Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1922 թ. հունվարին հիացած հանդիսականները հոտնկայս, բուռն ծափահարություններով ընդունեցին ուրախության շատրվանող այդ բեմադրությունը: Վախթանգովը ներկա չէր ներկայացմանը: Նա գամված էր անկողնուն, որից այլևս չէր վերկենալու:

Ստանիսլավսկին, որը Վախթանգովին անվանում էր իր սիրեցյալ աշակերտը և համարում իր միակ հետնորդը, այսպես գնահատեց «Արքայադուստր Տուրանդոտը». «Գեղարվեստական թատրոնի գոյության 23 տարիների ընթացքում նման հաղթանակներ քիչ են եղել: Դուք գտել եք այն, ինչ այնքան երկար փնտրել են շատ թատրոններ»: Վախթանգովի բեմադրությունները դրվատանքի արժանացրին աշխարհի մեծագույն թատերական շատ գործիչներ, երբ դրանք ներկայացվեցին նաև արտասահմանում:

Վախթանգովի դասերը, ասույթները, գրառումներն ու հոդվածներն ամփոփված են իր և աշակերտների գրքերում: Նշանակալից է «Արվեստագետից պահանջվելու է» աշխատությունը, որտեղ նա շարադրել է իր հայացքները ժողովրդին հոգևպես հարստացնող արվեստի մասին:

Կենդանության օրոք արդեն Վախթանգովի ղեկավարած ստուդիային տրված էր պետական թատրոնի իրավունքը՝ ՄԳԹ-երորդ անունով, իսկ նրա մահից հետո այն կոչվեց Վախթանգովի անվան թատրոն, որը սովետական առաջատար թատրոններից էր:

Մեծ ռեժիսորի ու դերասանի բազմաթիվ աշակերտներն ու աշակերտուհիները դարձել են սովետական բեմարվեստի հայտնի գործիչներ՝ դերասան, ռեժիսոր, թատերական մանկավարժ, թատերագետ:

Վահագն

Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի: Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերորվ: Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանի:

Այդ պատանին հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագնն էր, որին կոչում էին նաև Վիշապաքաղ մականունով:

Մարդիկ հավատում էին, թե ամպրոպի ժամանակ երկնքում ծնվում կամ երկրի խորքերից երկինք են բարձրանում սև ու ամեհի վիշապներ, կուլ են տալիս Արեգակը, խավարով պատում երկինքն ու երկիրը և փակում երկնային ջրերի ճանապարհը: Այդ ժամանակ ահա երկնային ծիրանի ծովից ծնված լուսեղեն Վահագնը վազում, հարձակվում է սև ու խավար վիշապ-հրեշների վրա, սպանում նրանց, Արեգակն ու երկնային ջրերն ազատում նրանց գերությունից: Ազատված երկնային ջրերն իբրև անձրև թափվում են երկրի վրա, իսկ անձրևից հետո երկնքում փայլում է պայծառ Արեգակը:

Վահագնի առասպելը ամպրոպի բնական երևույթի բանաստեղծական մարմնավորումն է, իսկ նրա Վիշապաքաղ մականունը ծագել է ամպրոպային վիշապներին սպանելու պատկերացումից: