Սովետների կարմիր աստղ
Օր ու գիշեր լուսարձակում են Կրեմլի հինգ կարմիր աստղերը: Կարմիր աստղը պսակում է սովետական պետական գերբը, մենք այն տեսնում ենք ՍՍՀՄ պետական դրոշի պաստառի վրա: Հնգաթև աստղը փայլում է զինվորի ու մարշալի գլխարկներին:
Այդ աստղով են զարդարված թե՛ հերոսների, թե՛ հոկտեմբերիկների կուրծքը, կոթողներն ու հուշարձանները, մեր ինքնաթիռների թևերն ու տիեզերանավերը:
Սովետների աստղը ծնունդ է առել 1918 թ.՝ իբրև կարմիր բանակի մարտիկների կրծքանշան: Նրա հինգ թևերը խորհրդանշում են երկրի հինգ մայր ցամաքների աշխատավորների միասնությունը: Աստղի կենտրոնում, կարմիր խորքի վրա, պատկերվում էին գութան և մուրճ:
Մուրճն ու գութանը խորհրդանշում էին քաղաքի բանվորի և գյուղի երկրագործի միությունը, որոնք դաշինք էին կնքել մինչև արյան վերջին կաթիլը թշնամուց պաշտպանելու իրենց հողն ու ազատությունը, սովետական իշխանությունն ու սոցիալիստական հայրենիքը:
Քաղաքացիական պատերազմի տարիներին կարմիր աստղը դարձավ ուղեցույց աստղ՝ լուսավորելով Մոսկվայի և Պիտերի (Պետրոգրադի, այժմ՝ Լենինգրադ) բանվորական ջոկատների, բալթիական նավաստիների, Առաջին հեծելազորային բանակի մարտիկների ճանապարհը:
Գութանն ու մուրճը կարմիրբանակայինի աստղի վրա պատկերվեցին մինչև քաղաքացիական պատերազմի վերջը:
1922 թ. բանվորների և գյուղացիների անքակտելի դաշինքի այդ խորհրդանիշը փոխարինվեց մուրճ ու մանգաղով, որոնք կարճ ժամանակ անց դարձան ՍՍՀՄ գերբի բաղկացուցիչ մասերը:
Հոկտեմբերի 20-ամյակին Մոսկվայի Կրեմլի հինգ աշտարակների վրա վառվեցին երկրի գլխավոր աստղերը, որոնք պատրաստված են ըստ ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Ֆ. Ֆ. Ֆեոդորովսկու մանրակերտի: Դրանք փոխարինեցին 1935 թ. ժամանակավորապես տեղադրված աստղերին:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կարմիր աստղերը հպարտ փայլում էին մեր տանկերի զրահին ու ինքնաթիռների թևերին: Դրանք սարսափ էին ազդում ֆաշիստական զավթիչներին: Կարմիր աստղ էին պատերին նկարում Բրեստի պաշտպանները, մահվան խցերում այն արյամբ գծում էին հերոս ընդհատակայինները: Թնդանոթների փողերին և տանկերի զրահին ձեռքով նկարված աստղերը ցույց էին տալիս զավթիչների ոչնչացված տեխնիկայի քանակը: Նայեցեք մեր հայրենիքի բարձրագույն պարգևներին՝ ՍՍՀՄ շքանշաններին և մեդալներին, դրանցից շատերի վրա դուք կտեսնեք սովետների հնգաթև կարմիր աստղը:
Սոցիալիզմ և կոմունիզմ
Սոցիալիզմը և կոմունիզմը ամենաբանական և ամենաարդարացի հասարակարգի՝ կոմունիստական հասարակարգի, երկու մեծ ժամանակաշրջաններն են կամ աստիճանները:
Այդպիսի հասարակարգ կառուցելու մասին աշխատավոր մարդիկ, առաջադեմ մտածողները երազում էին հարյուրամյակներ շարունակ: Բայց այդ երազանքը մնում էր անիրագործելի, որովհետև այն իրականացնելու պայմաններ դեռևս չկային: Չկար նաև այն ուժը, որն ընդունակ լիներ կենսագործելու այդ երազանքը:
Կոմունիստական հասարակարգի կառուցման ճիշտ ուղին գտան աշխատավորների մեծ ուսուցիչներ Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը: Անցյալ դարի կեսին, երբ շատ երկրներում սկսեց բուռն զարգանալ արդյունաբերությունը, և երևան եկավ հզոր պրոլետարիատ. նրանք սկսեցին մշակել հեղափոխական ուսմունք, այնպիսի տեսություն, որտեղ նրանք ցույց տվեցին, որ սոցիալիզմի և կոմունիզմի անցնելու համար բանվորներն ամենից առաջ իրենց ձեռքը պետք է վերցնեն իշխանությունը:
Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի ուսմունքը մի նոր, բարձրագույն աստիճանի բարձրացրեց և ստեղծագործաբար զարգացրեց Վ. Ի. Լենինը: Վլադիմիր Իլյիչը հանգեց այն եզրակացության, որ սոցիալիզմի հաղթանակը հնարավոր է մեկ առանձին վերցրած երկրում: Այդպիսի երկիր դարձավ Ռուսաստանը, որտեղ 1917 թ. ձևավորվեցին սոցիալիստական հեղափոխության հաղթանակի համար անհրաժեշտ պատմական պայմաններ և որտեղ