Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՊԱՊ

(Պատրաստ աշխատանքի և պաշտպանության)

ՊԱՊ-ի կրծքանշանի վրա պատկերված երկու շեշտակի ձգված մարզիկներն ասես առաջ նետվելու կոչ են անում: Առա՛ջ: Կորչի՛ ծուլությունը:

Հնարավոր է, որ դուք երազում եք դառնալ տիեզերանավի կոնստուկտոր կամ քիմիկոս, կենսաբան կամ մանկավարժ: Ինչ մասնագիտություն էլ ընտրեք, ամուր մկանները, հիանալի առողջությունն ու տրամադրությունը միշտ ձեր հուսալի հենարանը կլինեն:

Գիտե՞ք, թե ինչու դեռևս 1931 թ. սովետական թերթերի ու ամսագրերի էջերում սկսեցին հաճախ հայտնվել ՊԱՊ տառերը: Երիտասարդ երկրին անհրաժեշտ էին տոկուն, ուժեղ աշխատողներ: ՊԱՊ համալիրը, համընդհանուր ֆիզկուլտուրան դարձան սովետական մարդկանց վստահելի օգնականներն աշխատանքում: Իսկ 1934 թ. «Պիոներսկայա պրավդա» թերթերի էջերից երկրի բոլոր պիոներներին ուղղված նոր կոչ հնչեց. «Պիոնե'ր, եղի'ր պատրաստ աշխատանքի և պաշտպանության»: Այսպես սկսեց իր ճանապարհը պիոներական մարզական ԵՊԱՊ համալիրը:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆիզիկական ամուր կոփվածքը, ճարպկությունը, տոկունությունը կարմիր բանակի զինվորներին ու սպաներին օգնում էին հաղթելու դժվարին ճակատամարտերում, կատարելու ամենահանդուգն ու ամենախիզախ ռազմական գործողություններ:

Պիոներների օրենքներից մեկն է. «Յուրաքանչյուր պիոներ`ՊԱՊ–կրծքանշանակիր»: Այս կոչը «Պիոներսկայա պրավդան» հրապարակեց 1972 թ. մարտին` համամիութենական նոր ՊԱՊ համալիրի մեկնարկից անմիջապես հետո:

Ինչո՞վ է նոր ՊԱՊ համալիրը տարբերվում նախորդից: Եթե նայեք նորմատիվների աղյուսակին, հեշտությամբ կկռահեք, որ նոր համալիրի գլխավոր առանձնահատկությունը նորմատիվային պահանջները սպորտի համաշխարհային բարձրագույն նվաճումներին մոտեցնելն է: Աճել են ռեկորդները, աճել են ՊԱՊ-ի կրծքանշանի հավակնորդներին ներկայացվող պահանջները:

Այսօրվա ՊԱՊ համալիրում տեղ են գտել ոչ միայն այն մարզաձևերը, որոնց արդյունքները չափվում են մետրերով, սանտիմետրերով, վայրկյաններով: Եթե դուք նպատակ եք դրել «ոսկե» կրծքանշան ստանալ, ապա ցուցադրեք, խնդրեմ, արգելագոտի հաղթահարելու ձեր ունակությունը, ձեր հմտությունն ու տոկունությունը տուրիստական արշավում:

ՊԱՊ-ի բարձունքները գրոհելու համար պիոներներն այսօր ունեն հուսալի օգնականներ: Դրանցից է, օրինակ, «Բարեկամություն» թեթևաթլետիկական քառամարտը, որի բոլոր չորս ձևերն էլ ընդգրկված են ՊԱՊ համալիրի ծրագրում։ Հապա պատանի դահուկորդների «Պիոներսկայա պրավդա» թերթի մրցանակի համար անցկացվող ավանդական մրցաշարը այն նույնպես ՊԱՊ համալիր է: