Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համակարգի է վերածվում Ստանիսլավսկու ուսմունքը պիեսի վրա՝ ռեժիսորի և դերի վրա՝ դերասանի աշխատանքի մասին։ Ավելի ուշ այդ համակարգը կոչվեց Ստանիսլավսկու համակարգ (սիստեմ)։ Այդ համակարգը հավաստում է ճշմարտությունն արվեստում, արվեստագետից պահանջում ծառայել ժողովրդին, հայրենիքին։ Նրանով դրամատիկական և օպերային թատրոնի դերասանների ու ռեժիսորների ամբողջ սերունդ են դաստիարակվում և՛ մեզ մոտ՝ ՍՍՀՄ-ում, և՛ արտասահմանում։

Ստանիսլավսկին թատրոնի մասին արդի գիտության հիմքը դրեց։ Նրա ստեղծած դպրոցը, ուղղությունը նոր շրջափուլ են ռեալիստական թատրոնի զարգացման մեջ։

Պատանեկան տարիներին Ստանիսլավսկին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ Այստեղ էլ նա ծանոթացել է հայ մշակույթին, հետո էլ բարեկամական ու մտերմական կապեր հաստատել հայ շատ գործիչների հետ։ Նրա մի քանի դրամատիկական և օպերային բեմադրությունների նկարչական ձևավորողներն են եղել հայ մեծանուն նկարիչներ Վ. Սուրենյանցը և Մ. Սարյանը։ Ստանիսլավսկու աշակերտների ու հետևորդների մեջ կային նաև հայեր, որոնցից նա առանձնապես բարձր է գնահատել տաղանդավոր ռեժիսոր և դերասան Ե. Վախթանգովին, անվանել նրան «հեղափոխական արվեստի նոր սկզբունքների ստեղծող, ռուսական թատրոնի ապագա ղեկավար»։


Ստեփանյան Նելսոն Գևորգի

(1913-1944)

Երևանյան տների տափարակ կտուրներից պոկվեց և բակում հավաքված երեխաներին ցնծագին բացականչությունների ուղեկցությամբ օդ բարձրացավ փոքրիկ ինքնաթիռը։ Կտուրին կանգնած սևաչ, ամրակազմ պատանին հրճվանքով հետևում էր հերթական մոդելի թեթև, սահուն ճախրանքին և իրեն մտովի պատկերացնում իսկական ինքնաթիռով կապույտ անհունն ակոսելիս։

Գուցե, հեռավոր մանկության այս պատկերը հառեց լեգենդար օդաչու, Սովետական Միության հերոս, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի հայացքի առջև, երբ 1944 թ. դեկտեմբերի 14−ին, իր հերոսական կյանքի վերջին պահին, նա այրվող ինքնաթիռն անվարան ուղղեց դեպի թշնամու նավախումբը։

Նելսոն Ստեփանյանը ծնվել է Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Շուտով նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ և անցել է ապագա հերոսի մանկությունն ու պատանեկությունը։ Նելսոնն ուշիմ, հետաքրքրասեր ու նախաձեռնող երեխա էր։ Սովորում էր Երևանի Մ. Գորկու անվան դպրոցում։ Նա գերազանցիկ էր, ազնիվ ու բարեխիղճ, զբաղվում էր սպորտով, պաշտպանում թույլերին, սիրով օգնում ընկերներին։

Դպրոցն ավարտելուց հետո Նելսոնը որոշեց ընտրել հայրենիքի պաշտպանի պատվավոր մասնագիտությունը։ 1930 թ. գերազանց գնահատականներով ավարտեց Անդրկովկասյան ռազմանախապատրաստական դպրոցը, իսկ 1932 թ. աշնանն արդեն Բատայսկի քաղաքացիական նավատորմի օդաչուական դպրոցի կուրսանտ էր։ Սովորում էր ինքնամոռաց, հափշտակությամբ յուրացնում թռիչքային արվեստի գաղտնիքները։ Ահա և առաջին ինքնուրույն թռիչքը. նրա երազանքը կատարված էր։

Օդաչուի դպրոցը 1935 թ. գերազանց գնահատականներով ավարտած Նելսոնին թողեցին տեղում՝ աշխատելու որպես