բարեկամությունը: Մենք միասին ենք պահպանում բնությունը և ուսումնասիրում Տիեզերքը: Մեր ինժեներները միասին մեքենաներ են ստեղծում, իսկ գիտնականները՝ կատարում հայտնագործություններ: Բանվորները փոխանակում են իրենց առաջավոր փորձը, երկրագործները՝ բարձր բերքի գաղտնիքները: Այդ բարեկամությունը մենք տեսնում ենք նաև արվեստում, սպորտում:
Սոցիալիստական երկրների ժողովուրդներն ակտիվորեն պայքարում են հանուն խաղաղության, հանուն զինաթափման: Բայց աշխարհում դեռևս կան ուժեր, որոնք ձգտում են պատերազմ սանձազերծել: Սոցիալիստական ընկերակցության երկրների ժողովուրդների խաղաղ աշխատանքի հուսալի պաշտպանն են նրանց բանակները: Վարշավայի պայմանագրի մասնակից երկրների բանակներն ունեն միացյալ հրամանատարություն, համատեղ են անցկացնում զինավարժությունները: Վարշավայի պայմանագիրը բոլոր խաղաղասեր ուժերի հուսալի վահանն է:
Սոցիալիզմի երկրների օրինակը աշխատավորներին ոգեշնչում է պայքարի ելնելու կապիտալիստների դեմ: Աշխարհի բոլոր անկյուններում մարդիկ, բոլոր նրանք, ովքեր ազատություն, անկախություն, խաղաղություն են ուզում, հանձին սոցիալիստական ընկերակցության տեսնում են իրենց հույսն ու ապավենը լավագույն ապագայի համար մղվող պայքարում:
Սոցիալիստական ընկերակցության երկրների հաջողությունները, որ ձեռք են բերվել նրանց կոմունիստական կուսակցությունների ղեկավարությամբ, համոզիչ կերպով վկայում են, որ մոլորակի գալիք օրը պատկանում է սոցիալիզմին:
Սպանդարյան Սուրեն Սպանդարի
(1882-1916)
Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Ռուսաստանում ցարական, բուրժուական կարգեր էին, այսինքն՝ իշխում էին կալվածատերերն ու կապիտալիստները, որոնք անողոքաբար ճնշում ու կեղեքում էին բանվորներին ու գյուղացիներին: Սրանք, չհանդուրժելով այդ ծանր վիճակը, մղում էին դասակարգային ուժեղ պայքար, որը կազմակերպում ու ղեկավարում էր Վ. Ի. Լենինի ստեղծած բոլշևիկյան կուսակցությունը: Նրա բազմաթիվ գործիչներ հանդես էին գալիս որպես պրոֆեսիոնալ հեղափոխականներ՝ իրենց կյանքը նվիրաբերելով աշխատավոր մարդկանց ազատագրման վեհ գործին: Դրանց շարքում էր նաև Սուրեն Սպանդարյանը՝ հայ ժողովրդի պանծալի զավակը:
Նա ծնվել է Թիլիսում (Թբիլիսիում), մտավորականի ընտանիքում: Սուրենը ուշիմ, հետաքրքրասեր ու ընթերցասեր երեխա էր: Ինչպես վկայում է հայ անվանի գրող Նար—Դոսը, նա «գրքերը կլանում էր ուղղակի մի շնչով»: Պատանի Սուրենը տեսնում էր, որ Թիֆլիսում կան մի բուռ հարուստներ, որոնք լիության ու առատության մեջ է ապրում, իսկ բանվորները ու մշակները կարոտ են օրվա հացին: Նա ատելությամբ լցվեց դեպի տիրող անարդարացի կարգերը և արդեն Թիֆլիսի արական գիմնազիայի վերջին դասարաններում համակվեց հեղափոխական գաղափարներով, իսկ 1901 թ. մտավ Ռուսաստանի սոցիալ—դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) մեջ:
Նրա համար հեղափոխական գործունեության լայն ասպարեզ բացվեց, երբ 1902 թ. ընդունվեց Մոսկվայի համալսարանը, ուր ուսմանը զուգընթաց խորապես ուսումնասիրում էր Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի, Վ. Ի. Լենինի աշխատությունները