կռվով սեփական ճակատագիրը կռում: Սարդարապատի հերոսամարտում իրենց ռազմական հմտությամբ և քաջությամբ աչքի ընկան գեներալ Մ. Սիլիկյանը, գնդապետներ Դանիել բեկ Փիրումյանը, Պավել Փիրումյանը, Պերեկրյոստովը, Սիլինը, Դոլուխանյանը, փոխգնդապետներ Կորոլկովը, Կարո Հասանփաշայանը, կապիտաններ Կլիչը, Աթանեսյանը, Սակելյարին, Իգիթխանյանը, կոռնետ, հետագայում Սովետական Միության մարշալ Հ. Բաղրամյանը, գրող Ակսել Բակունցը, Դ. Ղուկասյանը: Անձնազոհ խիզախությամբ մարտնչեցին Թռուցիկ Հոսեփի, բուլանըղցի Մուրադի, մշեցի Պանդուխտի հեծյալ խմբերը, արևմտահայ բազմաթիվ ֆիդայիններ: Ոգեշնչող խոսքով, անձնուրաց քաջությամբ աչքի ընկավ նշանավոր հայագետ, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի երկարամյա տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, որն իր իսկ կողմից «Մահապարտների գունդ» կոչած 5-րդ քաջարի գունդը, նրա հրամանատար Պ. Փիրումյանի հետ միասին, առաջնորդեց դեպի մարտ՝ ահուսարսափի մատնելով հակառակորդին:
Ակնառու էր Սարդարապատի ճակատամարտի համաժողովրդական բնույթը: Այդ ճակատամարտը հայ ժողովրդի հաղթական գոյամարտն էր, նրա ազատագրական, հայրենասիրական պայքարի հզոր փայլատակումը: Այն միաժամանակ փակեց թուրքական հորդաների ճանապարհը դեպի Բաքվի կոմունան (որի մասին դուք կարող եք կարդալ «Բաքվի 26 կոմիսարներ» զրույցում):
Ներկայումս Հոկտեմբերյան քաղաքից 10 կմ հեռավորությամբ կառուցված է գեղեցիկ հուշահամալիր՝ ի հավերժացումն Սարդարապատի ճակատամարտի ու նրա հերոսների հիշատակի, նրանց, ովքեր ընկան, որպեսզի հարատևի ու բարգավաճի հայ ժողովուրդը:
Սարդեր
Անտառի փեշին ճյուղից ճյուղ ձգվել են մետաքսանման նուրբ թելեր: Այստեղ իր ցանցն է «լարել» մեջքին խաչաձև դասավորված պուտերով սարդը՝ խաչասարդը, ավելի ճիշտ՝ «խաչասարդուհին»: Ավելի փոքր չափի արուն մոտերքում է թաքնված, որևէ տերևի ստորին մակերևույթին: Նա սարդոստայնին չի մոտենում. մեկ էլ տեսար էգը կերավ նրան:
Սարդերի փորիկի վրա կան մանրիկ թմբիկներ՝ սարդոստայնային գորտնուկներ, որոնցից յուրաքանչյուրը մի քանի անցք ունի: Այդ անցքերից արտազատվում է այնպիսի հեղուկ, որն օդում պնդանում է ու թելի տեսք ստանում: Այդ թելերը տարբեր նպատակների են ծառայում:
Սարդերի որոշ տեսակներ իրենց ձվերի համար «բարուրներ»՝ բոժոժներ են հյուսում: Իսկ երբ փոքրիկ սարդերը դուրս են գալիս ձվից, սարդոստայնը դառնում է նրանց բույնը:
Երբեմն սարդոստայնաթելը սանդուղքի դեր է կատարում: Երբեմն էլ, երբ քամին սարդոստայնն ու նրա մեջ եղած սարդի ձագին քշում, մեկ այլ տեղ է տանում, սարդոստայնն «ինքնաթիռ» է դառնում:
Որոշ սարդեր սարդոստայնով պատում են այն անձավիկները, ուր ապրում են: Իսկ բուսածածկ ճահիճների և գետախորշերի բնակիչ արծաթափայլ սարդը ոստայնով իր համար ստորջրյա զանգանման կացարան է շինում: «Տունը» կառուցելուն զուգընթաց՝ սարդն այն լցնում է օդով, որի մանրագույն պղպջակները բերում է իր մարմինը ծածկող բարակ մազիկների վրա: Սարդն ամբողջովին ասես փաթաթված է լինում ջրում փայլող օդային «մուշտակով»: Փայլփլում է նաև նրա սարդոստայնահյուս տունը: Օդի այդ պաշարով սարդը կարող է երկար մնալ ջրի տակ:
Լինում են շատ ամուր սարդոստայնաթելեր: Հարավային Ամերիկայի բնակիչները ճյուղերից շրջանակ են պատրաստում, քողարկում տերևներով և գիշերը թողնում անտառում: Առավոտյան շրջանակին արդեն ամրացված է լինում այնքան հուսալի մի ցանց, որ նրանով հնարավոր է լինում ձուկ որսալ: Այդպիսի ցանցեր հյուսում է 10 սմ երկարությամբ հսկա մի սարդ՝ թավամազ սարդը:
Երբեմն կարող է թվալ, թե սարդոստայնը լքված է. այնտեղ ոչ ոք չկա: Իրականում սարդը թաքնված է լինում մոտիկ մի տեղ և սպասում է: Եվ երբ ցանցն ավար է ընկնում, անմիջապես իմանում է: Այդ մասին նրան հաղորդում են ազդանշանային սարդոստայնաթելի տատանումները, որ ձգվում է մինչև սարդի դարանը: