Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախերգանքը»․ «Ղրիմի էսքիզները», ինչպես նաև «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը մեծ հռչակ բերեցին կոմպոզիտորին: Ռուս հայտնի բալետմաստեր Ֆոկինը «Երեք արմավենու» երաժշտությամբ բալետ բեմադրեց, որի առաջին ներկայացումը տեղի ունեցավ Բեռլինում:

Երկար տարիներ ապրելով Ղրիմում՝ Սպենդարյանը գրի է առել այստեղ հնչող հայկական, ինչպես նաև այլ ժողովուրդների երգերն ու պարեղանակները, որոնց հիմքի վրա էլ ծնվել են «Ղրիմի էսքիզներ» սիմֆոնիկ երկու սյուիտները: Այս ստեղծագործության մեջ զարմանալի դիպուկ է երաժշտական ամեն մի մանրամասն՝ լինի աննշան թվացող շեշտ, թե նվագակցող հնչյունի խաղ:

Սպենդարյանը բարեկամական սերտ կապեր ուներ հայ և ռուս մտավորականության նշանավոր ներկայացուցիչների հետ: Յալթայի նրա տանը հյուր էին լինում ռուս կոմպոզիտորներ Ա. Գլազունովն ու Ա. Արենսկին, գրող Մ. Գորկին և ուրիշներ: Մ. Գորկու հետ ստեղծագործական կապի արդյունք է կոմպոզիտորի «Ձկնորսն ու փերին» բալլադը, որի հիմքում ռուս մեծ գրողի համանուն երկն է:

1916 թ. Թիֆլիսում (Թբիլիսիում) Սպենդարյանը հանդիպում է Հ. Թումանյանին: Հայ մեծ գրողի ստեղծագործությանը ծանոթանալուց ծնվում է «Ալմաստ» օպերան: Ա. Տիգրանյանի «Անուշ» և Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերաների կողքին «Ալմաստը» բացառիկ կարևոր տեղ է գրավում հայկական օպերային ժանրում:

1924 թ․ Ալ․ Սպենդարյանը Ղրիմից փոխադրվում է Երևան, պատանեկան խանդավառությամբ տրվում է Սովետական Հայաստանի երաժշտական մշակույթի մեծ ու փոքր հոգսերին։ Իսկական սխրանք էր այդ ժամանակ Երևանում սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպումը նրա կողմից։ Սպենդարյանի ղեկավարությամբ նվագախումբն ունեցավ բազմաթիվ ելույթներ։ Կոմպոզիտորը հաճախ ճամփորդում էր Հայաստանի գյուղերով ու քաղաքներով, ուր լսում և ձայնագրում էր ժողովրդական երգերն ու պարեղանակները։ Հայաստանում նա ստեղծեց «Երևանյան Էտյուդներ» նշանավոր սյուիտը։ Այս ստեղծագործությամբ հայ երաժշտական մշակույթը բարձրանում էր սիմֆոնիկ մտածողության նոր աստիճանի։ Ալ․ Սպենդարյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները խորապես ազդել են հայ կոմպոզիտորական դպրոցի զարգացման վրա։ Սպենդարյանական արվեստը նպաստել է նաև մեծահռչակ կոմպոզիտոր Ա․ Խաչատրյանի ստեղծագործական գործունեությանը։

Ալ․ Սպենդարյանը Հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստ էր։ Երևանյան այն տունը, ուր կյանքի վերջին տարիներին ապրել է մեծանուն կոմպոզիտորը, դարձել է նրա տուն–թանգարանը։ Նրա անունն է կրում նաև Երևանի № 1 երաժշտական դպրոցը։

Սպիտակ գիշերներ

Այդպիսի շատ լուսավոր գիշերների մասին մեծ բանաստեղծ Ա․ Ս․ Պուշկինը գրել է․

Փայլդ անլուսին, և մտախոհ
Գիշերներիդ մութը վճիտ,
Երբ սենյակում, քեզանով գոհ,
Գրում, կարդում եմ անճրագ,
Երբ պարզ են քո մեծ ու դատարկ
Փողոցներն, ու աշտարակին
Շողում է տեգն այն ահագին։
Չթողնելով ոսկի երկնին
Հասնի խավարը գիշերվա,
Արշալույսն է վերջալույսին
Փոխարինում արագ՝ միայն
Կես ժամ տալով մութ գիշերին։

Որքան ավելի հյուսիս է ընկած վայրը, այնքան ավելի լուսավոր են գարնան ու ամռան գիշերները։ Իսկ անդրբևեռային շրջանում ամռանն սկսվում է երկա՜ր-երկար բևեռային ցերեկը։ Սպիտակ գիշերները, որոնք այդքան քնարական ու ճշգրիտ նկարագրել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը, ասես բևեռային ցերեկվա ցոլքն են։

Բայց ահա օրը կարճանում է,․ կարճանում, գալիս է ձմեռը և նրա հետ նաև կարճ մթնշաղով բևեռային գիշերը։ Այն երկար է տևում։ Արեգակը թաքնվել է հորիզոնի ետևում և երկնակամարում կհայտնվի միայն մարտ ամսին։

Դուք գիտեք, որ Երկիր մոլորակը գնդաձև է. այն հենց այդպես էլ անվանում են երկրագունդ։