Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչու են օրինակ թուք և ստամոքսահյութ արտադրվում նույնիսկ այն դեպքում, երբ շունը լսում է իրեն միշտ կերակրող մարդու ոտնաձայնը։ Իսկ եթե շունն ամեն օր միևնույն ժամին է կերակրվում, թուքն սկսում է արտազատվել հենց այդ ժամին, չնայած կենդանուն դեռ չեն կերակրել։ Ինչո՞ւ է այդպես ։

Հավանաբար, որոշակի պայմաններում կենդանու մեջ առաջանում են նոր ռեֆլեքսներ այնպիսի գրգռիչների նկատմամբ, որոնք կրկնվել են բազմիցս։ Նշանակում է, ճիշտ չէին այն գիտնականները, ըստ որոնց մարդիկ և կենդանիները ծնվում են արդեն պատրաստի ռեֆլեքսներով միայն։ Նշանակում է, մարդկանց և կենդանիների ամբողջ կյանքի ընթացքում առաջանում են նոր ռեֆլեքսներ, որոնք օգնում են նրանց հարմարվելու շրջապատող միջավայրի փոխարեն պայմաններին։ Պավլովն այդ ռեֆլեքսներն անվանեց պայմանական։ Հետագա իր ողջ կյանքում Պավլովն զբաղվեց պայմանական ռեֆլեքսների կամ, այլ կերպ ասած, մարդու կամ կենդանիների բարձրագույն նյարդային գործունեության ուսումնասիրությամբ։ Նա ապացուցեց, որ մարդու բոլոր գործողությունների, մտքերի, սովորությունների, զգացումունքերի և ցանկությունների հիմքում ընկած է ոչ թե ինչ–որ անմեկնելի «հոգի», այլ գլխուղեղի, հատկապես նրա բարձրագույն բաժնի՝ մեծ կիսագնդերի կեղևի աշխատանքը։

Վ. Ի. Լենինը բարձր է գնահատել Պավլովի գիտական գործունեությոունը: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո, նշելով ակադեմիկոս Ի․ Պ․ Պավլովի գիտական բացառիկ ծառայությունները, Վ․ Ի․ Լենինն անձամբ կարգադրել է նրա աշխատանքի համար ստեղծել ամենաբարենպաստ պայմանները։

1935 թ. Սովետական Միությունում տեղի ունեցած ֆիզիոլոգների միջազգային համաժողովում Պավլովը միաձայն հռչակվեց «աշխարհի ֆիզիոլոգների գլխավոր»։ Նույն թվականին, դիմելով երիտասարդությանը, Պավլովը գրել է. «Հիշեցե՛ք, որ գիտությունը մարդուց պահանջում է նրա ողջ կյանքը»։

Հենց ողջ կյանքն էլ գիտությանը նվիրեց այդ հրաշալի գիտնականը։

ՍՍՀՄ գիտությունների ակադեմիան սահմանել է Պավլովի անվան մրցանակ և ոսկե մեդալ։ Նրան աշակերտած ականավոր գիտնականներից է Լևոն Օրբելին։

Պատանի բանասերներ

Մոսկվայում, ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում ⟨ԺՏՆՑ⟩, մի մեծ ու լուսավոր շենք կա, որի դռան վերևում գրված է. «Պատանի բանասերներ»։ Ցուցահանդեսի այցելուները հաճախ հարցնում են․ «Այդ ինչպե՞ս են փոքրիկ տղաներն ու աղջիկները երկրի գլխավոր ցուցահանդեսում մի ամբողջ տաղավար զբաղեցնելու պատվին արժանացել»:

Դպրոցամերձ հողամասերում պատանի բանասերները, իսկական գիտնականների նման, բույսերի նոր սորտեր են ստանում: Վաղուց անտառահատված տեղամասում, ձորակների լանջերին, պարապուտներում նրանք նոր անտառներ են տնկում ու խնամում:

Պատանի բանասերները կանաչապատում և ծաղկապատում են քաղաքներն ու ավանները: Նրանց «կանաչ պարեկը» աչալուրջ հետևում է, որ ոչ ոք չհանդգնի ծառի ճյուղ կոտրել կամ ծաղիկ տրորել: Հապա քանի՜-քանի անտառային հրդեհներ են ճիշտ ժամանակին կանխվել միայն շնորհիվ նրա, որ թփերից ելնող ծխի առաջին քուլանները «կանաչ պարեկն» է նկատել:

Իրենց դպրոցամերձ փորձադաշտերում պատանի բանասերներն աճեցնում են ցորեն ու վարսակ, ճակնդեղ ու եգիպտացորեն, բանջարեղեն, հատապտուղներ, մրգեր և հաճախ այնպիսի բերք ստանում,