Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պես սև ցախաքլորները լուսաբացին կտղուցականչում են անտառում և իրենց գորշ ընկերուհիներին, հավանաբար պակաս գեղեցիկ չեն թվում, քան էգ սիրամարգին արու սիրամարգն իր ողջ գեղեցկությամբ:

Ի դեպ, էգ սիրամարգերը գրեթե նույն քան գորշ ու աչքի չընկնող արտաքին ունեն, որքան էգ ցախաքլորները: Մինչդեռ զուր չէ, որ արու սիրամարգին կենդանություն առած ծիածան են անվանում: Կտղուցականչելիս նա հովհարաձև բացում է իր մինչև 130 սմ երկարությամբ հսկա «պոչը»: Ճիշտ է, իրականում դա բնավ էլ պոչ չէ, այլ վերնապոչ, սիրամարգի պոչը փոքր է, ընդամենը 40-45 սմ երկարությամբ: Երփներանգ «աչքերով» զարդարուն փետուրները շլացնում են, բոցկլտում է պղնձաբոսոր «օղազրահը», թրթռում է նրա գլխի «թագը»: Սիրամարգը քայլում է հպարտ, սիգաճեմ, հետն էլ դեռ պտտվում է, ինչպես հայելու առջև, թե, իբր, տեսեք, որքա~ն գեղեցիկ եմ: Սիրամարգի երփներանգ հանդերձները գույներով ներկայացնելը շատ դժվար է: Եվ դրա գաղտնիքն այն է, որ երփներանգությունն ստեղծում են ոչ թե փետուրների գույները, այլ նրանց վրա եղած շատ նուրբ մազիկները: Սիրամարգի փետուրների մանրագույն մազիկները ծածկված են է'լ ավելի մանր մազիկներով, և նրանք բոլորը միասին ստեղծում են փետրածածկի այն գեղեցկությունը, որով հռչակված է սիրամարգը:

Վաղուց ի վեր սիրամարգի շքեղ հագուստը հրապուրել է մարդկանց: Սիրամարգերն իրենց հայրենիքից` Հնդստան թերակղզուց (որտեղ գտնվում է Հնդկաստանը) և հարավային ծովերի կղզիներից արտահանում էին Եվրոպա, ինչպես նաև` Ռուսաստան, և պահում իբրև դեկորատիվ թռչուններ` «գեղեցկության համար»: Բերում էին, անշուշտ, նաև անշուք արտաքինով էգերին, թե չէ ո՛վ պետք է ձագեր հաներ: Էգ սիրամարգը 5...6 ձու է ածում և այնպիսի ջանասիրությամբ է դրանք պահպանում, որ բնից գրեթե չի հեռանում, ոչ ուտում է, ոչ խմում: Հնդկաստանում այժմ էլ են սիրամարգերին պահում իբրև կիսաընտանի թռչուններ: Սիրամարգերը սնվում են, հիմնականում, բուսական կերով, ուտում են նաև միջատներ, փափկամորթներ, մողեսներ:

Կենդանաբանական այգում մեր տեսած սիրամարգը սովորական սիրամարգ է: Կան նաև կապտաթև սիրամարգ, որի հայրենիքը Ասիան է, և աֆրիկական սիրամարգ, որը հայտնաբերվել է ընդամենը հիսուն տարի առաջ:

Վայրի սիրամարգերն ապրում են թփուտներում, անտառահատված մասերում, գետերի ափերին:

Սիրանույշ

1857-1932

Անցյալ դարի 70-ական թվականների սկիզբն էր: Կոստանդնուպոլսի հայկական թատերախմբերից մեկը ներկայացում էր տալիս: Դերակատարների մեջ էր նաև փոքրիկ մի աղջնակ, որը խաղալու էր չորս բառից կազմված իր առաջին դերը: Այդ չորս բառը նա արտասանեց այնպիսի բնորոշ արտահայտությամբ, որ թատերախմբի ղեկավարը բացականչեց. «Ահա հայության ապագա մեծ դերասանուհին»:

Այդ փոքրիկ դերասանուհին Մերոպե Գանթաճյանն էր, որ տարիներ անց դարձավ հայ թատրոնի իսկապես մեծագույն դերասանուհին՝ Սիրանույշ բեմական անունով:

Մերոպեն բեմին նվիրվելու մեծ ձգտում ուներ դեռ մանկուց: Երբ բոլորեց իր 16 տարին, ընդունվեց հայտնի թատերական գործիչ Պետրոս Մաղաքյանի գլխավորած «Արևելյան թատրոնը»: Այն ժամանակ այստեղ աշխատում էին հայ բեմի ճանաչված շատ վարպետներ, որոնց մեջ էր նաև Պ. Ադամյանը: Ահա այդ միջավայրում աճեց ու ձևավորվեց դերասանուհի Սիրանույշը, որը հետո գործեց նաև ուրիշ թատերախմբերում:

1879 թ. հայոց թատերական կոմիտեի հրավերով Պետրոս Ադամյանի և իր քրոջ՝ Աստղիկի հետ Սիրանույշը մեկնում է Թիֆլիս (Թբիլիսի), որտեղ հաջողությամբ մի շարք դերեր խաղալուց հետո վերադառնում է Կոստանդնուպոլիս:

Սիրանույշը լավ ձայն ուներ և Կոստանդուպոլսում սկսում է հանդես գալ օպերետային ներկայացումներում, հյուրախաղերի մեկնում Եգիպտոս և Հունաստան: Մեծ հաջողությամբ էր նա խաղում հատկապես Ֆաթիմեի դերը Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետում: Այնուհետև ինքն է խմբեր կազմում ու մեկնում Բուլղարիա, Ռումինիա:

1897 թ. նրան նորից հրավիրում են Կովկաս, որտեղ գործում է մերթ Բաքվի, մերթ Թիֆլիսի հայկական թատրոններում: Երբեմն էլ մեկնում է Երևանմ, Ալեքսանդրապոլ