Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստեղծվեցին ընդհատակյա կուսակցական կոմիտեներ, որոնք կազմակերպում և ղեկավարում էին պարտիզանական ջոկատները: Պարտիզանները կամուրջներ էին պայթեցնում, այրում ֆաշիստական պահեստները, սպանում մատնիչներին ու դավաճաններին, խորտակում թշնամու զինվորներով, թնդանոթներով ու տանկերով բեռնավորված գնացքները, մեր զորքերին օգնում ջարդելու ատելի թշնամուն:

1943 թ. ամռանը մեր բանակը հիտլերականների դեմ մեծ ճակատամարտ էր մղում Կուրսկի աղեղում: Սովետական ռազմիկներին օգնելու նպատակով պարտիզանները «ռելսային պատերազմ» սկսեցին: Նրանք պայթեցնում էին երկաթգծերը՝ ֆաշիստներին խանգարելով օգնական ուժեր հասցնելու: Այդ ժամանակ պարտիզանները խորտակեցին 440 գնացք: Իսկ ամբողջ պատերազմի ընթացքում նրանք շարքից հանեցին ավելի քան 1 մլն. ֆաշիստական զինվոր, ոչնչացրին 4 հզ. տանկ ու զրահամեքենա, 2 հզ. հրանոթ, մոտ 800 ինքնաթիռ:

Սովետական ողջ երկրով մեկ հայտնի են պարտիզանական ջոկատների կոմունիստ հրամանատարներ Սիդոր Կովպակի, Ալեքսեյ Ֆեոդորովի, Սերգեյ Ռուդնևի, Պյոտր Վերշիգորայի, Դմիտրի Մեդվեդևի, Կոնստանտին Ջասլոնովի և ուրիշների անունները:

Ժողովրդական վրիժառուների շարքում էին «Երիտասարդ գվարդիայի» հերոսները. Զոյա Կոսմոդեմլանսկայան և Լիզա Չայկինան, պարտիզանական խիզախ հետախույզ Նիկոլայ Կուզնեցովը, լիտվական ժողովրդի պանծալի դուստր Մարիա Մելնիկաչտեն, պատանի պարտիզան Սաշա Չեկալին և պսկովցի ութսունամյա գյուղացի Մատվեյ Կուզմինը, որը ֆաշիստական ջոկատը տարավ դեպի անանցանելի ճահիճը:

Թշնամու թիկունքում ծավալված պարտիզանական պատերազմում սովետական բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հետ կողք կողքի մարտնչել են նաև հայ ժողովրդի զավակները: Արևմտյան Ուկրաինայում իր քաջագործություններով աչքի է ընկել «Հաղթանակ» հայկական պարտիզանական ջոկատը, որը հետագայում միացել է Կովպակի անվան ուկրաինական պարտիզանական դիվիզիային: 1943 թվականին Ուկրաինայում կազմավորված Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատը մարտնչել է Ուկրաինական հեծյալ պարտիզանական միավորման կազմում, մասնակցել Կիևի ազատագրմանը: Բազմաթիվ սխրանքներ են գործել մի շարք ուրիշ հայկական պարտիզանական ջոկատներ, քաջաբար կռվել Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Մերձբալթիկայում, ինչպես նաև ֆաշիստական Գերմանիայի օկուպացրած եվրոպական