Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սևակի երազանք էր հայկական ժողովրդական ավանդույթների թեմաներով գրել մանկական բանաստեղծություններ: Բայց վաղաժամ, ողբերգական մահն անկատար թողեց բանաստեղծի այդ երազանքը: Նա հասցրեց գրել ընդամենը տասներկու բանաստեղծություն, որոնք լույս տեսան 1971 թ. «Ձեր ծանոթները» վերնագրով: Ծանոթները հայոց լեռնաշխարհն է, կենդանիներն ու բույսերը` մանուշակն ու կաքավը, արագիլը, շունն ու գայլը, վագրն ու կատուն...

Սևակը նաև հրաշալի թարգմանություններ է կատարել ռուս, սովետական մյուս ժողովուրդների և արտասահմանյան գրականությունից: Ձեզ համար թարգմանել է իտալացի գրող Ջաննի Ռոդարիի «Բարև, երեխաներ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն: Սևակի ստեղծագործությունները թարգմանվել են մեր երկրի և աշխարհի բազմաթիվ ժողովուրդների լեզուներով:

Հայ ժողովուրդը վառ է պահում իր մեծ զավակի հիշատակը: Սովետաշեն գյուղում ստեղծվել է նրա տուն-թանգարանը, Արարատի շրջանում հիմնվել է Սևակավան բնակավայրը, Երևանում նրա անունն են կրում փողոց, դպրոց, որի որմնախորշում դրված է բանաստեղծի կիսանդրին: Ամեն տարի հունիսի 17-ին` բանաստեղծի մահվան օրը, հանրապետության քաղաքներից ու շրջաններից, եղբայրական հանրապետություններից Պարույր Սևակի ստեղծագործության բազմահազար երկրպագուներ հավաքում են նրա ծննդավայրում, բանաստեղծի շիրիմի մոտ և անցկացնում պոեզիայի տոն:

Սևանա լիճ

Մեր հանրապետություն այցի եկած ամեն մի հյուրի անպայման տանում են ցույց տալու Սևանա լիճը: Սքանչելի դիրքը, արևի շողերն անդրադարձնող ջրի կապուտակ հայելին, հնադարյան հուշարձանները, որոնց շուրջը ծփում են ալյակները, Սևանը դարձրել են հայկական բնության հրաշք զարդերից: Նրա անունը միշտ ուղեկցվում է «գեղեցկուհի», «մարգարտյա», «զմրուխտյա», իսկ ավելի հաճախ` «կապուտակ» բառերով:

Դարերի ընթացքում լիճը կոչել են տարբեր անուններով` Սևանա ծով, Գեղամա ծով, Գեղարքունյանց ծով...

Սևանա լիճը Կովկասի ամենախոշոր լիճն է, անուշահամ ջրով ամենաբարձր ու մեծ լճերից մեկն է աշխարհում: Այն գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա:

Սևանին արտակարգ հմայք են տալիս լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել կապուտակ գեղեցկուհու շուրջը: Լճի արևմուտքում` Գեղամա, հարավ-արևմուտքում` Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելյան կողմում ձգվում են Արջանոցը, Արեգունի, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: 2-3 մլն. տարի առաջ Սևանի շրջակայքի լեռնագագաթները գործող հրաբուխներ էին, շիկացած քարեր ու հրահեղուկ էին ժայթքում: Վաղուց հանդարտվել են լեռները, ու հիմա նրանց վրա օրվա տարբեր ժամերի կապտամանուշակագույն ստվերներ են սահում, որոնք, ասես, գույն են առել Սևանի վճիտ ջրերից:

Եթե օդանավով վեր բարձրանանք ու այնտեղից ցած նայենք, մեզ կթվա, թե իրար են միացել մեծ ու փոքր երկու լճերը: Այպես էլ կա. Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են ստորջրյա բնական պատնեշով՝ Շորժայի թմբով և Արտանիշի ու Նորադուզի հրվանդաններով: Նախքան լճի մակարդակի արհեստական իջեցումը, նրա երկարությունը 75 կմ էր, միջին լայնությունը՝ 19 կմ, առավելագույնը՝ 56 կմ: Սևանի միջին խորությունը 41 մ է, իսկ լճի ամենախոր մասը Փոքր Սևանում է, առաջ այդ խորությունը գրեթե 99 մ էր:

Դեպի Սևանա լիճ են հոսում 28 գետ ու գետակ՝ Ձկնագետը, Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Կարճաղբյուրը, Մասրիկը... Սևանը սնվում է նաև ստորգետնյա աղբյուրներով ու մթնոլորտային տեղումներով: Միայն մի գետ է սկիզբ առնում լճից՝ Հրազդանը, որը Սևանի ջրերով անցնում է Արարատյան դաշտի այգիներն ու բանջարանոցները:

Անհիշելի ժամանակներից լիճը հայտնի է իր հռչակավոր իշխանով. վարդագույն ու սև պուտերով արծաթափայլ այդ ձուկն ամենահամեղ ուտելիքներից է: Լճում այլ ձկներ էլ կան` կողակ, բեղլու, սիգ:

Սևանը հաճելի ու գրավիչ հանգստավայր է: Ամռան տապին, երբ հովտային շրջաններում մարդիկ շնչահեղձ են լինում, Սևանի ափին զով է, օդը՝ մաքուր ու թափանցիկ, զմրուխտե ջրերը՝ խաղաղ