Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անունն ընդմիշտ կմնա պիոներիայի պատմության էջերում:

1920-ական թվականներին, օգնելով երիտասարդ սովետական իշխանությանը, պիոներները մասնակցում էին աշխատանքային շաբաթօրյակների և կիրակնօրյակների, դպրոց բերում հազարավոր անապաստան երեխաների, Բուդյոննու հեծելազորի համար նժույգներ էին խնամում մեծացնում: 1930-ական թվականներին աշխատանքային սխրագործությունների համար բազմաթիվ պիոներներ պարգևատրվեցին հայրենիքի շքանշաններով: Տասնմեկամյա տաջիկ պիոներուհի Մամլաքաթ Նախանգովան առաջինն սկսեց բամբակը հավաքել երկու ձեռքով (այն ժամանակ բամբակահավաք մեքենաներ չկային) և կոլտնտեսուհիներին սովորեցրեց աշխատել հարվածայնորեն: Սովետական կառավարությունը փոքրիկ հերոսուհուն պարգևատրեց Լենինի շքանշանով:

Բռնկեց պատերազմը: Պիոներներն աշխատում էին հաստոցների մոտ ու համայնական դաշտերում, օգնում ճակատայինների ընտանիքներին, համերգներ կազմակերպում հոսպիտալներում, խնամում վիրավորներին, ռազմաճակատ ուղարկում ծանրոցներ ու նամակներ: Որտեղ էլ որ ապրելիս լինեին նրանք` խոր թիկունքում, ճակատամերձ գոտում, թե ժամանակավորապես թշնամու գրաված տարածքում, ամենուր հավատարիմ էին մնում իրենց պիոներական պարտքին, սրբորեն պահպանում էին կարմիր վզկապները, հաղթանակի համար անում այն ամենը, ինչ կարող էին:

Հիտլերականները չէին էլ կասկածում, թե ահեղ պարտիզան Վլադիմիր Կազնաչեևը, որը տասնհինգ գնացք էր խորտակել, ընդամենը 14 տարեկան էր: Պիոներ Լյոնյա Գոլիկովը սպանեց գերմանացի մի գեներալի և ձեռք բերեց ռազմական կարևոր փաստաթղթեր: Իսկ նրա հասակակից Մարատ Վազելը անհավասար մարտում ոչնչացրեց ավելի քան մեկ տասնյակ հիտլերականների: Հազարավոր պատանի հերոսներ արժանացել են շքանշանների ու մեդալների:

Մարատ Կազեյին, Լյոնյա Գոլիկովին, Ջինա Պորտնովային, Վալյա Կոտիկին ետմահու շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում:

Պիոներները սխրանքներ են գործում նաև խաղաղ ժամանակներում: Պատերազմի ավարտից քիչ անց վրացի պիոներուհի, Բոբոկվատի դպրոցի դրուժինայի խորհրդի նախագահ Նաթելա Չելեբաձեն աճեցրեց և հավաքեց թեյի չտեսնված բերք` հեկտարից 6750 կգ: Նման հաջողության չէին հասել նույնիսկ փորձառու թեյագործները: Պիոներներն օգնել են կառուցելու «Բարեկամություն» նավթամուղը, հերկելու խոպանը, այգիներ գցելու: Նրանց հավաքած մետաղի ջարդոնով պատրաստվել է հարյուր հազար տրակտոր: Իրենց աշխատանքով դրամ են վաստակել Չուկոտկայում պիոներական պալատ կառուցելու համար: Նրանց ավանդը կա նաև Բայկալ-Ամուրի մայրուղու շինարարության մեջ:

Զուր չէ, որ Համամիութենական պիոներական կազմակերպության դրոշի վրա շողշողում են Լենինի երկու շքանշան:

Հարկավոր է լավ հիշել, որ հերոս է դառնում միայն նա, ով իր գործերով, մտքերով, արարքներով ապրում է հանուն մարդկանց: Միայն այդ դեպքում է, որ ապրած յուրաքանչյուր օրով նա իրեն նախապատրաստում է սխրանքի: Եվ հետո, հերոսությունը սխրանք գործելու կարճատև պահը չէ միայն: Հերոսական կարող է լինել ամբողջ կյանքը, եթե այն անմնացորդ նվիրվի մարդկանց: