Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ավելի շատ են ժամանակակից կառույցները, զբոսայգիները, այգիներն ու պուրակները: Գործում են համալսարան, ինստիտուտներ, գիտությունների ակադեմիա: Կառուցված է մետրո: Թբիլիսիի գործարանները թողարկում են հաստոցներ, էլեկտրաքարշեր, բազմապիսի սարքեր:

Հետաքրքիր ու ինքնատիպ են Վրաստանի մյուս քաղաքները: Օրինակ, Ռուսթավին մետալուրգների երիտասարդ քաղաք է, Սուխումը, Բորժոմը, Ծղալտուբոն համամիութենական հրաշալի առողջարաններ են: Բաթում ծովային խոշոր նավահանգստի մերձակայքում կա բուսաբանական հիասքանչ այգի:

Մինչև հեղափոխությունը, Վրաստանի բնակչության կեսն անգրագետ էր: Այժմ անգրագիտությունը վերացվել է: Բարձրագույն ուսումնական հաստատությունները պատրաստում են ժողովրդական տնտեսության մասնագետներ, գիտաշխատողներ:

Գիտահետազոտական ինստիտուտներում մշակվում են գիտական կարևորագույն պրոբլեմներ: Վրաց գիտնականներն ու կոնստրուկտորները ստեղծում են նոր մեքենաներ: Օրինակ, նրանց ստեղծած աշխարհում առաջին «Սաքարթվելո» թեյահավաք մեքենան փոխարինում է այդ գործով զբաղվող մի քանի տասնյակ մարդկանց:

Վրաց կինեմատոգրաֆիստները նկարահանում են հիանալի կինոնկարներ, որոնք մրցանակներ են շահում միջազգային կինոփառատոններում: Ողջ աշխարհում հայտնի է վրացական ժողովրդական պարի անսամբլը:

Այսպես է ապրում ու աշխատում տաղանդավոր վրաց ժողովուրդը, որի համար Մեծ հոկտեմբերը բացեց դեպի երջանկություն տանող ուղին:

Ապրելով կողք կողքի՝ վրաց և հայ ժողովուրդները կապվել են դարավոր բարեկամությամբ: Դեռ շատ հնուց Վրաստանի տարածքում եղել են հայկական մի շարք բնակավայրեր, որոնց թիվն ավելի ևս մեծացել է հետագա դարերում: Վրաստանում հաստատված հայերը լիիրավ քաղաքացիներ էին, ակտիվորեն մասնակցում էին բոլոր կարևոր իրադարձություններին, երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային առաջընթացին: Նրանք այստեղ ստեղծել են հարուստ մշակույթ, կառուցել ճարտարապետական հրաշալի կոթողներ: Լուսավորական ու մշակութային աշխույժ կենտրոն էր մայրաքաղաք Թբիլիսին (Թիֆլիսը), որտեղ բացվել էին հայկական թատրոններ, բազմաթիվ դպրոցներ, այդ թվում՝ նշանավոր Ներսիսյան դպրոցը, հրատարակվում էին հայերեն զանազան թերթեր ու հանդեսներ: Թիֆլիսում ստեղծագործել են շատ հայ գրողներ, արվեստագետներ, կոմպոզիտորներ, մշակութային գործիչներ: Այժմ էլ Վրաստանում կան հայաշատ բազմաթիվ բնակավայրեր, որտեղ, ինչպես և Թբիլիսիում, գործում են հայկական դպրոցներ: Թբիլիսիում գործում են նաև հայկական դրամատիկական թատրոնը, Վրաստանի սովետական գրողների միության հայկական բաժանմունքը: Վրաստանի հայերը վրաց եղբայր ժողովրդի հետ կառուցում են խաղաղ ու լուսավոր ապագա: