնորդին տեսել ու լսել էր անձամբ: Նրա մահվան ցնցող ազդեցության տակ գրում է «Լենին» սքանչելի բանաստեղծությունը: Այնուհետև Լենինի կերպարն անբաժան էր բանաստեղծից: 1924 թ կատարած իր արտասահմանյան ուղևորության ժամանակ ստեղծում է «Լենինն ու Ալին», «Բալլադ Վլադիմիր Իլյիչի, մուժիկի և մի զույգ կոշիկի մասին», «Լենին քեռին» հրաշալի բալլադները և այլ գործեր։

Չարենցը մեծ տեղ էր հատկացնում թարգմանությանը: Նա շատ թարգմանություններ է կատարել աշխարհի բազմաթիվ բանաստեղծներից: Ռուս հեղինակներից հատկապես շատ է սիրել Ա. Պուշկինին, Մ. Գորկուն, Վ. Մայակովսկուն, Ս. Եսենինին, թարգմանել նրանց ստեղծագործությունները: Չարենցն անչափ սիրում էր երեխաներին,