Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այբուբենը դեռ ծառայում է մարդկանց: Ծովում տեղի ունեցող աղետի ազդանշանը մինչև այժմ էլ հաղորդում են Մորզեի այբուբենով՝ երեք կետ, երեք գիծ, երեք կետ` ՏՕՏ, ազդանշանը հայտնի է աշխարհի բոլոր մարդկանց:

Մորզեի ապարատում կետերն ու գծերը հաղորդվում են հեռագրական բանալու միջոցով: Եթե սեղմենք բանալին, ապա էլեկտրական մարտկոցից կապի գծի մեջ հոսանք կանցնի, որը կհասնի գծի մյուս ծայրում գտնվող էլեկտրամագնիսին (սրա մասին դուք կարող եք կարդալ «Ռելե» զրույցում): Երբ հոսանքն անցնում է էլեկտրամագնիսով, վերջինս դեպի իրեն է ձգում ծայրին անվակ ունեցող լծակը: Իսկ անվակն ինքը սուզված է հեղուկ ներկի մեջ: Երբ հեռագրիչը սեղմում է բանալին, շղթայով հոսանք է անցնում, անվակն էլ հետք է թողնում ժապավենի վրա: Եթե բանալին սեղմվի կարճ ակնթարթ միայն և իսկույն բաց թողնվի, կստացվի կետ, իսկ փոքր-ինչ ավելի պահելու դեպքում գիծ:

Անցյալ դարի կեսին ռուս գիտնական Բ. Ս. Յակոբին ստեղծեց տպագրական այնպիսի մի ապարատ, որը թղթի վրա միանգամից տառեր էր տպում: Սակայն մեր դարում էր միայն, որ տառատպիչ ապարատները՝ հեռատիպերը, սկսեցին աշխատել փոստատներում, խոշոր թերթերի խմբագրություններում:

Հեռատիպը բանալի չունի, բայց ունի նույնպիսի ստեղնաշար, ինչպիսին գրամեքենայինն է: Հեռագրիչը հաղորդիչ ապարատով տպում է հաղորդագրության տեքստը, իսկ գծի մյուս ծայրին ընդունող ապարատը «վերծանում» է էլեկտրական ազդանշանները՝ տպագրիչ մեխանիզմին հարկադրելով թղթի գլանափաթեթի կամ ժապավենի վրա տպագրել տառերն ու բառերը:

Հաճախ հարկ է լինում հեռավոր տարածություններ հաղորդել նաև անշարժ պատկերներ, գծագրեր: Դա կատարվում է լուսահեռագրության օգնությամբ, որտեղ, էլեկտրական ազդանշաններից բացի, օգտագործվում են նաև լուսային ազդանշաններ: Լուսահեռագրության գյուտարարը հայ ինժեներ Հ. Ադամյանն է, որը 1930 թ Մոսկվայից Լենինգրադ հաղորդեց առաջին լուսահեռագիրը:

Հեռախոս

Խոսքն ու այլ հնչյուններ ցանկացած հեռավորություն հաղորդելու համար ամերիկացի պրոֆեսոր, խուլ ու համրերի դպրոցի դասատու Ա. Գ. Բելը 1876 թ ստեղծեց հատուն մի սարք` հեռախոս: Կապի գծի մի ծայրում՝ միկրոֆոնում, ձայնային ալիքները փոխակերպվում են էլեկտրական հոսանքի ալիքների: Այդ ալիքները, գրեթե չթուլանալով, մի զույգ պղնձե հաղորդալարերով երկար տարածություն են անցնում: Գծի մյուս ծայրում՝ լսափողում, էլեկտրական հոսանքի ալիքները նորից փոխակերպվում են ձայնային ալիքների:

Խոսակցություն վարելու համար կապի գծի յուրաքանչյուր ծայրում պետք է տեղադրված լինեն թե՛ միկրոֆոն, թե՛ լսափող: Միկրոֆոնն ու լսափողը միավորող հարմարանքն անվանում ենք հեռախոսափող: Այն հաղորդալարերով միացված է խոսային ապարատին: