Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովետական Միության կոմունիստական կուսակցությունը մեծ ուշադրություն է հատկացնում այդ կառույցներին։ Կուսակցության 27-րդ համագումարում շնորհավորանքների արժանացան և նորանոր հաջողությունների մաղթանքներ ստացան առաջամարտիկների հերոսական կոլեկտիվները, որոնց աշխատանքը հայրենիքի բարօրությանն է ծառայեցնում հսկայական բնական հարստություններ, նոր կյանք տալիս Սիբիրի, Հյուսիսի, Միջին Ասիայի և Հեռավոր Արևելքի ընդարձակ շրջանների։

Հացենի

Զարմանալի անուններ ունեն հայկական բնաշխարհում տարածված մի շարք ծառեր՝ հաճարենի, բոխի, լորենի, հացենի։ Չէ՞ որ հաճարենին ոչ մի ընդհանուր բան չունի հաճարի՝ ցորենի մի տեսակի հետ, բոխին ոչնչով չի հիշեցնում բոխի բանջարը, իսկ լորենին՝ լոր թռչունը։ Հավանաբար, նույնը չի կարելի ասել հացենու մասին։ Ժողովուրդն ասում է, որ հնում հացի պակասության տարիներին հայերն այս ծառի կեղևից ժապավեններ էին կտրում, զատում ներսի շերտը և չորացնում մարմանդ կրակի վրա։ Հետո դրանք ծեծում էին, դարձնում փոշի և խառնում ցորենի ալյուրին։ Ահա հենց դրա համար էլ, երևի, ծառը կոչվել է հացենի։

Հացենին խոշոր, մինչև 25-35 մ բարձրության հասնող ծառ է։ Տերևները փետրաձև են, բարդ, այսինքն՝ յուրաքանչյուր տերև կազմված է մի քանի տերևիկներից։ Ծաղկում է ապրիլի վերջերին։ Ծաղիկներն անշուք են, բայց նրանց շուրջը հաճախ կարելի է տեսնել ժրաջան մեղուների, որովհետև հացենին մեղրատու բույս է։ Պտուղներն ունեն թևանման ելուստ և կոչվում են թևապտուղներ։ Բազմանում է հացենին սերմերով։

Հացենին բավականին երկարակյաց ծառ է, ապրում է 300-400 տարի։ Նա հավասարաչափ լավ աճում է և՛ խոնավ, և՛ չոր անտառներում, և՛ քարքարոտ, գրեթե հողազուրկ լեռնալանջերին, և՛ փարթամ բուսականությամբ ծածկված վայրերում։ Այդ պատճառով էլ մեր հանրապետությունում այն հաճախ են օգտագործում բարձր լեռնային շրջանների չոր ու քարքարոտ վայրերն անտառապատելու համար։ Որոշ տեսակներ կիրառվում են նաև կանաչապատման նպատակով։ Արժեքավոր է նաև հացենու բնափայտը։ Այն ճկուն է, ամուր, գեղեցիկ նախշերով։ Նրանից պատրաստում են գործիքների փայտե մասեր, կահույք, օգտագործում են շինարարության, մեքենաշինության, վագոնաշինության, ինքնաթիռաշինության մեջ։

Հացենին նաև գազպենատու բույս է։ Գազպենը կամ մանանան քաղցրահամ հյութ է, որ երեկոյան ցողի նման նստում է հացենու, կաղնու վրա։ Առատ ու հրաշալի գազպեն է լինում Տարոնի Մշո դաշտում, Սասունում։ Դեռևս ոչ վաղ անցյալում հայ կանայք հաճախ էին խմբերով անտառ մտնում՝ գազպեն հավաքելու։ Հավաքած գազպենը հետո եռացնում էին, թանձրացնում և օգտագործում մեղրի փոխարեն։

Հացենին տարածված է Կովկասում, ՍՍՀՄ-ի եվրոպական մասում, Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում և այլուր։ Մեր հանրապետության տարածքում հացենին աճում է գրեթե բոլոր անտառներում՝ կաղնու, բոխու, ղաժու, հաճարենու և այլ ծառերի հարևանությամբ։ Հնում Հայաստանի Տարոն