Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրա անվան շուրջը լեգենդներ էին հյուսվում: Այդ լեգենդները պատմում էին ոչ միայն իրենց հրամանատարին անձնուրաց նվիրված կարմիրբանակայինները, այլև թշնամիները, որոնք ատում էին Չապաևին և սարսափում նրանից: Նա, իրոք, զարմանալի քաջ, ազնիվ ու անկեղծ մարդ էր: Ինչպես քաղաքացիական պատերազմի նշանավոր շատ հրամանատարներ, Չապաևը նույնպես ռազմական կրթություն չէր ստացել: Նրան՝ աղքատ գյուղացու որդուն, տասներկու տարեկան հասակում ծառայության տվեցին վաճառականի մոտ: Հետո Վասյան հոր և ավագ եղբայրների հետ սկսեց ատաղձագործություն անել, նրանց հետ միասին ոտքի տակ տվեց ամբողջ Սամարայի նահանգն ու Ուրալի օկրուգը: Նրա մտքով չէր էլ անցնում, որ մի քանի տարի հետո, խիզախ ու հանդուգն ջոկատի գլուխ անցած, սլանալու է այդ վայրերով սարսափի մատնելով երիտասարդ սովետական հանրապետության թշնամիներին: Չապաևը քաջաբար մարտնչել էր 1914—1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմում: Հանուն ցարի, հանուն կալվածատերերի ու գործարանատերերի չէ, անշուշտ, որ այդ ժամանակ կռվում էր Չապաևը: Նա սիրում էր իր հայրենիքը և կռվում էր հանուն նրա: Եվ հենց այդ պատճառով առաջին իսկ օրերից նա անցավ հեղափոխության կողմը: Կարմիրբանակայինների ջոկատի հրամանատար եղած ժամանակ Չապաևը դրսևորեց ոչ միայն քաջություն, այլև կազմակերպչի, զորապետի տաղանդ: Նրա փառքը թնդում էր Ուրալով մեկ, և հարյուրավոր մարդիկ համախմբվում էին Չապաևի շուրջը, որպեսզի թշնամու դեմ կռվեն նրա հրամանատարությամբ: 1919 թվականը, թերևս, ամենածանր տարին էր սովետական հանրապետության կյանքում չորս կողմից հարձակվում էին սպիտակգվարդիականներն ու օտարերկրյա զորքերը: Սակայն նրանց դեմ ելան երկաթյա դիվիզիաները: Եվ դրանցից մեկը Չապաևի գլխավորությամբ գործող 25-րդ դիվիզիան էր: Հրամանատարը բազմիցս մարտի տարավ իր դիվիզիան' փախուստի մատնելով թվով ու զենքով գերակշիռ թշնամուն: Այդ մարտերում չապաևականները հազարավոր սխրանքներ գործեցին: Թշնամին վաղուց փորձում էր Չապաևին ծուղակը գցել Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը սպիտակգվարդիականներն անակնկալ հարձակվեցին 25-րդ դիվիզիայի շտաբի վրա, որը տեղավորված էր Լբիշչենսկում (այժմ՜ Չապաևո) Չապաևն ու նրա ջոկատն արիաբար կռվում էին թշնամու դեմ: Բայց ուժերը խիստ անհավասար էին: Ծանր վիրավորված Չապաևը խեղդվեց Ուրալ գետում: Բայց մարտիկները չէին ուզում հավատալ, որ Չապաևն այլևս չկա Նրա մասին հյուսված բազմաթիվ երգերում, ասքերում ու լեգենդներում պատմվում էր, որ նա չի խեղդվել ու չի զոհվել, այլ ապրում է և շարունակում խփել թշնամուն Սպիտակգվարդիականներն անգամ սկսեցին հավատալ դրան, որովհետև Չապաևի դիվիզիան հետո էլ արիաբար մարտնչում էր ու սարսափի մատնում թշնամուն, ասես առաջվա նման նրա գլուխն անցած իր սև յափնջին ուսերին արշավում էր հերոս Չապաևը: Նա շարունակեց ապրել նաև պատերազմից հետո իր դիվիզիայի նախկին կոմիսար, սովետական հրաշալի գրող Դ. Ս. Ֆուրմանովի գրքում, նկարահանված կինոֆիլմում Իսպանիայում շատ հանրապետականներ ֆաշիստների դեմ մարտի էին նետվում նրա անունը շուրթերին: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նրա անունով ջոկատներ էին անվանում պարտիզանները: Նրա անունն ապրում է նաև այժմ և կապրի ընդմիշտ, որովհետև Չապաևն իր կյանքը զոհեց հանուն մեծ գործի հանուն սովետական ժողովրդի ազատության, հանուն մեր այսօրվա լուսավոր ու պայծառ կյանքի: