Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սայաթ–Նովան ծնվել է Հալեպից Թիֆլիս (Թբիլիսի) գաղթած աղքատ արհեստավորի ընտանիքում: Նրա իսկական անունը Հարություն է, հին Թիֆլիսի բարբառով՝ Արութին: Տասներկուամյա Արութինին ծնողները տալիս են վարպետ ջուլհակի մոտ արհեստ սովորելու: Երկու տարի անց նա այնքան է հմտանում իր արվեստում, որ նույնիսկ ջուլհակային նոր դազգահ է հորինում:

Նրա տարերքը, սակայն երգ–երաժշտությունն էր, որով հրապուրված էր մանկուց: Փոքրիկ Արութինը լավ ձայն ուներ, սովորել էր քամանչա, չոնգուր և թամբուր նվագել: Պատանի հասակում նա շրջագայում է տարբեր երկրներում, շփվում զանազան մարդկանց հետ, ձեռք բերում բազմազան գիտելիքներ: Այդ տարիներին էլ կատարելագործում է իր աշուղական արվեստը և իբրև աշուղ մկրտվում Սայաթ–Նովա անունով, որ պարսկերեն է և նշանակում է «երգի որսորդ»:

Աշուղները ժողովրդական բանաստեղծ–երաժիշտներ էին, որոնք թե′ երգեր էին հորինում, և թե՛ երգում դրանք՝ ժողովրդական որևէ նվագարանով նվագակցելով իրենք իրենց: Նրանք կազմակերպում էին հատուկ մրցավեճեր, երգերի միջոցով իրար առաջադրում դժվար հանելուկներ ու խնդիրներ: Պարտվողը հաղթողին էր հանձնում իր նվագարանը։ Սայաթ–Նովան անպարտ աշուղ էր, նա երբեք ցած չի դրել իր նշանավոր քաման, որի մասին մի գեղեցիկ երգ է գրել։

Հռչակված երաժշտին հրավիրում են արքունիք, և նա դառնում է վրաց Հերակլ Երկրորդ թագավորի պալատական աշուղը։ Ու թեև նա ծառայում էր թագավորական պալատում, բայց իր ողջ էությամբ նվիրված էր հասարակ ժողովրդին, իրեն անվանում էր «խալխի նոքար» (ժողովրդի ծառա):

Իմանալով վրացերեն և ադրբեջաներեն` Սայաթ–Նովան բազմաթիվ բանաստեղծություններ է գրել նաև այդ լեզուներով` դառնալով ոչ թե մեկ, այլ միանգամից երեք ժողովուրդների բանաստեղծ:

Սայաթ–Նովան սովորական աշուղ չէր, այլ մեծ բանաստեղծ ու արվեստագետ: Նա եղբայրական երեք ժողովուրդների լեզուներով երգել է սեր ու գեղեցկություն, շքեղ ու գրավիչ պատկերներով արտահայտել իր տխրությունն ու ուրախությունը։ Նա իրավամբ համարվում է սիրո մեծագույն երգիչ։ Սայաթ—Նովան նաև ազնվության ու արդարության երգիչ է։ Նա համարձակորեն հանդես է գալիս նույնիսկ իրեն հովանավորող Հերակլ թագավորի դեմ՝ պահանջելով արդար լինել, սանձահարել անխիղճ իշխաններին, թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը։ Այդ ամենն իհարկե, դուր չէր գալիս նենգ պալատականներին, որոնք ձգտում էին ազատվել իրենց արատները քննադատող բանաստեղծից։ Եվ դա նրանց հաջողվեց։ Թագավորի հրամանով Սայաթ–Նովան 1759 թ․ հեռացավ պալատից և վտարվեց Թիֆլիսից։ Բանաստեղծ Սայաթ–Նովան դարձավ քահանա Տեր–Ստեփանոս։ Նրան ուղարկեցին Պարսկաստանի Էնզելի քաղաք՝ հայկական եկեղեցում ծառայելու։ Այստեղ նա արտագրել է հայ մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմը։ Մի ուրիշ գիրք էլ է նա արտագրել։ Սայաթ–Նովայի արտագրած այդ երկու ձեռագիր գրքերն այժմ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Պահպանվել է նաև նրա ձեռքով գրված մի ժողովածու («Դավթարը»), որի մեջ ընդգրկված են իր իսկ հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն բանաստեղծությունները։

Կյանքի վերջին տարիներին Սայաթ–Նովան ապրեց Թիֆլիսի Սուրբ Գևոորգ եկեղեցում, ապա՝ Հաղպատի վանքում (այժմ՝ Հայկական ՍՍՀ–ի Թումանյանի շրջանում)։ Պատմում են, թե նա երբեմն–երբեմն ծածուկ դուրս էր գալիս վանքից, հագնում իր աշուղական զգեստները և մասնակցում խնջույքների, աշուղական մրցավեճերի։