Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծառաներն էին. արածեցնում էին նրանց երամակները, ռազմերթի ժամանակ ուղեկցում տիրոջը: Սկյութական թագավորները դաժանորեն ճնշում էին աղքատների ու ստրուկների դժգոհության ամեն մի դրսևորում:

Սկյութներն ստեղծել են հետաքրքիր մշակույթ, երգեր, լեգենդներ, ավանդազրույցներ, ունեցել իրենց արվեստը: Նրբագեղ ու վայելչազարդ առարկաների կողքին նրանք կերտել են նաև քարե կուռքեր, որոնց մեծ մասը պատեկրում է ռազմիկների:

Մեր թվարկությունից առաջ 3–րդ դարի վերջին Դոնից այն կողմ ընկած շրջաններից սկյութների վրա հարձակվեցին սարմատների ավելի ռազմատենչ ցեղերը և նրանց Հարավային Ուկրաինայից քշեցին դեպի Ղրիմ: Այստեղ սկյութական թագավորությունն իր գոյությունը պահպանեց մինչև մեր թվարկության 3–րդ դարի կեսերը:

Սկյութները ձուլվեցին նրանց տեղն զբաղեցրած ժողովուրդներին: Նրանց լեզուն մոռացվեց, բայց մշակույթից որոշ բաներ փոխ առան սարմատներն ու այլ ցեղեր:

Սկոտ Ռոբերտ

(1868-1912)

1901 թ. անգլիացի բևեռախույզ Ռոբերտ Սկոտն արշավախմբով ուղևորվեց դեպի Անտարկտիդա: Սառցե այդ մայրցամաքը դեռ բնավ ուսումնասիրված չէր: Արշավախումբը չկարողացավ հարավային բևեռ հասնել, անհաղթահարելի սառցապատնեշը նրան հարկադրեց ետ դառնալ: Սակայն 1911 թ. Սկոտը նոր արշավախումբ կազմեց:

Սկոտի արշավախումբն արդեն լողում էր դեպի Անտարկտիդա, երբ հանկարծ հայտնի դարձավ, որ մեկ այլ բևեռախույզ նորվեգացի Ռոալ Ամունգսենը բոլորի համար անսպասելի նույնպես որոշել է ճանապարհվել դեպի Հարավային բևեռ: Սկոտը հույս ուներ առաջինը հասնել նպատակակետին: Նա պատրաստվում էր բևեռ տանող ողջ ճանապարհին օդերևութաբանական դիտումներ կատարել, ուսումնասիրել բնությունը, երկրաբանական հավաքածու կազմել:

Արշավախմբի ուղին դեպի բևեռ տանջալից էր ու դժվարին: Շատ շուտով շարքից դուրս եկան շարժիչավոր սահնակները, Մանջուրական ձիերը մեկը մյուսի ետևից ուժասպառ եղան ու սատկեցին: Արշավախմբի հինգ խիզախ անդամներն իրենք լծվեցին սահնակներին ու քարշ տվին մղոն առ մղոն:

Եվ ահա եկավ այն օրը, երբ նպատակակետն արդեն մոտ էր: Եվս մի անցում, և նրանք բևեռ կհասնեն: Սակայն... այդ ի՞նչն է սևին տալիս ձյան վրա: Ճանապարհորդների հայացքի առջև ծածանվում էր Նորվեգիայի դրոշը. Ամուդսենը նրանից մեկ ամսով առաջ էր ընկել ու հասել բևեռ: Ընկճված, ճնշված ճանապարհորդները, ջանալով միմյանցից թաքցնել հիասթափության դառնությունը Նորվեգիայի դրոշի կողքին ամրացրին իրենցը՝ Անգլիայի դրոշը:

Ետդարձի ճանապարհը ողբերգական էր: Սառնամանիքն ու բուքը ուժասպառ էին անում: Հերթով զոհվում էին արշավախմբի անդամները: Սպառվել էին վառելիքն ու սննդամթերքը: Բայց խիզախ մարդիկ մինչև վերջին պահը չկորցրին իրենց արիությունը: Այդ վերջին րոպեներին Սկոտը գրեց. «Մենք գիտեինք, որ մեզ վտանգ է սպառնում: Հանգամանքները մեր դեմ են, ուստի բողոքելու պատճառ չունենք...»:

Ի հիշատակ Սկոտի ու նրա ընկերների Անտարկտիդայում, Խրճիթի հրվանդանի բարձունքներից մեկի կատարին, կանգնեցված է մի խաչ: Նրա վրա գրված է անգլիացի բանաստեղծ Թենիսոնի այս տողը. «Պայքարել ու որոնել, գտնել ու չհանձնվել»: