Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան համարելով իր տեսած մեծագույն մարդկանցից մեկը։ Հետագայում Սարոյանը կրկին եկավ Սովետական Հայաստան, հիացավ ու հուզվեց նրա առաջադիումությամբ, օրավուր ծաղկող քաղաքներով ու գյուղերով, մշակույթով։

Սարոյանն ստեղծել է գեղարվեստական անպիսի արժեքներ, որոնք համաշխարհային ճանաչում ունեն, թարգմանվել են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով։ Իր «Մարդկային կատակերգություն» և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վիպակներում, «Քո կյանքի ժամանակը», «Իմ սիրտը լեռներում է» պիեսներում, շուրջ երկու հազարի հասնող պատմվածքներում և շատ ու շատ ուրիշ գործերում նա նկարագրել է մարդկանց տխուր ու ողբերգական կյանքը։ Այդ ստեղծագործությունները լի են սիրով ու բարությամբ, անհուն խղճով ու կարեկցանքով հանդեպ մարդը, հանդեպ բոլոր կենդանի արարածները։ Զուր չէ, որ Սարոյանին համարում են աշխարհի ամենաբարի գրողներից մեկը։

Սարոյանը խաղաղության ու բարության մեծ ջատագով էր, և պատահական չէ, որ նրա ստեղծագործություններում այդքան շատ են մանուկ հերոսները։ Նա երեխաների մեջ տեսնում էր մարդկային լավագույն գծերը՝ անմեղություն, ազնվություն, բարություն, կարեկցանք։ Ինքն էլ իր բնավորությամբ, իր էությամբ, ամեն ինչով զարմանալու և հիանալու հատկությամբ մի մեծ մանուկ էր և միևնույն ժամանակ շատ զարգացած մարդ, աշխարհի հին ու նոր քաղաքակրթություններին քաջատեղյակ մտավորական։

Մեծ հայրենասեր էր Սարոյանը։ «Սովետական Հայաստանը - ասել է նա, - մեր արևն է, մեր քարն է, մեր ծովն է, մեր պատմությունն է, մեր անմիջականությունն է․․․»։ Հայրենիքի հայրենի ժողովրդի հետ նա կապված էր սրտի յուրաքանչյուր մասնիկով, իր բոլոր խոհերով ու երազանքներով։ Մահից մի քանի օր առաջ հասցրեց կտակել, որ իր աճյունի մի մասը թաղվի հայրենի հողում։

Մեծ գրողի ցանկությունը կատարվեց։ Նա այժմ ննջում է հայ մեծերի պանթեոնում, Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի և Ա․ Իսահակյանի, Մ․ Սարյանի, և Ա․ Խաչատրյանի կողքին։

Ու թեև չկար արդեն Վիլյամ Սարոյանը, բայց առաջինը նա արժանացավ մեր հանրապետությունում սահմանված «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» կառավարական մրցանակի դափներկրի կոչման։ Դա հայ ժողովրդի հարգանքի ու մեծարանքի տուրքն էր մեծ գրողի և հայրենասերի հիշատակին։

Սարուխանյան
Հովհաննես Սարգսի

«Կճոճվեմ կախաղնի վրա, բայց հեղափոխությանը չեմ դավաճանի։ Ինձ գնդակահարելով կամ կախաղան բարձրացնելով դուք չեք գնդակահարի հեղափոխությունը։ Հայաստանը սովետական կդառնա և աշխատավորությունը վրեժխնդիր կլինի ձեզանից։ Կեցցե՜ Սովետական Հայաստանը․ Կեցցե՜ Լենինը»։ Իր մահից քիչ առաջ այսպես է պատասխանել Հ․ Սարուխանյանը դաշնակ դահիճներին, որոնք տանջամահ արին նրան։

Հ. Սարուխանյանը Վ․ Ի․ Լենինի հավատարիմ աշակերտներից էր, աշխատավոր մարդկանց ազատագրության համար մղված պայքարի աննկուն մարտիկ։

Նա ծնվել է Նոր Բայազետ (Այժմ Կամո) քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Ավարտել է ծննդավայրի երկդասյա ուսումնարանը, 1901 թ․ Երևանի ուսուցչական սեմինարիան, այնուհետև՝