Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրներում: Հայ պարտիզանները եղել են հրամանատարներ ու քաղղեկներ, շարքայիններ ու կապավորներ։

Հայրենիքը բարձր է գնահատել ժողովրդական վրիժառուների սխրագործությունները։ Թշնամու թիկունքում հիտլերյան զավթիչների դեմ մղված պայքարում ցուցաբերած քաջության և անվեհության համար պարտիզանական շարժման 248 մասնակիցներ արժանացել են Սովետական Միության հերոսի պատվավոր կոչմանը։ Հազարավոր ժողովրդական վրիժառուներ պարգևատրվել են Սովետական Միության մարտական շքանշաններով և մեդալներով, այդ թվում՝ <<Հայրենական պատերազմի պարիզանին>> մեդալով:

Պատկանյան Ռափայել Գաբրիելի

(1830-1892)

Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան գաղթավայրում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի տարածքում), ուսուցիչ Գաբրիել Պատկանյանի ընտանիքում է ծնվել Ռ․ Պատկանյանը՝ հայ նշանավոր գրողներից մեկը։ Ընտանիքը բազմանդամ էր, և, չնայած հայրն ամբողջ օրն աշխատում էր, նա միշտ ժամանակ էր գտնում զբաղվելու իր երեխաներով, նրանց պատմում էր հայկական ժողովրդական առասպելների, Վարդան Մամիկոնյանի և ուրիշ հայ քաջորդիների մասին։

1836 թ․ փոքրիկ Ռափայելը հոր հիմնած երկլեզվյան դպրոցի առաջին սաներից էր, որտեղ նրա սաներից էր Միքայել Նալբանդյանը։ 1842 թ. Ռափայելն արդեն Մոսկվայում էր և ընդունվել էր Լազարյան ճեմարանի առաջին դասարանը։

Ճեմարանում տիրող հայկական ոգին սաներին մղում էր հայրենասիրության, նրանց նախապատրաստում ազգանպաստ գործունեության։

Ավարտելով ճեմարանը՝ Պատկանյանը մեկնում է Թիֆլիս (Թբիլիսի), որտեղ տպագրում է իր անդրանիկ բանաստեղծությունները, իսկ մեկ տարի անց գնում է Դորպատ (այժմ՝ Էստոնական ՍՍՀ ի Տարտու քաղաք), սովորում տեղի համալսարանում, ապա անցնում է Մոսկվա և ընդունվում նրա համբավավոր համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Այստեղ Ռափայել Պատկանյանը երկու ուրիշ հայրենասեր ուսանողների՝ Գևորգ Քանանյանի և Մնացական Թիմուրյանի հետ կազմակերպեց Գամառ-Քաթիպա գրական ընկերությունը, որի նպատակն էր լուսավորություն տարածել հայ ժողովրդի մեջ (հետագայում Գամառ-Քաթիպա անվանումը դարձավ Պատկանյանի կեղծանունը)։ Պետերբուրգում (այժմ՝ Լենինգրադ), ուր տեղափոխվել էր Ռ․ Պատկանյանն ու սովորում էր տեղի համալսարանի արևելագիտական ֆակուլտետում, ընկերությունն սկսեց հրատարակել Գամառ-Քաթիպայի տետրակներ կոչվող արձակ և չափածո ստեղծագործությունների ժողովածուները։ Այստեղ տպագրվեցին Պատկանյանի <<Արաքսի արտասուքը>>, <<Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը>> սքանչելի գործերը:

Երկու տարվա ընթացքում Պատկանյանը մասնավոր դասերից ստացած իր չնչին եկամուտով լույս ընծայեց Գամառ-Քաթիպայի տետրակների հինգ պրակները, հայրենասիրական բանաստեղծությունների <<Ազգային երգարան հայոց>> ժողովածուն, <<Նոր այբբենարան հայկական>> դասագիրքը, մանուկների համար թարգմանեց <<Ռոբինզոն Կրուզո>> արկածային հայտնի վեպը։

Ավարտելով Պետերբուրգի համալսարանը՝ Պատկանյանը վերադարձավ ծննդավայր և ստեղծագործական եռանդուն գործունեության հետ միասին մինչև կյանքի վերջը զբաղվեց ուսուցչությամբ։ Նա հայկական դպրոցներում ավանդում էր մայրենի լեզու և գրականություն, ռուսաց լեզու, աշխարագրություն, թվաբանություն,