Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետրոս ցարը և՛ ինքն էր սովորում, և՛ սովորել հարկադրում իր հպատակներին: Երիտասարդ շատ բոյարներ և ազնվականներ չէին ցանկանում փոխել իրենց սովորույթներն ու նստել աշակերտական նստարանին: Բայց ցարն անդրդվելի էր: Մեկը մյուսի ետևից ռուս մարդիկ արտասահման էին մեկնում կրթվելու: Իսկ երբ վերադառնում էին, ցարը հաճախ ինքն էր նրանցից քննություն ընդունում: Եվ վա~յ նրան, ով, հայրենիքից հեռու, սովորելու փոխարեն պարապ-սարապ թրև գար կամ պարահանդեսներ վազվզեր:

Պետրոս Աոաջինի օրոք ժողովուրդը հեշտ չէր ապրում: Հազարավոր գյուղացիներ, որոնց քշում-բերում էին նոր քաղաքներ կառուցելու, մեռնում էին քաղցից ու հիվանդություններից, վերակացուների մտրակների հարվածներից: Տասնյակ հազարավոր գյուղացիներ ցմահ զորակոչվել էին բանակ, ուր ամենափոքր զանցանքի համար նրանց դաժանորեն ծեծում էին: Պատերազմի և բարեփոխությունների համար շատ դրամ էր պետք, որը նույնպես աշխատավոր ժողովրդից էին գանձում: Այլ կերպ չէր էլ կարող լինել. չէ որ Պետրոս Առաջինն ամենից առաջ ազնվականների և կալվածատերերի ցարն էր:

Եվ այնուամենայնիվ, Պետրոս Առաջինի օրոք Ռուսաստանը մեծ առաջընթաց ապրեց: Կառուցվեցին բազմաթիվ մանուֆակտուրաներ, որոնք ժամանակի արդյունաբերական ձեռնարկություններն էին: Ստեղծվեցին դպրոցներ, ուսումնարաններ, գիտությունների ակադեմիա: Երևան եկան առաջին թերթերը, հիմնվեց առաջին մշտական թատրոնը: Ստեղծվեց ռազմական հզոր նավատորմ: Բանակի գլուխ անցան կրթված և բանիմաց գեներալներ ու սպաներ: Հաղթանակով ավարտվեց պատերազմը Շվեդիայի դեմ, Ռուսաստանը ետ վերադարձրեց Բալթիկայի ծովափնյա հողերը: Այժմ երկիրը ելք ուներ դեպի ծով և կարող էր ազատ առևտուր անել ուրիշ պետությունների հետ: Ետ նվաճված ծովափին կառուցվեց նոր մայրաքաղաք՝ Պետերբուրգը:

Այժմ հպարտորեն Լենինգրադ անունը կրող այդ քաղաքին մեծ ապագա էր վիճակված:

Պետրոս Առաջինի օրոք ուժեղացան հայերի քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հայ ազգային-ազատագրական շարժման մեջ վերջնականապես ձևավորվեց ռուսական կողմնորոշումը, այսինքն՝ օտարների լծից Հայաստանի ազատագրության հույսը կապվեց Ռուսաստանի հետ: 1701 թ. Իսրայել Օրին Պետրոս Առաջինին ներկայացրեց հայրենիքի ազատագրության իր ծրագիրը, նրանից օգնության խոստում ստացավ, որը սակայն, պատմական որոշ հանգամանքների բերումով, չիրականացավ: Պետրոս Առաջինը խրախուսել և հովանավորել է հայ առևտրականների գործունեությունը Ռուսաստանում, մի շարք արտոնություններ տվել նրանց: Նա հրովարտակ է հրապարակել հայ ժողովրդին իր հովանավորության տակ վերցնելու մասին:

Պերեդվիժնիկներ

Ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցավ ռուսական արվեստի համար շատ կարևոր մի իրադարձություն: Մինչ այդ բոլոր ռուս նկարիչներն ու քանդակագործները լիակատար կախման մեջ էին Գեղարվեստի կայսերական ակադեմիայից, որը ղեկավարում էին ցարական գերդաստանի անդամները: Նրանց համար ընդունվում