Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(այժմ Լենինական) գավառական քաղաքներ, գյուղեր:

Ահա այս շրջանի առաջին իսկ ելույթներից արդեն հանդիսականի առջև կանգնած էր մեծ դերասանուհի, անկրկնելի արվեստագետ, անզուգական ու անփոխարինելի իր դերերով: Նրա խաղացած դերերի թիվը երեք հարյուրի է հասնում: Դրանցից շատերը ինչպես, օրինակ, Օֆելյան Շեքսպիրի «Համլետ», Մարգարիտ Գոթիեն Ալ. Դյումա-որդու «Կամելիազարդ տիկնոջ», Հովհաննան Ֆ. Շիլլերի «Օռլեանի կույսը», Մարգարիտը Գ.Սունդուկյանի «Ամուսիններ», Մեդեան Սուվորինի և Բուրենի «Մեդեա» պիեսներում, մի–մի գլուխգործոցներ էին: Նա խաղացել է նաև Համլետի դերը Շեքսպիրի համանուն ողբերգության մեջ: Նրա Համլետը մի ըմբոստ ոգի էր, հոգեկան ազնիվ նշումներ ունեցող երիտասարդ, որը հանուն արդար, ազնիվ կյանքի մարտնչում էր բռնակալության դեմ:

Սիրանույշը ողբերգական մեծ կրքեր և բախումներ պատկերող դերասանուհի էր: Բեմից ներկայացնում էր բարձրաթռիչք հոգիների բախումը նյութապաշտ իրականության հետ և նրանց կործանումը անարդար ու անհավասար հասարակության մեջ: Նրա խաղի ազդեցությունը ցնցող չափերի է հասել: Վկայություններ են պահպանվել այն մասին, որ նրա հետ բեմ ելած խաղընկերները հաճախ մոռացել են իրենց ասելիքն ու անելիքը և դերակատարից վերածվել հիացած հանդիսականի: Ավելի քան հինգ տասնամյակ Սիրանույշը ծառայեց հայրենի բեմին, իր հոգու ողջ գանձերը նվիրեց արվեստին: Լինելով չափազանց աշխատասեր՝ նա մանրակրկիտ ուսումնասիրում էր դերերը, խորանում դրանց էության մեջ: Ամեն անգամ խաղալիս իր հոգու կրակն էր դնում դերակատարման մեջ: Այդ պատճառով էլ անկեղծ էր, թարմ, ազդու և համոզիչ: Նրան համեմատել են ռուս և եվրոպական շատ հայտնի դերասանուհիների հետ, դասել նրանց շարքը:

Կյանքի վերջին տասը տարին Սիրանույշն ապրել է Կոստանդնուպոլիսում՝ հազվադեպ միայն բեմ բարձրանալով: 1932 թ․ հյուրախաղերի է հրավիրվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, որտեղ հիվանդացել է և տունդարձի ճանապարհին վախճանվել Կահիրնում: Այստեղ, հայկական ազգային գերեզմանզմանատանն էլ հանգչում մեծ դերասանուհու աճյունը: