Վախթանգով Եվգենի Բագրատի
(1883-1922)
«Ե. Բ. Վախթանգովը թատերական վիթխարի երևույթ է: Ետհեղափոխական մեր թատրոնի որոնումների մեջ բացառիկ դեր խաղաց նրա հանճարը», — այսպես է նրան բնութագրել սովետական մշակույթի ստեղծարար ու ղեկավար գործիչ Ա. Վ. Լունաչարսկին:
Եվգենի Վախթանգովը ծնվել է Հյուսիսային Կովկասի Վլադիկավկազ (այժմ` Օրջոնիկիձե) քաղաքում: Գործարանատեր հայրը երազում էր ավագ որդուն տեսնել իր արժանավոր փոխանորդը, բայց Եվգենին հրապուրված էր արվեստներով, հատկապես՝ թատրոնով: Դեռևս ծննդավայրի գիմնազիայում սովորելու տարիներին նա դառնում է քաղաքի թատերասերների եռանդուն ղեկավարը՝ ներկայացումներ է բեմադրում, խաղում, դեկորներ նկարում, երաժշտություն հարմարացնում, նույնիսկ հորինում, իր մանդոլինով միայնակ փոխարինում նվագախմբին:
Մոսկվայի համալսարանի ուսանող դառնալով՝ Վախթանգովը մխրճվում է քաղաքի թատերական կյանքի մեջ, գտնում իրեն հոգեհարազատ բեմական օջախը` Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը (ՄԳԹ), որի հիմնադիրներն ու ղեկավարներն էին Կ. Ս. Ստանիսլավսկին և Վ. Ի. Նեմիրովիչ—Դանչեկոն: Նրանց նորամուծությունները նորակազմ թատրոնը հռչակել էին Ռուսաստանում և արտասահմանում:
1909 թ., առանց համալսարանը թողնելու, Վախթանգովն ընդունում է ՄԳԹ–ի դրամատիկական դասընթացները, ժամկետից շուտ ավարտում և 1911 թ. ընդունվում ՄԳԹ՝ իբրև դերասանի և ռեժիսորի օգնական:
Ամենօրյա շփումը մոսկովյան ամենաառաջադիմական թատրոնի գործիչների հետ Վախթանգովին հնարավորություն է տալիս խորանալու դերասանական ու ռեժիսորական արվեստների գաղտնիքների մեջ, բացահայտելու այն ինքնուրույնը, որ կարող էր ավելացնել իր ուսուցիչների նվաճումներին: Թե′ Ստանիսլավսկին, թե′ Նեմիրովիչ–Դանեչկոն հանձին հայազգի երիտասարդի տեսնում էին իրենց գործի հավատարիմ շարունակողին, որը երբեք չէր գոհանում իր ձեռք բերածով, ձգտում էր կատարելագործության: Վախթանգովը մեծ ու փոքր դերերով հանդես էր գալիս ՄԳԹ–ի ներկայացումներում, բեմադրություններ էր պատրաստում սկսնակ դերասանների հետ, միաժամանակ իր ուսուցիչների ստեղծագործական սկզբունքները պրոպագանդում ուրիշ ինքնագործ թատերախմբերում, որ շատ էին բազմացել այդ տարիներին և կոչվում էին ստուդիա: Այդ միջոցով նա նաև հոգում էր իր ընտանիքի ապրուստը, քանի որ հայրը նրան զրկել էր ժառանգությունից:
1913 թ. Վախթանգովը ցուցադրում է իր անդրանիկ մեծ բեմադրությունը` Գերհարտ Հաուպտմանի «Հաշտության տոնը» պիեսը: Այդ բեմադրության մասին Մ. Գորկին ասել է. «Սա իսկական արվեստ է, բողոքի արվեստ»:
Վախթանգովը սովետական թատրոնի ստեղծողներից է, որն արվեստը լիովին ի սպաս էր դնում ժողովրդին: Նա մինչև կյանքի վերջը զուգակցեց դերասանական ասպարեզում էլ հասնելով փայլուն հաջողությունների: Նրա իրականացրած մեկ տասնյակ բեմադրություններից մի քանիսը սովետական թատրոնի դասական գործեր են: Հատկապես նշանակալից էր դրանցից վերջինի` Կ. Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտի» զարմանահրաշ, մարդկության կենսունակությունը փառաբանող բեմադրությունը, որը Վախթանգովը պատրաստում էր անբուժելի հիվանդ վիճակում: