Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստիճանի անցնեն ավելի վաղ, քան որևէ այլ վայրում։ Նրանք առաջինը սովորեցին աշխատանքի գործիքներ ու զենք պատրաստել մետաղներից: Այստեղ հասարակությունը վաղ բաժանվեց դասակարգերի՝ ստրուկների ու ստրկատերերի, աղքատների ու հարուստների, ուստի և ձևավորվեցին պետություններ՝ իրենց օրենքներով, դատարաններով, բանակներով, որոնք ամրապնդում էին ստրկատերերի իշխանությունը։

Վարարող գետերը սանձելու և դաշտերը ոռոգելու համար մարդիկ փորում էին ջրանցքներ, կառուցում ամբարտակներ։ Այդ ծանր աշխատանքները կատարում էին ստրուկները։ Նրանց աշխատեցնում էին նաև հանքերում ու քարհանքերում։ Ստրուկներ էին դարձնում ինչպես գերիներին, այնպես էլ հարուստներից ստրկական կախման մեջ ընկած ազատ մարդկանց։ Ստրուկները և՛ իրավազուրկ էին, և՛ ընչազուրկ: Ստրուկը համարվում էր տիրոջ իրը և ամբողջովին ենթակա էր նրա կամքին։ Նրան կարելի էր վաճառել, անգամ սպանել։

Ազատ մարդկանց մեջ կային երկրագործ գյուղացիներ և սեփական արհեստանոցներում աշխատող արհեստավորներ։ Երբ նրանցից մեկնումեկը սնանկանում էր, խղճուկ վճարով աշխատանքի էր վարձվում ունևոր հարևանի մոտ։ Ի տարբերություն ստրուկների, այդ չքավորները որոշ իրավունքներ ունեին: Նրանք կարող էին դատի տալ իրենց իրավունքները ոտնահարողին, աշխատանքի վարձվել ուրիշ տիրոջ մոտ։

Հին Արևելքի հզորազոր թագավորներն ունեին հետևակ և հեծյալ ռազմիկների բազմահազարանոց բանակներ։ Նրանք նվաճողական պատերազմներ էին վարում, տնօրինում անհաշիվ հարստություններ: Թագավորների պատվին կառուցվում էին շքեղ դամբարաններ, որոնք թագավորների մահից հետո ևս հիշեցնում էին նրանց իշխանության հզորության մասին: Եգիպտոսում կառուցում էին բուրգեր (այդ մասին դուք կարող եք կարդալ «Եգիպտական բուրգեր» զրույցում)։ Այնտեղ փարավոններին (թագավորներին) համարում էին աստվածներին հավասար։ Բուրգերն ու տաճարները նույնպես հիմնականում ստրուկներն էին կառուցում։ Հյուծիչ աշխատանքից և լիակատար իրավազրկությունից հուսահատության շեմին հասած ստրուկներն ու չքավորները հաճախ ապստամբություններ էին բարձրացնում, որոնք սասանում էին Հին Արևելքի շատ պետությունների հիմքերը։

Հին Արևելքի երկրներում կային բազմաթիվ հմուտ վարպետներ, տաղանդավոր գյուտարարներ, գիտնականներ։ Այստեղ են ծնունդ առել աստղագիտությունը, մաթեմատիկան, բժշկագիտությունը և այլ գիտություններ, ստեղծվել է գիրը, կատարվել են կարևոր շատ հայտնագործություններ ու գյուտեր։ Այսպես, Շումերում է ստեղծվել բրուտագործական անիվը։ Հախճապակե ամաններն առաջինը պատրաստել են Հին Եգիպտոսում, ճենապակե ամանները, ինչպես նաև մետաքսն ու թուղթը՝ Չինաստանում։ Հնդիկներն ստեղծեցին թվանշանները։ Հին Արևելքի երկրներում յուրացվեցին կամ բուծվեցին բազմաթիվ օգտակար բույսեր, ընտելացվեցին գրեթե բոլոր ընտանի կենդանիները։

Հին Արևելքի երկրներից տեղափոխվենք անտիկ աշխարհ՝ Հին Հունաստան (որի մասին դուք կարող եք կարդալ նաև «Հին հույներ» զրույցում) և Հին Հռոմ։ Հունական գլխավոր պետությունը՝ Աթենքը, ստրկատիրական պետություն էր։ Աթենքում բոլոր չափահաս տղամարդիկ (բացի ստրուկներից և օտարերկրացիներից) կարող էին մասնակցել ժողովրդական ժողովին, նրանք էին ընտրում իրենց կառավարիչներին, դատավորներին, զորահրամանատարներին։ Այստեղ ևս ծանր աշխատանքը կատարում էին ստրուկները։

Աթենացիները գիտական ակնառու աշխատություններ են ստեղծել երկրաչափության, բժշկության, փիլիսոփայության և աշխարհագրության վերաբերյալ։ Թատրոնի համար նրանք գրում էին ողբերգություններ ու կատակերգություններ, կառուցում էին գեղեցիկ տաճարներ ու պալատներ, կերտում մարմարե արձաններ։ Ողջ աշխարհին հայտնի են Հին Հունաստանի քանդակագործների և ճարտարապետների անմահ ստեղծագործությունները։

Հունական մյուս խոշոր ստրկատիրական պետությունը Սպարտան էր՝ խստաբարո ռազմիկների երկիրը: Յուրաքանչյուր սպարտացու դեռ մանկուց կոփում էին, նախապատրաստում պատերազմի։

Մեր թվականությունից առաջ՝ 2-րդ դարում ամբողջ Հունաստանն ընկավ հռոմեացիների գերիշխանության տակ։

Հռոմեական պետությունը գոյատևեց ավելի քան հազար տարի։ Բոլոր հին երկրներից այն ամենաընդարձակն էր. նրա կազմի մեջ մտավ ոչ միայն Հունաստանը, այլև Արևելքի շատ երկրներ։ Դա ստրկատիրական պետություն էր: Ստրուկներ և հողեր ձեռք բերելու նպատակով Հռոմեական