Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ էլ արշավախումբը ձմեռեց: Սեդովն ու նրա ընկերները հետազոտեցին Նոր երկիրը, կազմեցին ծովափի նոր ճշգրիտ քարտեզներ: Եկավ ամառը, բայց սառույցներն առաջվա պես աքցանի մեջ էին պահում նավը: Միայն օգոստոսին սառույցն սկսեց ջարդվել: Անհավատալի դժվարությամբ, գրեթե առանց վառելանյութի, ասես առաջ մղվելով Սեդովի անսպառ եռանդից, «Ավյատոր Ֆոկան» մի կերպ հասավ Ֆրանց Յոսիֆի երկիր և խարիսխ գցեց Խաղաղ անունը կրող ծովախորշում: Այստեղ արշավախումբն ստացավ հերթական հարվածը. ածխով բեռնված նավը տեղ չէր հասել:

Նոր, ծանր ձմեռում էր սպասում,մինչդեռ արշավախմբի մասնակիցների ուժերն արդեն սպառվում էին: Սկսվեց լնդախտը, որով հիվանդացավ նաև Սեդովը: Սակայն կամքն ու հաստատակամությունը նրան չէին լքում: Ընկերները համոզում էին մնալ նավի վրա, հետաձգել արշավը դեպի բևեռ, բայց Սեդովը չհամաձայնեց. հետաձգելը կնշանակեր ընդմիշտ հրաժարվել առաջադրած նպատակից:

...Ֆրանց Յոսիֆի երկրի կղզիները շրջապատող սառույցների միջով դժվարությամբ առաջ են շարժվում երեք շնասահնակներ: 1914 թ. փետրվարն է: Ուր որ է կավարտվի բևեռային գիշերը, բայց արևը դեռ ծածկված է բարձր լեռների ետևում: Շնասահնակներն առաջ են շարժվում դանդաղորեն՝ անընդհատ ստիպված լինելով շրջանցել անկանոն կուտակված սառցաբեկորները: Երեք շնասահնակները վարում են երկու մարդ: Մեջտեղի սահնակին, վայր չընկնելու համար,կապված է հիվանդ Սեդովը: Նա տանջալից հազում է, երբեմն կորցնում գիտակցությունը: Ուշքի գալով՝ անհանգստությամբ աչքերին է մոտեցնում կողմնացույցը. «Ուղղությունը դեպի հյուսի՜ս», — լսվում է նրա հրամանը: «Կա ուղղությունը դեպի հյուսիս», — պատասխանում են նավաստիները և բքի ու մառախուղի միջով շարժվում առաջ, դեպի հյուսիս...

Սեդովին չհաջողվեց հասնել Հյուսիսային բևեռ: Նա կյանքը զոհեց հանուն իր մեծ երազանքի:

Սեղանի թենիս

Ուղղանկյուն սեղանի շուրջը կանգնած են երկու մարզիկ՝ մեկը կապույտ, մյուսը՝ կապույտ վերնաշապիկով: Փոքրիկ ձեռնաթիակի հարվածով առաջին մարզիկը խաղի մեջ է դնում պլաստմասսայե սպիտակ գնդակը՝ ցանցի վրայով այն ուղարկելով հակառակորդի կողմը: Կարմիր վերնաշապիկով մարզիկը կարճ հարվածով ետ է մղում գրոհը, և գնդակը, հակառակորդի կիսադաշտն ընկնելով ճիշտ ցանցի մոտ, երկու անգամ անընդմեջ դիպչում է սեղանին. միավորը շահված է:

Մրցակիցներից նա, ով առաջինն է հավաքում 21 միավոր, շահում է խաղափուլը, իսկ երեք խաղափուլից երկուսը շահողը դառնում է խաղի հաղթող:

Խաղի կանոնները շատ պարզ են. երբ գնդակը սեղանից մեկ անգամ վեր է ցատկում, հարկավոր է ձեռնաթիակի հարվածով այն ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կողմը: Ընդ որում յուրաքանչյուր խաղացող ձգտում է ուժգին կամ խափուսիկ հարվածով այնպես ուղարկել գնդակը, որ հակառակորդը չկարողանա այն ընդունել կամ սխալ թույլ տա, ասենք, գնդակն այնպես ետ մղի, որ դիպչի ցանցին կամ դուրս գա դաշտի սահմաններից:

Սեղանի թենիս խաղում են երկուսով (մեկը մեկի դեմ՝ անհատական խաղ) կամ չորսով (երկուսը երկուսի դեմ՝ զուգախաղ): Զուգախաղում խաղընկերները գնդակը ետ են մղում հերթով: Մատուցման